Բաժիններ՝

Կես միլիարդ դոլարով պակաս

Ուղիղ 500 մլն դոլար։ 2015 թվականին ահա այսքանով պակասել են ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով ՀՀ ուղարկվող գումարները (կամ պարզապես տրանսֆերտները)՝ նախորդ տարվա համեմատ։

Կենտրոնական բանկն արդեն հրապարակել է 2015թ. հունվար-դեկտեմբեր ամսվա տվյալները, որոնց համաձայն՝ 2015 թվականին տրանսֆերտների տեսքով Հայաստան է մտել 1 մլրդ 623.6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ 2014 թվականին այդ ցուցանիշը 2 մլրդ 123,6 մլն դոլարի չափ էր։

Ընդ որում, նվազումը կարող էր ավելի մեծ լինել։ Բանն այն է, որ ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտները նվազել են 553 մլն դոլարով և կազմել շուրջ 1 մլրդ դոլար։ Մինչդեռ մնացած երկրներից տրանսֆերտները 53 միլիոն դոլարով աճել են և որոշ չափով փոխհատուցել այս նվազումը։

Չնայած այս անկմանը՝ Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերի հիմնական աղբյուրը. տրանսֆերտների 61.7%-ը եկել է այս երկրից։ ԱՄՆ-ը երկրորդ խոշոր աղբյուրն է, որին բաժին է ընկնում Հայաստան փոխանցվող գումարների 23.5%-ը (շուրջ 177.8 մլն դոլար)։ Փողի մնացած մասը գալիս է այլ երկրներից։

Նշենք նաև, որ 2015 թվականի դեկտեմբերին՝ 2014 թվականի նույն ամսվա համեմատ, դրամական փոխանցումների ներհոսքը մի փոքր աճել է՝ 162.7 մլն դոլարից հասնելով 168 մլն դոլարի։ Սակայն այս դեպքում նույնպես Ռուսաստանի վիճակագրությունը հակառակն է ապացուցում։ 2015թ. դեկտեմբերին ՌԴ-ից Հայաստան է ուղարկվել 88.3 մլն դոլար, ինչը 18 մլն դոլարով պակաս է 2014-ի դեկտեմբերի ցուցանիշից։

tr-01

tr-02

Հայաստան ուղարկված տրանսֆերտների մակարդակն ավելի ցածր եղել է միայն ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ՝ 2009 թվականին (1 մլրդ 575 մլն դոլար)։
Նույն ժամանակահատվածում ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջով արտերկիր են ուղարկել 756.8 մլն դոլար՝ նախորդ տարվա 902.8 մլն դոլարի դիմաց։ Ինչպես տեսնում եք, Հայաստանից դրամական միջոցների արտահոսքը նվազել է շուրջ 146 մլն դոլարով։ Սակայն այս դեպքում էլ մի ուշագրավ կետ կա. դեպի Ռուսաստան ուղարկվող գումարներն ավելացել են 29.7 մլն դոլարով և կազմել 282.5 մլն դոլար։

Ի մի բերելով այս ամենը՝ ավելի շատ ես սկսում հավատալ, որ այսպես շարունակվելու դեպքում կարող է սկսվել միգրանտների հակառակ հոսք՝ Ռուսաստանից Հայաստան։ Դրսում աշխատող մեր հայրենակիցները նախորդ տարի թե՛ ֆիզիկական ծավալով ավելի քիչ փող են ուղարկել, թե՛ ռուբլիով նրանց ուղարկածն արժեզրկվել է։ Իսկ Հայաստանից Ռուսաստան տրանսֆերտների աճը կարող է վկայել այն մասին, որ արդեն տեղի հայրենակիցներն են որոշ դեպքերում գումարով օգնում ծանր կացության մեջ հայտնված իրենց բարեկամներին։

Տրանսֆերտների՝ 500 մլն դոլարով նվազումը լուրջ հարված է Հայաստանի տնտեսության համար։ Որպեսզի առավել պարզ լինի, թե այդ նվազումը մեր տնտեսության համար ինչ մեծ նշանակություն ունի, նշենք, որ դա 2016 թվականի պետական բյուջեի մոտավորապես մեկ քառորդն է։ Սա նաև բացատրում է, թե ինչու է ՀՀ ներքին առևտրաշրջանառության ծավալը 2015 թվականին 8%-ով կրճատվել, այն դեպքում, երբ տնտեսական ակտիվությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել է 3.1%-ով։

Տրանսֆերտների վիճակագրությունը 2015 թվականի արտաքին տնտեսական հարաբերությունների միակ բացասական կետը չէ (հատկապես ՀՀ-Եվրասիական տնտեսական միություն հարաբերությունների առումով)։ Տարվա ամփոփ տվյալները ցույց են տալիս, որ 2015-ին արտահանումը Հայաստանից դեպի ԵՏՄ երկրներ նվազել է 27.1%-ով և կազմել 236.2 մլն դոլար (2014-ին՝ 324.1 մլն դոլար)։ Ընդ որում, արտահանումը նվազել է ԵՏՄ անդամ բոլոր երկրների գծով. Ռուսաստան՝ -26.7%, Ղազախստան՝ -30.4%, Բելառուս՝ -38.9%: ԵՏՄ երկրներից ներմուծումը նույն ժամանակահատվածում նվազել է 14.9%-ով և կազմել 982.1 մլն դոլար։

Ներդրումների մասով տարեկան ամփոփ ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, սակայն հիշեցնենք, որ 2015թ. հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ պատկերը նույնպես ոգևորող չէր։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը 2015-ին թեպետ աճել էր 16.7%-ով և կազմել 125.1 մլրդ դրամ, Ռուսաստանի դեպքում գրանցվել էր 70.4%-անոց անկում (2014 թվականի 48.7 մլրդ դրամի փոխարեն՝ 2015-ին՝ ընդամենը 14.4 մլրդ դրամ)։ Իսկ ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ ներդրումային շրջանառությունն այնքան փոքր էր, որ անգամ իմաստ չկար դրան անդրադառնալու։

Ահա այս երեք ուղղությունները՝ դրամական փոխանցումներ, առևտուր, ներդրումներ, այն հիմնական ազդակներն են, որոնք կարող են լավ կամ վատ ձևով ազդել Հայաստանի տնտեսության վրա։ 2015-ին դրանք ազդել են բացասաբար։ Ցավոք, 2016-ին նույնպես լավատեսության հիմքեր չկան։ Համաշխարհային բանկի ամենաթարմ կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականին Ռուսաստանում կգրանցվի 0.7% տնտեսական անկում, Բելառուսում՝ 0.5% տնտեսական անկում, իսկ Ղազախստանում՝ թույլ՝ 1.1%-անոց աճ։

Ընդ որում, այս զեկույցի հրապարակման պահին Իրանի նկատմամբ պատժամիջոցները դեռ չէին հանվել, և նավթի գներն ավելի բարձր էին։ Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, այս կանխատեսումը կվերանայվի, և անկումն այդ երկրներում ավելի խորը կլինի։

Թե ինչպես կազդի դա Հայաստանի տնտեսության վրա՝ արդեն պարզ է։ Սակայն, թե այդ ազդեցությունը որքան խորը կլինի, դժվար է ասել։ Ամեն դեպքում, հիշեցնենք, որ նույն Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Ռուսաստանի տնտեսական աճի յուրաքանչյուր 1 տոկոսային կետով նվազումը Հայաստանի ՀՆԱ-ի աճը նվազեցնում է 0.6 տոկոսային կետով։ ՌԴ տնտեսությունից կախվածության և շոկերի նկատմամբ խոցելիությունը ցույց տվող այս ցուցանիշով մեզնից վատ վիճակում միայն Ուկրաինան է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս