Microsoft-ին ի՞նչ արեցին՝ մենք դա հաստատ չենք անի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նախօրեին մի ուշագրավ հայտարարությունն էր արել՝ մենաշնորհների նկատմամբ ՀՀ կառավարության վերաբերմունքի մասին։ Թեպետ ավելի ճիշտ կլինի ասել՝ վերաբերմունքի բացակայության մասին։

«Մոնոպոլիաների դեմ պայքար կառավարությունը չի տարել ու չի տանելու»,- ասել էր նախարարը՝ ավելացնելով, որ օրենսդրությունն ուղղված է մոնոպոլ դիրքերի չարաշահմանը, այլ ոչ թե՝ մոնոպոլիաների գոյությանը։

Ասել է թե՝ մոնոպոլիան՝ որպես այդպիսին, բացասական երևույթ չէ, և ընկերության դեմ չի կարելի պայքարել միայն այն բանի համար, որ այն մոնոպոլ դիրք է զբաղեցրել։ Կարևորը՝ այդ դիրքը չչարաշահի։ «Կաշվի գործարանը, եթե սկսեց ամբոջ ծավալով արտադրել, ապա այն կփակի ողջ շուկան կամ դրա մոտ 98%-ը։ Իմ ասածը դրան է վերաբերում։ Ունեինք «Նաիրիտ» և Վանաձորի քիմպրոմ, որոնք յուրահատուկ ապրանքներ էին արտադրում ոչ միայն՝ Հայաստանի, այլև՝ ողջ ԽՍՀՄ-ի համար։ Մենք դրանք կարո՞ղ ենք արգելել։ Ո՛չ։ Խոսքը վերաբերում է ավելի շատ որևէ ոլորտում արհեստականորեն առաջացած մոնոպոլիաներին»,- ասել էր նա։

Իհարկե, Կ. Ճշմարիտյանի ասածի տրամաբանությունը պարզ է։ Ավելին՝ այդ տրամաբանությունն ամրագրված է նաև Սահմանադրությամբ, որը ոչ թե արգելում է մենաշնորհը, այլ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունը։ Այսինքն, եթե Կ.Ճշմարիտյանի նշած կաշվի գործարանը բավարարի ամբողջ պահանջարկը, դա նորմալ է։ Սակայն, եթե սկսեց իր դիրքը չարաշահելով՝ ուռճացված գներ սահմանել և գերշահույթներ ստանալ, ապա այդտեղ պետությունը պետք է միջամտի և համապատասխան քայլեր ձեռնարկի։

Նման բաներով զբաղվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը մերթընդմերթ տուգանում է խոշոր տնտեսվարողներին շրջառանության որոշակի տոկոսի չափով՝ գերիշխող դիրքը չարաշահելու համար։
Այս առումով Կ.Ճշմարիտյանի հետ կարելի է բանավիճել, քանի որ, չնայած տուգանքներին՝ այդ սուբյեկտները պահպանում են մոնոպոլ կամ օլիգոպոլ դիրքերն ու շարունակում չարաշահել։ Այսինքն՝ ավելի ձեռնտու է վճարել տուգանքը ու խախտում անել։

Ավելին, եթե Կ.Ճշմարիտյանի տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա տնտեսական նպատակահարմարությունից ելնելով՝ գրեթե բոլոր ոլորտներում պետք է մոնոպոլիաներ լինեն։ Մասշտաբի էֆեկտով պայմանավորված՝ մոնոպոլիստի ծախսերն ավելի քիչ կլինեն, հետևաբար՝ գինը՝ ավելի ցածր։ Սակայն ոչ ոք ապահովագրված չէ նրանից, որ մոնոպոլիստը փորձելու է գերշահույթ ստանալ։ Ու պետության համար դա դառնում է լրջագույն գլխացավանք՝ պարբերաբար մանրազնին ստուգել բոլորին։

Ինչպե՞ս մեկընդմիշտ լուծել այս խնդիրը։
Հիմա հասանք ամենահետաքրքիր մասին։

Կ.Ճշմարիտյանի կուսակիցը` բնապահպանության նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, 2 ամիս առաջ մեզ համոզում էր, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա պայքարել հենց մոնոպոլիաների դեմ՝ կանխել դրանց առաջացումը կամ մասնատել։ Ուշադրություն դարձրեք՝ պայքարել ոչ թե՝ մոնոպոլ դիրքի չարաշահման դեմ, այլ՝ հենց մոնոպոլիայի։

