Բաժիններ՝

«Ես փորձում եմ կրքերը հանդարտեցնել, սակայն դերասաններն անդրդվելի են իրենց որոշման մեջ». Վարդան Գրիգորյան

Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը խախտում է երկար լռությունը
ՀՀ Մշակույթի նախարարությունում հունվարի 29-ին հրավիրված գեղարվեստական խորհրդի նիստը, որը վարում էր թատերագետ Արա Խզմալյանը ու որն ի սկզբանե նախատեսված էր համակողմանի ելքեր առաջարկելու Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում ստեղծված բարոյահոգեբանական անհաղթահարելի մթնոլորտի բարելավմանը, տևել է ավելի քան 5 ժամ։

Թե վերջնական ի՞նչ որոշում է կայացվել վերոհիշյալ գեղարվեստական խորհրդի նիստում, և թե ինչո՞ւ էր այսքան երկար լռում վիճաբանող կողմերից մեկը՝ Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը, պարզեցինք իր հետ զրույցի ընթացքում։ Հայտնի է, որ գեղարվեստական խորհրդի նիստում հրավիրվածները, քաջ գիտակցելով իրավիճակի լրջությունը, թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանին առաջարկել են փոխհամաձայնության մի քանի ելքեր ու տարբերակներ, որոնց, սակայն, վերջինս կատեգորիկ դեմ է եղել։ Հարկավ, վերջինիս առաջարկել են աշխատել ոչ թե՝ թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնում, այլ՝ պարզապես լինել այնտեղ ռեժիսոր, հնարավորություն տալով նրան իրականացնելու արդեն իսկ եղած գաղափարները, սակայն Արմեն Մելիքսեթյանի ամբիցիաներն ավելին են պահանջում։ Նույնիսկ այն դեպքում, երբ ողջ կոլեկտիվը՝ սկսած դերասանական-ադմինիստրատիվ խմբից, ցանկություն չունեն նրան տեսնել այդ թատրոնի ներսում, իսկ համագործակցության որևէ եզրեր, ինչպես պարզվեց թատրոնի տնօրենի հետ զրույցից հետո, կարծես չկան։

Ի դեպ, մեզ հասած տեղեկության համաձայն՝ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գեղարվեստական խորհրդի նիստի քննարկումներին միացել է վերջում՝ հասցնելով նկատել, որ Արմեն Մելիքսեթյանը ոչ միայն արդեն հոգնեցրել է իր առաջացրած խնդիրներով, այլ, որ մամուլի միջոցով վերջինիս կողմից իրեն ուղղված բաց նամակը պարզապես չմտածված քայլ էր:

– Մեր նախկին հրապարակումներում տեղ գտան ինչպես՝ Կամերային երաժշտական թատրոնի հիմնական դերասանական կազմի դերասանների բողոքները՝ ուղղված գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանին, այնպես էլ՝ մենք հանդիպում ունեցանք թատրոնի կազմից դուրս մնացած, դեկտեմբերին լուծարված դերասանական կազմի ներկայացուցիչների հետ, ովքեր ևս իրենց մտահոգությունները հնչեցրեցին ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Պարոն Գրիգորյան, Դուք երկար ժամանակ լուռ էիք, բայց հիմա խնդրում ենք մեկնաբանել և պատասխանել մի շարք մեղադրանքների, որոնք ամիջական առնչություն ունեն Ձեր կողմից իրականացված քայլերի հետ։ Արդյո՞ք օրինական կարգով են 10-ից ավելի դերասաններ դուրս մնացել աշխատանքից։

Կարդացեք նաև

– Նախ՝ հաստիք, որպես այդպիսին, նրանք չունեին, թատրոնում դեռևս անցյալ տարվա սկզբներից 4-5 թափուր դերասանական հաստիքներ կային, և որոշվեց դրանք օրինական ճանապարհով, այն է՝ մրցութային կարգով, համալրել։ Ստեղծվեց հանձնաժողով, ներկայացվեցին 25-ից ավելի հայտեր։ Պարոն Մելիքսեթյանը նշանակվեց հանձնաժողովի նախագահ, ով, սակայն, 4 տեղի համար առաջարկեց 10 թեկնածու (1 թափուր տեղի համար ֆիզ. արձակուրդ մեկնած դերասանուհին անակնկալ վերադարձավ)։

– Դա օրենքի սահմաններո՞ւմ է եղել՝ 4 թափուր տեղի համար առաջարկել 10 թեկնածու։

– Ո՛չ իհարկե։ Մենք ընդառաջ գնացինք Ա. Մելիքսեթյանի այն պարզ հիմնավորմանը, որ նա նախաձեռնում է սկսել երաժշտական ներկայացումների բեմադրություններ, և նրան անհրաժեշտ են նոր թարմ կադրեր։ Այնուամենայնիվ, սա օրենքի խախտում էր այն պարզ պատճառով, որ մենք պարտավոր էինք նրանց վճարումները կատարել թափուր մնացած տեղերի ֆոնդերի հաշվին։ Հաստիքացուցակով նոր անցած դերասանները ոչ կարգ ունեին. դեռևս ատեստացիոն խնդիր էլ չկար, նրանց նվազագույն աշխատավարձի ծավալով՝ 80.000 դրամ, ստիպված կեսական հաստիք նշանակվեց՝ համապատասխանաբար՝ նրանցից յուրաքանչյուրին 40.000-ական դրամով, վեցամսյա փորձաշրջանի ժամանակով, օրենքն է փորձաշրջան պահանջում։

Վեցամսյա փորձաշրջանից հետո նրանք չլուծարվեցին՝ պարոն Մելիքսեթյանի պահանջով և առաջարկով, քանի դեռ նրա նախաձեռնած ներկայացման փորձերը չէին ավարտվել։ Միջոցների բացակայության պայմաններում կամ չգիտեմ ինչ պատճառներով արդեն իսկ սկսված «Գիքորը» ներկայացման փորձերը դադարեցվեցին, դա փոխարինվեց «Վեստսյդյան պատմություններ» ներկայացման փորձով, իսկ ապրիլ ամսից սկսվել էր մեկ այլ ներկայացման փորձ, որի նախնական անունն էլ հիմա կարող եմ չհիշել, որը, սակայն, վերանվանվեց «Հայրեններ», և վերոհիշյալ դերասանների մի մասը ներգրավվեց այդ ներկայացման մեջ։ Այդ ներկայացման նախապատրաստական աշխատանքները տևեցին 10 ամիս, մինչև որ դեկտեմբերի 9-ին կայացավ պրեմիերան։

Քանի որ վեցամսյա ժամկետը լրացել էր, բայց որոշ ներկայացումների փորձերի ճակատագիրն անհայտ էր մնացել, ուստի նրանց ժամկետը երկարաձգվեց, այս անգամ՝ ժամկետային պայմանագրով մինչև տարեվերջ՝ հնարավորություն տալով, որպեսզի չդիտարկվեր, թե այդ դերասանները չեն կարողացել պատշաճ կերպով ներկայացնել իրենց մասնագիտական հնարավորությունները։ Նրանք ազատվել են այն պարզ պատճառով, որ ոչ միայն օրենքով նախատեսված ժամկետներն էին լրացել, այլև որևէ արդյունավետություն, ես՝ որպես այդ թատրոնի տնօրեն, նրանց ներգրավվածությունից չեմ տեսել։ Ասեմ ավելին, ես՝ որպես թատրոնի տնօրեն, արդյունավետությունը չափում եմ կատարված աշխատանքների ծավալով և որակով՝ ոչ մասնագիտական տեսանկյունից, այլ արդյունքներով։ Այստեղ պետք է անպայման հավելեմ, որ այդ դերասաններից մի քանիսն ընդհանրապես որևէ ներկայացման մեջ զբաղվածություն չեն ունեցել, միայն փորձերին, և այն էլ՝ շատ հարաբերական առումով։

