«ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը թերի են՝ առանց Ղարաբաղի մասնակցության». եվրոպացի փորձագետ

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պատրաստ լինեն զիջումների»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր Նիկոլյա Հայոսը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների արդյունավետությանը և այս ձևաչափի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների դժգոհություններին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից, «որն իր գործունեության ամբողջ ընթացքում որևէ առաջընթացի չի հասել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»:

«Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԽ ԽՎ-ում հայտարարություն էին տարածել՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակին առնչվող զեկույցների քննարկման կապակցությամբ, Բաքուն դիտարկում է՝ որպես ճնշում այլ երկրների նկատմամբ»,- հայտարարել է նախարարը: Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացրել է համանախագահող երկրների արտգործնախարարություններին իր դժգոհության մասին:

«Ես նամակներ եմ ուղարկել Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի արտգործնախարարներին և նրանց ներկայացրել Բաքվի դիրքորոշումը: Ադրբեջանն ինքնիշխան իրավունք ունի ցանկացած հարց բարձրացնելու միջազգային հարթակներում, և որեւէ մեկն իրավունք չունի միջամտելու երկրի ինքնիշխան գործերին»,- հայտարարել է Մամեդյարովը:

Փորձագետը մեզ հետ զրույցում նշեց, որ բանակցային գործընթացը, չնայած ԵԱՀԿ ՄԽ ջանքերի, հանդիպումների կազմակերպմանը, հայտնվել է փակուղում մի շարք պատճառներով: Ըստ նրա` դրանցից ամենաառաջինը տարածաշրջանային զարգացումներն են, որոնք ի նպաստ ԼՂ հակամարտության կարգավորման չեն ընթանում, այլ հակառակը` իրավիճակն Ադրբեջանի ներկայիս իշխանություններին թույլ է տալիս ենթադրել, թե կարելի է ներկայիս իրողություններն օգտագործել բանակցային սեղանին և Հայաստանի հետ երկխոսության մեջ լուրջ դիվիդենտներ ստանալու, ինչո՞ւ ոչ` կարգավորման գործընթացում զիջումների մղելու համար:

Փորձագետը համոզված է, որ Ադրբեջանի ներկայիս ռեժիմը քաղաքական երկխոսության ընթացքում բեկումնային արդյունքներ արձանագրելուն պատրաստ չէ: Սա էլ, ըստ նրա, բանակցային գործընթացի փակուղայնության երկրորդ պատճառն է: Երրորդը, նրա խոսքով, այն է, որ ԼՂ-ն դուրս է մղված գործընթացից, ինչն անթույլատրելի է, քանի որ բանակցային գործընթացը թերի է դարձնում, որի հետևանքով ողջ գործընթացն է մատնվում անհաջողության: «Չնայած ադրբեջանական կողմի պնդումների, այնուամենայնիվ ՄԽ-ն պետք է շարունակի իր աշխատանքը, քանի որ հույս կա, որ որոշակի փուլում փակուղին կվերածվի բեկումի խաղաղ բանակցությունների միջոցով:

Չնայած ռազմատենչ հռետորաբանությանը, ամեն դեպքում, կողմերը լայնածավալ պատերազմի պատրաստ չեն, սակայն տարբեր նպատակներ և կարգավորման տարբեր սցենարներ են հետապնդում: Ադրբեջանը ցանկանում է ստատուս-քվոյի փոփոխություն, իսկ Հայաստանը` ոչ, այդ պատճառով էլ Ադրբեջանը դեմ է ՄԽ ներկայիս աշխատանքներին, քանի որ դրանց հետևանքով ԼՂ հակամարտությունում ըստ էության ոչինչ չի փոխվում»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը: Վերջինիս համոզմամբ, բանակցային սեղանին նոր առաջարկներ և մոտեցումներ անհրաժեշտ չեն, քանի որ այս երկու տասնամյակների ընթացքում կողմերը ստացել են բազում առաջարկներ, կարգավորման սցենարներ, որոնք ըստ էության այսօր պահպանվում են ՄԽ օրակարգում, և մնում է միայն իրական բանակցություններ վարել դրանց շուրջ՝ պատրաստ լինելով զիջումների:

Սակայն, նրա համոզմամբ, այսօր առաջին հերթին՝ անհրաժեշտ է աշխատել շփման գծում առկա լարումը թուլացնելու ուղղությամբ, որովհետև այդ պայմաններում հանդիպումների ընթացքում լուրջ հարցեր չեն կարող քննարկվել, բացի իրավիճակայինից: «Իմ կարծիքով` առաջիկայում պետք է ԼՂ-ին ներգրավելու և, ինչպես համանախագահներն են պնդում, վերահսկողական մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ մտածել, ինչն իրական բանակցությունների համար առողջ մթնոլորտ կստեղծի»,- ասաց Նիկոլյա Հայոսը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս