«Մեկ ամիս էլ կպահեն ու բաց կթողնեն». Գուրգեն Եղիազարյանը՝ Գառնիկ Մարգարյանի ձերբակալության մասին

ԱԱԾ նախկին պետք Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, թե «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի վերաբերյալ լրջագույն մի բան կա նախաքննության ձեռքին: Հիշեցնենք, որ վերջինս կալանավորվել է՝ մեղադրվելով ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ:

168.am-ի հետ զրույցում ՝ խոսելով Գառնիկ Մարգարյանի ձերբակալության մասին, նա նշեց, որ վերջինս, նախ և առաջ, այն մարդը չէ, որն իրենից այդքան երիտասարդ մեկի հետ, այն էլ՝ «առաջնորդի» հետ, ինչ-որ դավեր նյութեր իր հայրենիքի հանդեպ: Նրա կարծիքով՝ Գառնիկ Մարգարյանն իրենց պետք էր` որպես գնդապետ՝ այս ամենն ավելի հուժկու, ավելի մասշտաբային դարձնելու համար.

«Որպեսզի ասեն՝ խնդրեմ, պաշտպանության նախկին փոխնախարար (Վահան Շիրխանյան), Ոստիկանության գնդապետ, վարչության պետ, տեսեք՝ ինչ մարդկանցով է համալրված եղել հանցավոր խումբը: Երբ խոսում են հանցավոր խմբրի մասին, ու չկան նման դեմքեր, ուրեմն այդ ժամանակ քաղաքացու մոտ կասկած է առաջանում՝ արդյո՞ք այս երիտասարդները 11 ինքնաձիգով, երկու տասնյակ նռնակով պետք է հերթական «Հոկտեմբերի 27» իրականացնեն, ինչպես որակում են: Այս ամենին ավելի ցցուն դիրքեր տալու համար գնդապետներ են հարկավոր, նախկին պաշտոնյաներ»:

Նա նշեց, որ քրեական գործով միգուցե հանդիպել են այդ անձի հետ ու զրուցել, որը հետագայում նրա կողմից վերածվել է ցուցմունքի, ինչի արդյունքում՝ նախաքննությունը ձերբակալել է Գառնիկ Մարգարյանին:

Կարդացեք նաև

Ըստ մեր զրուցակցի՝ այս գործը կմտնի դատարան, մի քանի հոգի կդատվեն՝ զենքի և ինչ-որ չար միտումների համար, ու սրանով ամեն-ինչ կավարտվի: Եղիազարյանի համոզմամբ՝ Գառնիկ Մարգարյանին պահելու հիմքեր  արդեն  չունեն. «Մեկ ամիս էլ կպահեն ու բաց կթողնեն»:

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ են ուզում ցույց տալ հանրությանը՝ վախեցնելո՞ւ, թե՞ ինչ-որ հարցերից շեղելու խնդիր ունեն իշխանությունները, ԱԱԾ նախկին պետը պատասխանեց.

«Ոչ թե հանրությանը վախեցնելու խնդիրն էր, այլ՝ ավելի շատ ցույց տալ սեփական հզորագույն աշխատանքները, օպերատիվ հետախուզական միջոցառումներն այդ ուղղությունների վրա, թե տեսեք՝ ամբողջ աշխարհը խոսում է ահաբեկչությունից, մի սեփական ահաբեկչական խումբ էլ մենք ունենանք, անհարմար է, խոսում են ԴԱԻՇ-ի, տարբեր խմբերի մասին, ու հանկարծ մենք զերծ ենք մնում դրանից, և ահա, խնդրեմ, 71-ամյա հոգևոր առաջնորդն է այդ «ահաբեկչական խմբի» մեջ և 21-ամյա աղջնակն է: Եթե մենք անվտանգություն ունենայինք, երբեք այդ մարդիկ նույն տեղում պետք է չլինեին, որովհետև անվտանգությունը, որը կոչված է երկրի դիրքերը պահպանելու, 21 տարեկան աղջկանից մինչև 71 տարեկան հոգևորը, երբ մասնակցում են նույն թիմի մեջ, դա խոսում է այն մասին, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք մեր երկրի ներսում, և անվտանգությունն այն հատվածը չէ,  որ դրա մասին պետք է բարձրաձայնի:

Անվտանգությունը պետք է մտածի երկրի անվտանգության խնդիրների մասին: Երբ նա ի ցույց է դնում, որ հակապետական արարքի մեջ է մեղադրում 21 տարեկան անփորձ աղջնակին և 71-ամյա ծերունուն, ուրեմն երկրում մի բան այն չէ, որ այս 21 տարեկանից մինչև 71 տարեկանը ոտքի են կանգնել, ինչը պետք է անվտանգությունը չաներ: Նրանք կարող էին այդ հոգևորին զգուշացնել ու ընդհանրապես նրա անունը չտալ, եթե պետության մասին մտածում էին: Էն աղջնակին էլ պետք է ցույց չտային: Երկրի հարցերից չշեղեցին դրանով, ուղղակի շատ տարբեր բաներ դրեցին հասարակության առջև, որոնք մինչև այդ մարդիկ չէին մտածել, հենց այն, որ զենք են վերցնում 21 տարեկան աղջիկը ու 71 տարեկան ծերունին»:

Տեսանյութեր

Լրահոս