– Իսկ ինչո՞վ են նրանք հիմնականում զբաղված եղել թատրոնում։

– Չգիտեմ՝ ինչով։ Այդ հարցը պետք է ուղղել գլխավոր ռեժիսորին, շատ դեպքերում նրանք նույնիսկ թատրոնում չեն էլ երևացել։ Ասեմ ավելին, անընդհատ շահարկվում է այն հարցը, որ նրանք 28.000 դրամ են վճարվել, նրանք մեղավոր չէին դրանում, պարզապես այդպես է սահմանված օրենքով, բայց մոռանում են, որ աշխատավարձի չափը 40.000 դրամ է, և, ինչպես մնացած բոլորի մասով, գոյություն ունեն պետական հարկեր՝ 5 % կենսաթոշակային ֆոնդին, և 24 % այլ հարկ, որ անխտիր բոլորի աշխատավարձերից գանձվում է։

Գուցե հարցը տրամաբանական է, որ քիչ են վճարվել, բայց դա է կեսական դրույքի չափը, և այդ չափը ես չեմ որոշում, այլ պետությունը։ Ես՝ որպես տնօրեն, ընձեռել եմ նրանց հնարավորություններ՝ կայանալու համար. ի վերջո, այդ որոշումը՝ 4 տեղի համար առաջարկել 10 թեկնածու, ուղղակի հակաօրինական էր, որի առաջ ես աչք փակեցի։ Ի վերջո, նրանք երիտասարդ էին, և նրանց պետք էր կայանալու հնարավորություն տալ։ Ի վերջո, նրանցից յուրաքանչյուրը նույնպիսի դերասան էր դիտվում, ինչպես մնացյալ բոլորը՝ հիմնական կազմից։ Ի դեպ, տնօրենի կողմից պարգևատրման տեսքով նրանք նույնիսկ հավելավճարների են արժանացել՝ այնքան ներկայացումների դիմաց, որքան խաղացել են։

– Դուք պատասխանեցիք նաև իմ հաջորդ հարցին, որովհետև ես պատրաստվում էի անդրադառնալ նաև նրանց կողմից հնչեցված ցածր աշխատավարձերի թեմային։ Այնուամենայնիվ, նրանք նշում էին, որ դեկտեմբերի աշխատավարձը կիսատ են ստացել։ Ինչո՞ւմ է եղել խնդիրը։

– Մի առիթով ասել եմ, որ դեկտեմբերին տեղի ունեցավ թատրոնի հաշվետվությունը, որի ընթացքում պարոն Մելիքսեթյանի կողմից հնչած ինչ-ինչ տեսակետների, կարծիքների, նույնիսկ չգիտեմ ինչ անուն տամ այդ երևույթին, մի խոսքով՝ մեր թատրոնում Մշակույթի նախարարի կողմից նշանակվեց աուդիտ։ Պարոն Մելիքսեթյանն անընդհատ շահարկում էր վերանորոգման ընթացքում եղած ծախսերի թափանցելիությունը, տնօրենի կողմից գուցե յուրացված գումարների ակնարկներ էին հնչում, և, որպեսզի այդ թնջուկն ու մեղադրանքները հանիրավի և մերկապարանոց չլինեին՝ նշանակվեց և անցկացվեց աուդիտ, որի արդյունքում ընդգրկուն քննություն նշանակվեց։ Այդ պատճառով պայմանավորված՝ նրանք աշխատավարձի մի մասը ստացան մեկ օր, մյուս մասը՝ հաջորդ օրը։

– Երկու աշխատակիցներ, որոնք չեն համալրում լուծարված դերասանների ցանկը, այյ շարունակում են աշխատել թատրոնում, նշել էին, որ մինչ օրս չեն ստացել իրենց դեկտեմբերի աշխատավարձի կեսը։

– Այդ խնդիրը միայն լուծարված խմբով չէր պայմանավորված, այլ ընդհանրապես ողջ թատրոնի անձնակազմով, կրկնում եմ՝ աուդիտի հանգամանքով էր պայմանավորված, իսկ ինչ վերաբերում է այդ երկու աշխատակիցներին, ապա նրանք թող ստուգեն իրենց բանկային հաշիվը։ Գուցե ստացել են և նույնիսկ՝ հունվար ամսինը, բայց չգիտեն այդ մասինգ

– Բողոքող կողմը չի հասկանում, թե ինչպե՞ս է 39 ստորագրություն դրվել գլխավոր ռեժիսորի հեռացումը պահանջող դիմում-բողոքի տակ։ Նրանք կասկածի տակ են առնում այդ թիվը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Այդ 39 անդամներն իրենց բողոք-նամակը հանձնել են ինձ՝ իրենց պահանջը քննարկելու և կատարելու։ Այն դեռևս ընթացքի մեջ է, քննարկվել են առկա խնդիրները, այդ առիթով Մշակույթի նախարարությունում գեղարվեստական խորհրդի նիստ է գումարվել։ Հակընդդեմ բաց նամակով, կարծեմ հենց ձեր լրատվամիջոցով, հանդես եկավ նաև գլխավոր ռեժիսորը։ Այդ դիմում-բողոքի տակ ստորագրած մարդիկ անուն առ անուն ներկայացնում են թատրոնի ստեղծագործական, գեղարվեստատեխնիկական մասը, կան նաև ադմինիստրատիվ հատվածի ներկայացուցիչներ, ովքեր, ի դեպ, առիթ են ունեցել դեռևս վաղուց շփվել պարոն Մելիքսեթյանի հետ, բայց այնուամենայնիվ չեն ցանկանում աշխատել նրա հետ։ Շնորհիվ ձեր լրատվամիջոցի՝ ես ծանոթ եմ նրանց բողոքներին, թե իբր այնտեղ ստորագրել են թատրոնի հավաքարարներըգ ասեմ, որ հավաքարարներն այդ ցուցակում չկան։

– Այդ թատրոնում առնետնե՞ր են վխտում…

– Նրանց բախտը բերել է, որ նրանք մի տարի առաջ չեն մտել այդ թատրոն, նկատի ունեմ՝ թատրոնի շենք, որը կապիտալ վերանորոգության է ենթարկվելգ Ինչ վերաբերում է ադմինիստրատիվ մասին, որը քաղաքի այլ հատվածում է տեղակայված, ապա՝ այո, այնտեղ խնդիրներ կան, բայց ամեն ինչ արվում է, որ դրանք ևս լուծվեն։ Ասեմ ավելին, այնտեղ ևս վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

Պարզապես երևի պետք է սիրել թատրոնը և դրան նայել ոչ թե՝ կողմնակի, այլ յուրայինի հայացքով։ Դրա համար սրտացավություն է պետք։ Ցավոք սրտի, ես ժառանգել եմ այնպիսի պայմաններ, որտեղ, մեղմ ասած, աշխատանքային պայմաններ չեն եղել, բայց բացառապես մեր ուժերով արել և անում ենք ամեն ինչ, նույնիսկ անհնարինը՝ ստեղծագործելու համար նորմալ մթնոլորտ ստեղծելու, եթե ոչ՝ ճոխ, ապա՝ գոնե հարմարավետ պայմաններ։ Երևի պետք էր գոնե հարգել ավագ կոլեգաների ջանքերը, որ իրենց համար ստեղծել էին այդ պայմանները՝ աշխատելով գիշեր-ցերեկ, լուռ ու մունջ, հանուն թատրոնի բարօրության։

– Ճի՞շտ են այն լուրերը, որ «Հայրեններ» ներկայացումը սուր քննադատության է արժանացել և չի մտել խաղացանկ։ Դերասանները բողոքում էին, որ իրենց սեփական միջոցներով են մասիկներ գնել։

– Այո։ Այդ ներկայացումն իսկապես սուր քննադատության արժանացավ, ի դեպ, բնավ ոչ իմ մակարդակով, և խաղացանկ չմտավ այն պարզ պատճառով, որ պրեմիերայից հետո վաճառվեց ընդամենը 5 տոմս։ Ինչ վերաբերում է մասիկների հարցին՝ իսկ արդյո՞ք իրենց տնօրենն էր ասել՝ գնացեք, ձեզ համար մասիկներ գնեք։ Ասեմ ավելին, այդ ներկայացման հրամանը ես չեմ տվել, որովհետև ես չեմ ստացել հայտ, որի հիման վրա ես պետք է բեմադրական ծախսեր անելու հրաման տայի։ Այդ ներկայացման բեմականացումն իրականացվել է ոչ թատրոնի, այլ բարեգործական միջոցներով գոյացած գումարներով։

Այդ ներկայացման հետ կապված բոլոր հարցերին միանձնյա տիրապետել է Արմեն Մելիքսեթյանը։ Թատրոնի դրամարկղ ոչ մի կոպեկ մուտք չի արվել։ Հետագայում նույնիսկ նրա կողմից պահանջ ներկայացվեց, թե թատրոնն իբր պետք է 300.000 դրամ գումար փոխհատուցի այդ ներկայացման համար։ Այդ ներկայացման հետ կապված՝ ես պարոն Մելիքսեթյանից բացարձակ որևէ մեկնաբանություն չեմ ստացել, մանավանդ, որ նոյեմբերից սկսած՝ մենք գրեթե առնչություն չենք ունեցել, մեր շփումը փոխտնօրենի միջոցով է իրականացվել։

– Այնպիսի տպավորություն է, թե պարոն Մելիքսեթյանը պետություն է՝ պետության մեջ։

– Հետևությունները թողնում եմ ընթերցողներին։

– Ի՞նչ որոշվեց գեղարվեստական խորհրդի նիստի արդյունքում։

– Հարցերը շատ էին, քննարկվեցին տարաբնույթ հարցեր, սակայն առանցքային, օրակարգային հարցերը երկուսն էին՝ վերջին շրջանում՝ դերասաններ-գլխավոր ռեժիսոր հակամարտության արդյունքում թատրոնում ստեղծված անառողջ մթնոլորտն ու պարոն Մելիքսեթյանի կողմից մամուլում լայն քննարկման արժանացած բաց նամակի ճակատագիրը։ Իհարկե, բաց նամակը տարակուսանքի առիթ էր տվել անխտիր բոլորին և այդ թվում՝ նախարարին, որն այդ քայլը որակեց՝ որպես անիմաստ։

Թատրոնից նրա հեռացման դիմումի հետ կապված, այնուամենայնիվ, նրան մի շարք առաջարկներ արվեցին, գուցե՝ առժամանակ կրքերը հանդարտեցնելուն, իրավիճակը շտկելուն միտված, բայց, ինչպես արդեն պարզ էր, նա որևէ խելամիտ առաջարկ լսելու և քննարկելու միտք անգամ չունի, կատեգորիկ չընդունեց առժամանակ լինելու ոչ թե՝ գլխավոր ռեժիսոր, այլ՝ պարզապես ռեժիսոր։ Ի վերջո, որոշում կայացվեց, որ պարոն Մելիքսեթյանը պետք է մնա թատրոնում և ավարտի իր կողմից բեմադրված և կիսատ թողած ներկայացումների աշխատանքները։

– Դերասանները գո՞հ են գեղարվեստական խորհրդի այդ արդյունքից։

– Ես այդ նիստից հետո հանդիպում ունեցա դերասանների հետ, և մենք շատ երկար քննարկեցինք իրավիճակը դերասանների հետ։ Իմ բացատրությունների, հորդորների, զրույցների ու նույնիսկ վիճաբանության արդյունքում առայժմ ինձ չի հաջողվում նրանց հետ պահել իրենց մտադրություններից։ Ասեմ ավելին, նույնիսկ ինձ են դիտարկում՝ որպես քայքայող կամ գուցե որոշում կայացնողների այդ շարքը համալրողներից մեկը։ Ես փորձում եմ կրքերը հանդարտեցնել, սակայն մի բան պարզ է՝ դերասաններն անդրդվելի են իրենց որոշման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս