«Ե՛վ Թուրքիան, և՛ Ռուսաստանը հասել են այն կարմիր գծին, որից հետո սկսվում է ուղիղ առճակատումը»

Մեր զրուցակիցն է Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը

– Պարոն Կալաչով, ՌԴ Կոմունիստական կուսակցության խմբակցության 2 պատգամավորները Պետդումայում առաջարկել են չեղարկել Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը: Նախաձեռնությանն աջակցել է նաև «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցությունը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս նախաձեռնությունը:

– Սա առանձին պատգամավորների PR ակցիա է և, կարծում եմ՝ լուրջ հետևանքներ այս առաջարկությունը չի ունենա: Այս առաջարկի աղմկահարույց ազդեցությունը նախատեսված է ներռուսական լսարանի, ինչպես նաև՝ Թուրքիայի և Հայաստանի հասարակությունների համար: Հասկանալի է, որ ներկայումս Պետդումայում ստացվում են շատ տարբեր նախաձեռնություններ առանձին քննարկումների վերաբերյալ՝ կապված օրվա հրամայականի հետ: Դա պայմանավորված է ինչպես՝ ընթացիկ քաղաքական իրադրությամբ, այնպես էլ՝ առաջիկայում սպասվող ընտրություններով: Տվյալ դեպքում ինչ-որ մեկն ուզում է ներկայանալ՝ որպես ավելի մեծ հայրենասեր: Ես կարող եմ ասել, որ նմանատիպ հայտարարությունները նույնքան իմաստավորված են, որքան Ստամբուլը ռմբահարելու կոչերը:

– Տեսականորեն՝ եթե նման որոշում ընդունվի, դա ի՞նչ իրավաբանական ուժ կունենա:

– Ես կարծում եմ՝ նման որոշում հաստատապես չի ընդունվի, դրա համար իմաստ չեմ տեսնում քննարկելու, թե ինչ հետևանքներ կունենա: Եթե խոսքը գնում է Արարատի և ներկայումս Թուրքիայի մաս հանդիսացող պատմական հայկական տարածքների հանդեպ հայերի կարոտախտի մասին, ապա դժվար թե տեսանելի հեռանկարում հայ-թուրքական սահմանի փոփոխությունն ակտուալ կարող է լինել: Այսինքն, ես, իհարկե, հասկանում եմ, որ կա պատմական անարդարության զգացողություն հայ հասարակության շրջանում, սակայն այսօր դժվար թե որևէ բան կարելի է ուղղել:

– Ընդհանրապես ռուս-թուրքական հարաբերությունների էսկալացիան ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, հնարավո՞ր են ռազմական գործողություններ, և այդ դեպքում որտե՞ղ կհայտնվի Հայաստանը՝ հաշվի առնելով, որ այստեղ գտնվում է ռուսական ռազմաբազան:

– Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, և այդ պատճառով ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր իր պատասխանատվության շրջանակներում չի գնա այդ քայլին, անգամ, եթե տեղի ունենա հերթական պրովոկացիան, անգամ ամենասարսափելի երազում հնարավոր չէ պատկերացնել, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ կսկսի մի պետության հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է:

Առավել ևս, որ ՆԱՏՕ-ի երկրները ցուցադրել են իրենց անհանգստությունը իրադրության հետ կապված, և նրանց աջակցությունը Թուրքիային անթաքույց է: Հասկանալի է, որ գնում է նյարդերի պատերազմ, խաղադրույքները բարձրանում են: Երկու կողմերից էլ կան կոշտ հայտարարություններ, մի կողմից՝ Էրդողանի մամուլի խոսնակի հայտարարությունը, որ Ռուսաստանը լուրջ պետություն չէ, մյուս կողմից՝ առանձին ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները, բայց պատմության մասին պետք է դատել ռեալ գործողություններով:

– Սակայն ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է ռազմաբազաներն ավիացիայի կողմից պրակտիկ ռմբահարումների նախապատրաստելու անհրաժեշտության մասին: Սա ի՞նչ է նշանակում:

– Ցանկացած դեպքում հասկանալի է, որ վիճահարույց հարցեր կան ոչ միայն՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այլև վիճահարույց հարցեր կան Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև, և այլն: Դա նշանակում է, որ բոլորովին հեշտ չէ ռազմական գործողություններ սկսելը: Հասկանալի է, որ ներկայումս յուրաքանչյուր երկիր փնտրում է մյուսի թույլ տեղերը: Թուրքիայի թույլ տեղը քրդական հարցն է, և ռուսական կողմը ցուցադրաբար սիրախաղ է սկսել քրդերի հետ, թուրքերն էլ անսպասելի աջակցություն են ստանում Ղազախստանից:

ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի անդամների կողմից Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը տարբեր է, այսինքն՝ հայերը, ռուսները, բելառուսները կամ ղազախները լիովին տարբեր դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ: Ինձ թվում է՝ ոչ մի իմաստ չկա շարունակել լարել ռուս-թուրքական հարաբերությունները, հասկանալի և ակնհայտ է, որ մենք կարող ենք հայտարարություններ անել քրդերի օգտին, Թուրքիան կարող է հայտարարություններ անել Ադրբեջանի օգտին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, և այլն, այդ ամենը կարող է գնահատվել՝ որպես սառը պատերազմ, բայց ուղիղ ռազմական հակամարտություն չի լինի և չի լինի սահմանների վերանայում:

Սա հստակ է ու ակնհայտ: Այդ պատճառով բոլշևիկների ստորագրած ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի չեղարկումն այսօր ՌԴ արտգործնախարարության և ՌԴ քաղաքական ղեկավարության կողմից լրջորեն քննարկվել չի կարող, բայց տեղավորվում է նյարդերի պատերազմի շրջանակներում: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր կողմը ձգտում է, այսպես թե այնպես, առիթը բաց չթողնել նոր զենք գտնելու, նյարդերի վրա խաղալու, մկանները ցուցադրելու համար: Հարաբերությունների կարգավորումը դեռ շուտ չի լինի, բայց իրադրության ավելի լարում ես նույնպես չեմ սպասում:

– Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել, որ ռուս-թուրքական ճգնաժամը խնդիր է դարձել նաև Ղազախստանի համար, ինչպես նաև՝ ԵՏՄ-ի: Ըստ Ձեզ՝ դա ինչպե՞ս կազդի ԵՏՄ-ի վրա, և ի՞նչ եք կանխատեսում՝ ե՞րբ և ինչպե՞ս կավարտվի այս էսկալացիան:

– Իհարկե, կա բանավոր համերաշխություն, այս իրադրության հանդեպ վերաբերմունքը տարբեր է Մոսկվայում և Ղազախստանում: Պարզ է, որ Ղազախստանը ոչ մի ցանկություն չունի որևէ կերպ փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ երկրներն ունեն յուրահատուկ կապեր: Օրինակ՝ ՌԴ դաշնակիցները, ինչպիսին է Աբխազիան, որ կախված են ՌԴ-ից, ընդառաջ են գնում Մոսկվային և խզում են հարաբերությունները որևէ երկրի հետ: Իսկ Ղազախստանն ունի մանևրելու հնարավորություն: Այն, որ Եվրամիության շրջանակներում կա մոտեցումների միասնություն այս կամ այն հարցի վերաբերյալ, պետք է դիրքորոշումների նմանատիպ միասնություն լինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Բայց թուրքական խնդիրը ԵՏՄ ապագայի համար ամենագլխավորը չէ:

Ռուսաստանի և Ղազախստանի միջև տարաձայնություններ վաղուց կային, և դա էլ որոշիչ գործոն է Թուրքիայի հանդեպ հետագայում արմատական քայլերի համար: Կարծում եմ՝ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը հասել են այն կարմիր գծին, որից հետո սկսվում է ուղիղ առճակատումը: Բայց ներկայիս իրադրությունում ուղիղ առճակատում ոչ մի կողմին էլ հարկավոր չէ: Այլ հարց է, որ Ռուսաստանը մի քիչ այլ դիրքորոշում էր սպասում իր դաշնակիցների կողմից և, հավանաբար, որոշ զարգացումներ ռուսական ղեկավարության համար անսպասելի էին, օրինակ՝ թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման փաստին Բելառուսի և Ղազախստանի արձագանքը, ՌԴ ղեկավարների պատկերացմամբ, հավանաբար, պետք է այլ լիներ:

Սակայն, ի վերջո, դա ինքնիշխան պետությունների իրավունքն է: Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք դեմ են, որ ՌԴ-ն վերջնականորեն փչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ, և որոնք այս խնդիրներում ճկունության բացակայությունը համարում են հիմարություն և կարծում են, որ Սիրիայի նախագահ Ասադի ճակատագիրը չպետք է խոչընդոտի տարիներ շարունակ կառուցվող հարաբերություններին: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների փչացումից տառապում են երկու կողմերի ժողովուրդները, չնայած ռուսները շարունակում են այցելությունները Թուրքիա:

Հայաստանի դեպքում պետք է իրատես լինել ու, չնայած պատմական վիրավորանքին Թուրքիայի հանդեպ, այսօրվա դրությամբ ավելի լավ է, որ պահպանվի ստատուս-քվոն: Յուրաքանչյուր կտրուկ գործողություն կունենա հակազդեցություն: Օրինակ՝ պայմանականորեն ասած, Հայաստանին հարկավո՞ր է, որ Թուրքիան օգնի Ադրբեջանին Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման գործում: Կարծում եմ՝ սա ոչ մեկին պետք չէ, քանի որ իրականում գործելու է դոմինոյի էֆեկտը, ու մի սխալ շարժումից ամեն ինչ կքանդվի: Սա սկսում է ավարտվել խոսքերից՝ փառք Աստծուն:

Տեսանյութեր

Լրահոս