Բաժիններ՝

Չնայած խիստ տարածված սուր շնչակառական վարակներին` Երևանի թատրոններում ամանորյա մանկական ներկայացումները չեն հետաձգվել

Հանրապետության տարածքում սուր շնչառական վարակների վերահսկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` մասնագիտական խորհրդակցության ընթացքում քննարկվել էր հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը:

Հիմք ընդունելով առկա պատկերը, միջնորդություն էր ներկայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ ձմեռային արձակուրդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում մինչև սույն թվականի հունվարի 18-ը երկարաձգելու վերաբերյալ:

Հաշվի առնելով այն փաստը, որ հանրապետությունում առկա սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, 168.am-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք այս օրերին հանրապետության տարածքում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները չեն տարածվել նաև մշակութային օջախներում անցկացվող ամանորյա տոնական հանդեսների իրականացման վրա:

Մենք կապ հաստատեցինք թատրոններից մի քանիսի գեղարվեստական ղեկավարների և մամուլի բաժնի պատասխանատուների հետ, որոնց հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ թատրոններն այս օրերին շարունակում են գործել բնականոն աշխատանքային գրաֆիկով: Այս կապակցությամբ 168.am-ի հետ զրույցում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն ասաց, որ իրենց թատրոնն այս օրերին աշխատում է նախատեսված գրաֆիկով, իսկ ամանորյա միջոցառումների խաղացանկում այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում ոչ միայն հաստատեց, որ թատրոնն այս պահին աշխատում է նախապես պլանավորած աշխատանքային գրաֆիկով, այլև նշեց առաջիկա ամանորյա ներկայացման օրերն ու ժամերը. «Վաղը և մյուս օրը վերջին ներկայացումներն են՝ սկիզբը ժամը 13:00-ին, 15:00-ին և 17:00-ին: Համեցեք, շատ ժամանակակից ներկայացում է»:

Մենք կապ հաստատեցինք նաև Կամերային երաժշտական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Եփրեմյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Մեր թատրոնն այս տարի երեխաների համար բեմադրել է «Երեք խոզուկների ամանորյա արկածները» տոնական ներկայացումը, որը խաղացանկում կլինի մինչև հունվարի 13-ը: Ասեմ ավելին՝ հունվարի 10-ին կցուցադրվի թատրոնի խաղացանկային ներկայացումներից՝ «Մոխրոտը», իսկ հունվարի 22-ից վերսկսում ենք խաղացանկային մյուս ներկայացումները: Այս պահին թատրոնում աշխատանքային եռուզեռ է, դերասանները վերսկսել են փորձերը»:

Հիշեցնենք, որ անցնող տոնական օրերին սուր շնչառական վարակներով հանրապետությունում գրանցվել է հոսպիտալացման 515 դեպք, որից 126-ը՝ թոքաբորբ: Այս մասին օրերս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողներին էր հայտնել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարի խոսքով՝ համաճարակային բռնկումները ոչ միայն Հայաստանի տարածքում են, այլև եվրոպական տարածաշրջանում՝ գրանցված գրիպի ակտիվացմամբ: Դեպքերի շուրջ 75 տոկոսը Ա տեսակի գրիպն է, որի գերակշռող մասը H1N1 ենթատեսակն է (խոզի գրիպ):

Ըստ վիճակագրության՝ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս