«Մեր տնտեսությանն այլընտրանք է պետք». Հայաստանը կրկին զերծ չի մնա ռուսական նավթային ցնցումներից

«Հայկական դրամը կհայտնվի ուժեղ ճմշման տակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով նավթի համաշխարհային գների անկմանը, ՌԴ-ի արժույթի շուկայում հնարավոր խուճապին և դրա ազդեցությանը ՀՀ արժույթի շուկայում տիրող իրավիճակի վրա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին նավթի գների անկումն արագացավ՝ հասնելով 2008 թվականի փետրվարի մակարդակին: 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Brent նավթի միջին գինը կազմել է 52.3 դոլար:

Դեկտեմբերի 17-ի դրությամբ մեկ բարելն արժե 36.95 դոլար, այնինչ տարեսկզբին փորձագետները կանխատեսում էին մոտավորապես 60 դոլար: WTI նավթն էժանացել է նույն չափով և վաճառվում է 35.12 դոլարով՝ մեկ բարելի դիմաց: Սա վերլուծաբաններն իրական փորձություն են համարում Ռուսաստանի և Ադրբեջանի համար, որոնց բյուջեները ձևավորվում են նավթի գներից, իսկ տնտեսությունը հենվում է հենց այդ գների վրա:

Աշող Եղիազարյանը նախ պարզաբանեց, որ ՌԴ-ում փոխարժեքի կուրսը շատ մեծ կախվածություն մեջ է նավթի գներից, որովհետև ՌԴ-ի արտարժութային մուտքերի հիմնական մասը ձևավորվում է նավթի վաճառքից, հետևաբար՝ նավթի գնի տատանումներն ազդում են ռուբլու փոխարժեքի վրա, իսկ դրա անկումը ռուբլին պարզապես արժեզրկում է: Իսկ ռուբլու արժեզրկումը, նրա համոզմամբ, իր հետևանքը կարող է ունենալ նաև ՀՀ տնտեսության և հայկական դրամի վրա:

«Ռուբլու արժեզրկումը հանգեցնում է նրան, որ Հայաստան Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտներն արժեզրկվում են, այսինքն` դոլարային արտահայտությամբ դրանց ծավալները նվազում են: Մենք գիտենք, որ միայն վերջին ամիսների ընթացքում կես միլիարդի չափով, համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, նվազել է փոխանցվող գումարը, հասկանալի է, որ ռուբլու արժեզրկումը հետագայում այդ ցուցանիշը կբարձրացնի:

Այս իմաստով հայկական դրամի վրա իսկապես կա ճնշում»,- մեկնաբանեց տնտեսագետը: Սակայն, ըստ նրա, մյուս ճնշումը, որ հայկական դրամը կարող է զգալ, ռուսական շուկայում հայկական արտահանվող ապրանքների մրցունակության նվազումն է:

«Այդ արժեզրկման պատճառով կրճատվում են նաև արտահանումից ստացվող մուտքերը: Դրանք այս տարի նույնպես կրճատվել էին, և արժեզրկումն էլ ավելի կարող է խորացնել այդ գործընթացը: Եթե դրան ավելացնենք նաև այն, որ ռուսական ընկերությունները փաստորեն ավելի սուղ հնարավորություններ կունենան ՀՀ-ում ներդրումներ անելու համար, որն էլ ՀՀ տնտեսությունը ռուսականից գերկախվածության է բերում, ճնշող ազդեցություն կարող է լինել ՀՀ տնտեսության և դրամի փոխարժեքի վրա: Բայց դա չի նշանակում, որ այդ ազդեցությունը կունենա նույն տեսքը, ինչ ռուսական ռուբլու արժեզրկման դեպքում, որովհետև ՀՀ-ում դրամի փոխարժեքի վրա ազդում են այլ գործոններ ևս, որոնք կարող են փոխարժեքի ամրապնդման տեսանկյունից դրական ազդեցություն ունենալ:

Օրինակ` վարկերը, որոնք ՀՀ-ն վերջին շրջանում վերցնում է միջազգային կազմակերպություններից, ներդրումները որոշակի ոլորտներում, կարող են փոխհատուցել տրանսֆերտների կորուստները, բայց ես այդ հաշվարկը չունեմ, թե որքանով կփոխհատուցվեն այդ կորուստները, հետևաբար՝ չպետք է բացառել, որ փոխարժեքի վրա Ռուսաստանից եկող ազդեցությունն ուժեղ կլինի, և հավանական է, որ դրամը որոշակի արժեզրկում ապրի»,- մեկնաբանեց Աշոտ Եղիազարյանը:

Հարցին, թե ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել այդ կախվածությունը փոքր-ինչ մեղմելու համար, տնտեսագետը պատասխանեց հետևյալ կերպ.

«Եթե խոսքը ՌԴ-ից կախվածության նվազմանն է վերաբերում, ապա դա տեղի է ունենում նախ՝ հենց ՌԴ տնտեսության թուլացման հետևանքով, բայց միջոցներ ձեռնարկելն ուշ է, քանի որ Հայաստանն արդեն իսկ սխալ ընտրություն է կատարել 2013թ.՝ հայտարարելով, որ միանում է ԵՏՄ-ին: Սա արդեն իսկ խիստ սահմանափակող գործոն է: Պետք է ձերբազատվել այդ պարտավորություններից, այլ տարբերակ չկա: Պետք է դուրս գալ ԵՏՄ-ից և մերձենալ ԵՄ-ի հետ, ինչը Հայաստանին առաջարկվել է և ներկայումս առաջարկվում է»: Խոսելով Ռուսաստանում շարունակվող տնտեսական բացասական ֆոնի և ռազմական մեծ ծախսերի պայմաններում ԵՏՄ ապագայի մասին, Եղիազարյանը նշեց, որ ԵՏՄ-ն ապագա չունեցող կառույց է եղել ի սկզբանե:

Նրա համոզմամբ` այդ կառույցն ինտեգրման ներուժը չի ունեցել երբեք: «Այն ծնվել է մեռած, բայց քաղաքական պարտավորություններն անմիջապես ազդում են տնտեսական հնարավորությունների և քաղաքականության վրա, այսինքն` քաղաքական պարտավորւթյունները, որոնք ՀՀ-ն ստանձնել է այդ միության շրջանակում, ՀՀ-ին զրկում են այլընտրանքից, իսկ այլընտրանքը զարգացման հիմքն է, մենք պարզապես այլընտրանքից ենք զրկված, պետք է վերականգնել այլընտրանքները: Թե դա ինչ ճանապարհով կընթանա, ժամանակը ցույց կտա: Թե՛ Ղազախստանում, թե՛ Բելառուսում, կարծում եմ՝ Հայաստանում ևս, որոշակի գիտակցում կա, որ դա մեռած միություն է»,- վստահություն հայտնեց Աշոտ Եղիազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս