Բաժիններ՝

«Արտերկրում սովորելով՝ հնարավորություն ես ունենում գիտելիքներդ փորձարկել աշխարհահռչակ պրոֆեսորների ու փորձագետների օգնությամբ»

Շարունակելով գտնել աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ ուսանողներին, տեսնել, թե ինչպե՞ս են մեկնել այնտեղ, ինչպե՞ս են ապրում ու սովորում (տես նաև այստեղ.), այսօր ներկայացնում ենք Բիրմինգհեմի համալսարանի միջազգային իրավունքի բաժնի ուսանողուհի Վարդուհի Ավանեսյանին: Ծնունդով Ղարաբաղից Վարդուհին «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրով է մեկնել սովորելու: Նրա հետ զրուցել էինք նաև մեկնելուց առաջ, երբ նշել էր, որ շատ կարևոր նպատակով է գնում սովորելու:

12650515_840457592731170_451808507_n

«Շատ եմ ուզում ընդլայնել գիտելիքներս միջազգային իրավունքի ասպարեզում, որպեսզի կարողանամ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում իմ ներդրումն ունենալ: Ցանկանում եմ ընդլայնել գիտելիքներս ոչ միայն միջազգային իրավունքի, այլև միջազգային բիզնես իրավունքի բնագավառում, դրա համար ընտրեցի Բիրմինգհեմի համալսարանը և որոշեցի դիմել «Չիվնինգ» ծրագրին»,- ասել էր նա՝ հավելելով, որ Բիրմինգհեմի համալսարանը մշակում է ծրագիր, որը հնարավորություն է տալիս կոնֆլիկտաբանության ու միջազգային իրավունքի բնագավառում ձեռք բերել ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ:

12665708_840457586064504_1831308681_n

Կարդացեք նաև

Որոշեցինք պարզել, թե հիմա ինչպիսին է Վարդուհու առօրյան, հագեցա՞ծ է ուսանողական կյանքը, ինչպե՞ս են կազմակերպվում դասերը: Նրա խոսքով՝ ուսանողական կյանքի հագեցածությունը կախված է կոնկրետ ուսանողից ու ցանկությունից.

«Այստեղ դասերն այդքան էլ ինտենսիվ չեն լինում, ինչքան որ դասերից հետո տրված առաջադրանքները, հատկապես տարբեր գիտական հոդվածներ ու գրքեր կարդալն ու վերլուծելը հաջորդ սեմինարի համար: Այսինքն՝ դու ես որոշում, կախված մոդուլների ընտրությունից, թե ուզում ես դասեր ունենալ ամեն օր երկո՞ւ ժամով, թե՞ մի օրում՝ շաբաթվա չափաբաժինը: Իրավագիտության դպրոցում մագիստրատուրայի դասավանդման հիմնական մեթոդը սեմինարներն են ու քննարկումները, լեկցիաներ գրեթե չունենք, տալիս են թեման ու գրականությունը, դու գնում, պարապում, գալիս ես, ուղղակի սեմինարին դրանք քննարկելու համար»:

12650216_840457609397835_114878158_n

Վարդուհին նշեց, որ համալսարանին կից կան տարբեր հասարակական խմբակներ ու, կախված նախասիրություններից՝ կարող ես ընտրել քոնը.

«Բացի այդ, նաև, քանի որ ապրում ենք միջազգային միջավայրում, կարող ես ինքդ նախաձեռնել միջոցառում կամ մեկ օր տևողությամբ էքսկուրսիաներ՝ տարբեր քաղաքներ, դրանով իսկ ծանոթանալով բրիտանական մշակույթին ու պատմությանը»:

Մեր հարցին՝ ի՞նչ է տալիս ուսանողին իր երկրից դուրս սովորելը, մասնագիտական առումով ի՞նչ են ստանում, որ այստեղ չկա, ու երբ վերադառնա՝ կձգտի, որ լինի, նա պատասխանեց.

12647935_840457589397837_344757725_n

«Միջազգային միջավայրում ապրելը քեզ տալիս է փորձ, որը քո երկրում միշտ չէ, որ կարող ես ստանալ, դառնում ես ավելի հանդուրժող ու ավելի բաց նոր ընկերների համար, և ավելի պատրաստակամ՝ հաղթահարելու միջմշակութային խոչընդոտները ու սովորել նորը, ինչպես նաև՝ ներկայացնել քոնը: Արտերկրում սովորելով, առաջին հերթին, գիտելիքներ ես ձեռք բերում ու հնարավորություն ունենում՝ դրանք փորձարկել աշխարհահռչակ պրոֆեսորների ու փորձագետների օգնությամբ:

Զարգացնում ես անգլերենդ, քանի որ դասավանդման լեզուն անգլերենն է, ձեռք ես բերում քո ոլորտի, և ոչ միայն, մասնագետների ու ապագա մասնագետների հսկայական հասարակական ցանց, որոնք, վստահ եմ, ապագայում ու ներկայում կօգնեն: Իսկ վերադառնալուս հետ կապված դեռևս մեծ պլաններ չեմ կազմում, քանի որ աշխատանքի շուկան օրեցօր փոխվում է, իհարկե, ունեմ ծրագրեր, նաև հասարակական ոլորտում, բայց նախընտրում եմ դեռևս չներկայացնել, մինչև որ չսկսկեմ իրականացնել դրանք»:

12399310_840457606064502_15038179_n

Իսկ հարցին՝ ուսման ընթացքում զգո՞ւմ է, որ իր երկրում չէ, թե՞ ուսումնական պրոցեսում դա որևէ կերպ չի արտահայտվում, Վարդուհին պատասխանեց.

«Իհարկե, զգում ես, որ Հայաստանում չես, քանի որ միջավայրը, մշակույթը, լեզուն, կրթական պրոցեսը, ամեն ինչ տարբեր է, բայց չի նշանակում, որ վատ է»:
Վերջում հետաքրքրվեցինք, թե Բիրմինգհեմի համալսարանում այլ հայ ուսանողնե՞ր էլ կան, Վարդուհին նշեց, որ հայ ուսանողի այնտեղ չի հանդիպել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս