«Վրաստանի ու Ռուսաստանի համար Հայաստանը տարածաշրջանում առավել վստահելի գործընկեր է». վրացագետ

«Վրաստանի ներկայիս իշխանություններն ավելի պատրաստակամ են Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հարցում։ Նաև տարածաշրջանային զարգացումները նոր հնարավորություններ կարող են բացել. Խոսքն Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ հավելելով, որ նոր շրջափուլում Վրաստանն ու Հայաստանը պետք է նոր ձևաչափով համագործակցեն։

Վրացագետը հիշեցրեց, որ վերջին տասնամյակում Վրաստանում ուժեղացել էր թուրք-ադրբեջանական գործոնը, իսկ հայկական գործոնը, կարծես, ետ էր մղվել: Նա նկատեց՝ Սահակաշվիլին վարում էր պրոթուրքական, պրոադրբեջանական քաղաքականություն, և ակնհայտ էր հակահայկականությունն այդ ժամանակ:

Ա. Էրոյանցի խոսքով՝ հետագայում հնարավորություն ենք ունենալու ավելի հայամետ քաղաքականություն տեսնել Վրաստանում: Բայց նա չմոռացավ նշել այն հանգամանքները, որոնք Վրաստանը չի կարող հաշվի չառնել, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ բարձր մակարդակի համագործակցությունը և այն, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է.

«Այդուհանդերձ, զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, որ տեսանելի ապագայում հնարավոր է՝ իրավիճակն ի նպաստ Հայաստանի փոխվի: Եվ եթե այս ամենին հավելենք նաև Իրանի ներգրավվածությունը մեր տարածաշրջանում ավելի լայն ֆորմատով, իհարկե, արդեն նախանշվում են Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցության տարբեր ձևաչափեր, և կարծում եմ՝ եռակողմ համագործակցության արդյունքում՝ մեծապես կշահի նաև տարածաշրջանի անվտանգությունը: Իսկ Հայաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մեծ շահ կարող ենք ակնկալել»:

Կարդացեք նաև

Վրացագետը նաև վրաց-ռուսական հարաբերությունների բարելավում է նկատում, ինչը նրա խոսքով՝ ևս դրական ազդեցություն կունենա Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա. «Վրաստանի ու Ռուսաստանի համար Հայաստանը տարածաշրջանում առավել վստահելի գործընկեր է, և հետագայում այդպես էլ կլինի: Վրաստանի իշխանությունները փորձում են բալանսավորման քաղաքականություն վարել: Արևմուտքն էլ շահագրգռված է, որպեսզի վրաց-ռուսական հարաբերությունները բարելավվեն, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան մեր տարածաշրջանում, ու բնական է՝ ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Վրաստանի համար ցանկալի չէ, որպեսզի այդ հակամարտությունները տեղափոխվեն վրացական դաշտ: Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայն իր վերջին հարցազրույցում կարծես ակնարկում է Վրաստանին, որ իրենց համար պետք է ոչ այդքան կարևոր լինի այդ գործողությունների պլանի ձեռքբերումը ՆԱՏՕ-ի կողմից, այլ նրանք փորձեն ավելի շատ տեխնիկական մեխանիզմները բարելավել, և իրավական ոլորտի այն բարեփոխումներն իրականացնեն, որոնք տեղավորվում են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության շրջանակներում: Նա ակնարկել է նաև, որ տեսանելի ապագայում, թերևս, դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ն ընդունի Վրաստանին՝ որպես անդամ՝ նշելով հենց Ռուսաստանի գործոնը»:

 

Տեսանյութեր

Լրահոս