Թուրքական մրգերը կփոխարինվեն Հայաստանի ու Վրաստանի արտադրանքով. «Ռոսսելխոզնադզոր»

Թուրքիայից մրգերի ու բանջարեղենների ներկրումը կարգելվի, սակայն սահմանափակումները կգործեն միայն մի քանի շաբաթ անց: Այս մասին երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած կառավարության նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին:

Պուտինն արգելել է Ռուսաստան ներկրել թուրքական որոշ ապրանքատեսակներ, որոնց ցանկը հանձնարարվել է կազմել ՌԴ կառավարությանը:

Ինչպես հայտնել է «Sputnik Ուզբեկստանին» «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեյենկոն, ռուսները մրգի ու բանջարեղենի կարիք չեն զգա:
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանն այդքան մեծ կախում չունի այդ մթերքից, քանի որ երկիրն ավելացնում է դրա արտադրությունը Հյուսիսային Կովկասում, Կուբանում, Ստավրոպոլում, Ռոստովի ու Վոլգոգրադի մարզերում:

shuka rd.jpg1

«Բանջարեղենների ու մրգերի մասին այդ նորությունն ակնհայտորեն ուրախացրել է մեր հարևաններին՝ Անդրկովկասի երկրներին, Հայաստանին, շատ պոզիտիվ են ընդունել այդ նորությունը Վրաստանը, Ադրբեջանը, ընդ որում, Իրանը պատրաստ է մատակարարել բարձր որակի բուսական արտադրանք»,- հայտարարել է վերջինս:

Ավելին, Հայաստանը, ըստ փորձագետի, պատրաստ է արդեն հիմա զբաղեցնել այդ նշաձողը ու ավելացնել մրգերի ու բանջարեղենների արտադրությունը՝ կենտրոնանալով ռուսական շուկայի վրա:

Նշենք, որ ՌԴ կառավարությունը երեկ հանձնարարել է տնտեսական ու մարդասիրական ոլորտներում համապատասխան միջոցառումներ մշակել ի պատասխան Թուրքիայի ագրեսիայի, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ այսօրվանից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Թուրքիայից Ռուսաստան ներկրվող թռչնամսի վրա:

Տեսանյութեր

Լրահոս