Վ. Այվազյանը հղում էր անում նոր Սահմանադրության 59-րդ հոդվածին, որի երկրորդ կետն ասում է. «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով»։ Ոչինչ, որ այդ կետը նաև Սահմանադրության նախկին տարբերակի մեջ կար։ Կարևորը՝ Վարդան Այվազյանը վստահ էր ու լավատես, որ այդ կետի օգնությամբ մրցակցային միջավայրը բարելավելու ենք։

«Մինչև այժմ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստանում ձևավորվել են մենաշնորհներ։ Պատճառները տարբեր են՝ տնտեսական բլոկադա, շուկայի փոքրություն, պետական աջակցություն, ֆինանսական լծակներ, դեմպինգ, գերիշխող դիրքի չարաշահում և այլն։ Գործող Սահմանադրությամբ և օրենսդրությամբ հնարավոր չէ արդյունավետ պայքարել մենաշնորհների դեմ, քանի որ օրենսդրությամբ դրանք հստակ արգելված չեն, և դժվար է ապացուցել, թե երբ է տեղի ունենում գերիշխող դիրքի չարաշահում», – հայտարարում էր Վարդան Այվազյանը (հետաքրքրվողները կարող են անգամ դիտել տեսանյութն այս հղումով)։

Ինչպես մեկ անգամ արդեն գրել ենք, ըստ Վ. Այվազյանի՝ նախկին Սահմանադրությունն ու օրենքներն արգելում էին միայն գերիշխող դիրքի չարաշահումը, իսկ նոր Սահմանադրության այս դրույթը թույլ կտա հստակ սահմանել՝ բիզնեսներից որը կարելի է համարել մենաշնորհային, որը՝ ոչ։ Իսկ հետո որոշել՝ թույլատրե՞լ այդ մենաշնորհը (հանուն հանրային շահի), թե՞ ոչ։

Մենք այն ժամանակ հարց ուղղեցինք պրն Այվազյանին՝ ենթադրենք, ընդունվում են չափորոշիչներ, սահմանվում են մենաշնորհի հնարավոր թույլատրելի տեսակներն ու, օրինակ, շաքարավազն այդ ցանկի մեջ չի մտնում։ Այսինքն՝ որոշում է ընդունվում, որ շաքարավազի շուկայում մենաշնորհային վիճակը հանրության շահերից չի բխում։ Այդ դեպքում ի՞նչ եք անելու Սամվել Ալեքսանյանի շաքարավազի բիզնեսի հետ։

«ԱՄՆ-ում ի՞նչ են անում՝ Microsoft-ին ի՞նչ արեցին»,- հարցին հարցով պատասխանեց Վարդան Այվազյանը։ Այսինքն, հնարավոր է, որ շաքարավազի մատակարարմամբ զբաղվող ընկերությունը հարկադրաբար տրոհվի՞։ Վ. Այվազյանը դրական պատասխան տվեց։
Իսկ հիմա կրկին կարդացեք Կարեն Ճշմարիտյանի խոսքերը։ Դրանցից բխում է, որ, ինչպես իր նշած կաշվի օրինակի դեպքում՝ ո՛չ շաքարի, ո՛չ էլ շաքարաքլորի բիզնեսը չի արգելվելու՝ մենաշնորհ լինելու պատճառով։

Ո՞վ է ճիշտ, ու ինչպե՞ս է պետությունը վարվելու մոնոպոլիստների հետ։ Այս հարցին պատասխանելու համար մի էպիզոդ հիշեցնենք ոչ վաղ անցյալից։ ԱԺ-ում պատգամավորներից մեկը Վարդան Այվազյանին հարց ուղղեց՝ ինչո՞ւ Ռուսաստանը Ղրղըզստանի պարտքը ներեց, իսկ Հայաստանինը՝ ոչ։ Պրն Այվազյանը հարցին հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ է կորեացի վանականն իր հեռուստացույցը դնում պահարանի գլխին»։ Ու հետո պարզաբանեց՝ իր հեռուստացույցն է, որտեղ կուզի՝ կդնի։
Ճիշտ նույն կերպ էլ՝ մենաշնորհի հետ կապված՝ ինչ կուզեն՝ կանեն։

Ե՛վ Կարեն Ճշմարիտյանն է հանրապետական, և՛ Վարդան Այվազյանը, և շաքարի մենաշնորհատեր Սամվել Ալեքսանյանն ու մնացած մոնոպոլիստների մեծ մասը։
Իսկ դա նշանակում է, որ նման պայմաններում շաքարի կամ կաշվի մոնոպոլիստներ կունենանք, իսկ Microsoft-ի նման լուրջ ֆիրմաներ՝ դժվար թե։

Տեսանյութեր

Լրահոս