Բաժիններ՝

Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել իր ֆոտոարխիվը թուրքական ընկերությանը հանձնելու մասին համաձայնագիրը

Ստամբուլցի հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել թուրքական Doğuş Holding-ի հետ կնքած պայմանագիրը, որով նրա ավելի քան 70 տարում ստեղծված լուսանկարների ողջ արխիվն անցելու էր այդ կազմակերպությանը, հայտնում է թուրքական Cumhuriyet.com կայքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Արա Գյուլերի ու Dogus Holding-ի միջև, որը սերտ կապեր ունի Թուրքիայի «Արդարություն և զարգացում կուսակցության» հետ, կնքվել էր համաձայնագիր, որով լուսանկարչի 3 մլն եվրո արժողության արխիվը, Ara Kafe սրճարանի շենքն ու լուսանկարչական խցիկների ու սարքերի հավաքածուներն անցնելու էին Dogus-ի կողմից հիմնադրվելիք ընկերության տրամադրության ներքո, որը ղեկավարելու էր արխիվը ու լուսանկարչի կարողությունը:

Տվյալ գործարքի արդյունքում Գյուլերը, իսկ հետագայում նաև նրա ժառանգները ստանալու էին ամսական 50 հազար թուրքական լիրա: Գյուլերին էր պատկանելու նորաստեղծ ընկերության բաժնետոմսերի ընդամենը 40%-ը:

Արա Գյուլերը ծագումով հայ լուսանկարիչ է, ում անվանում են «Ստամբուլի աչքը» կամ «Ստամբուլի լուսանկարիչը»: Նա համարվում է Թուրքիայի՝ արտերկրում ճանաչում ձեռք բերած լուսանկարիչներից մեկը:

Արա Գյուլերը մեծ ճանաչում է ստացել 1950-1960-ականներին Թուրքիայի փողոցները պատկերող լուսանկարների շնորհիվ: Չնայած Ստամբուլի իր պատկերները, ինչպես նաև Պաբլո Պիկասոյի, Ուինսթոն Չերչիլի, Մարիա Կալլասի, Ալֆրեդ Հիչքոկի, Մարկ Շագալի, Սալվադոր Դալիի և ճանաչված այլ մարդկանց դիմանկարները մեծ ճանաչում են վայելում, ֆոտոլրագրողի կարծիքով, իր իրական ներդրումը մարդկության պատմության մեջ կազմում են Անատոլիայում հնագիտական և պատմական վայրերի լուսանկարները:

Գյուլերի աշխատանքները պահվում են Փարիզի Ազգային գրադարանում, Ռոչեսթերի Ջորջ Իսթմանի թանգարանում և այլուր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս