Բաժիններ՝

Պարզվել է թիվ 11/03 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ինտերնետային կայքում հրապարակվել են լուսանկարներ և ահազանգ առ այն, որ թիվ 11/03 ընտրատեղամասում «Լուսանկարում պատկերված ընտրողը երկու անգամ տարբեր հագուստներով քվեարկել է»:

Նշված առերևույթ խախտման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը), որով նախաքննությունն իրականացվել է Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը, ով հանդիսանում է նշված ընտրատարածքի բնակիչ Մ.Ավդալյանը։

Նախնական քննության տվյալներով՝ Մ.Ավդալյանը, ընդգրկված լինելով թիվ 11/03 ընտրատարածքի ընտրողների ցուցակների մեջ, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի առավոտյան գնացել է ընտրատեղամաս և իր նույնականացման քարտով մասնակցել ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քվեարկությանը մասնակցելուց հետո նա նորից գնացել է ընտրատեղամաս և ընտրացուցակներում ընդգրկված իր ընկերոջ տվյալները հայտնելով՝ ներկայացրել է անձնագիրը, ստացել քվեաթերթիկ և քվեարկել այլ անձի փոխարեն։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ.Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս