Համապետական միջոցառումների դեպքում ոչ միայն մեր իրավապահները, այլև քաղաքացիները պետք է աչալուրջ լինեն. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ես, բնականաբար, դեմ եմ պարանոյային եւ ամեն տեղ արտասահմանյան «լրտեսներ» տեսնելուն: Եթե որեւէ մեկն անկեղծ եւ բաց ձեւով արտահայտում է իր տեսակետը, ապա նրան «ամերիկյան լրտես», «ռուսական կագեբեի գործակալ» կամ «հինգերորդ շարասյուն» անվանելը խոսում է հենց այդ՝ անառողջ հոգեբանության մասին: Նույնը՝ երբ որեւէ քաղաքական կամ հասարակական գործչին դասում են «ներքին թուրքերի» թվին:

Մյուս կողմից՝ պարզ է, որ մեր երկիրն ունի արտաքին հակառակորդներ, ինչպես նաեւ բարեկամ կամ «չեզոք» երկրներում մեր պետության հանդեպ թշնամաբար տրամադրված շրջանակներ, որոնք փորձել եւ փորձելու են այս կամ այն գործողություններով մեզ վնաս հասցնել: Մենք մինչ օրս չգիտենք, թե ովքեր եւ որտեղից են կազմակերպել «հոկտեմբերի 27»-ը, չնայած ոչ ոք կարծես թե չի կասկածում, որ պատվիրատուները դրսից են: Մենք չգիտենք նաեւ, թե ինչու է «էպոսագետն» իր տանն աշխատող «կաֆելագործներին» հանձնարարել կրակել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:

Այստեղ էլ, ես կարծում եմ, «պոչերը» պետք է փնտրել Հայաստանից դուրս: Այդ ամենը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ հատկապես համապետական միջոցառումների դեպքում (ինչպիսին է, անշուշտ, հանրաքվեն) ոչ միայն մեր իրավապահները, այլեւ քաղաքացիները պետք է աչալուրջ լինեն: Ինչպես աչալուրջ էր Քարվաճառի խանութում աշխատող այն կինը, որն ուշադրություն էր դարձրել իր խանութում առեւտուր անող մարդու առոգանությանը: Հենց նա էլ զանգեց ոստիկանություն, ու նաեւ նրա՛ շնորհիվ են հայտնաբերվել ադրբեջանցի դիվերսանտները: Բայց դա անելը համեմատաբար հեշտ էր՝ կարող են լինել դիվերսիաներ, որոնց իրականացնողները հայեր են եւ Հայաստանի քաղաքացիներ: Եվ դա ունենա, այսպես ասած, «քաղաքական» ենթատեքստ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս