Ինչպես կավարտվի Սարգսյան-Ալիև հանդիպումը

Տարածաշրջանային բուռն զարգացումների` հատկապես ռուս-թուրքական դիմակայության ֆոնին` դեկտեմբերի 1-ին Փարիզում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում։

Ռուս-թուրքական լարվածության պայմաններում չեն դադարում խոսակցություններն ու ռուսական հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան նոր ճակատ կբացի Ռուսաստանի դեմ Ղարաբաղյան հակամարտության գոտում` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել էր ԼՂ հակամարտությանը` վերահաստատելով իբրև թե օկուպացված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու թուրքական դիրքորոշումը։ Սա որոշ փորձագետներ` ոչ պատահական, ոմանք` պարզապես «հերթապահ» անդրադարձ որակեցին։ Այնուամենայնիվ հիմնավոր կասկածներ կան այն մասին, որ ռուս-թուրքական դիմակայությունը կանդրադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա։ Թեև որոշ փորձագետներ չեն բացառում, որ այդ ազդեցությունը կարող է լինել դրական` հայկական կողմի համար։ Թե ինչ են քննարկելու նախագահներն իրենց հերթական փարիզյան հանդիպման ժամանակ, հայտնի չէ։

Հայտնի է միայն այն, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բարձրաձայնել է համակարգված բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին` կարևորելով այս հանդիպումը խաղաղ բանակցությունների հերթական փուլը սկսելու ճանապարհին։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային վերջին այցի ընթացքում Երևանում նա նշել էր, որ եկել է խաղաղության ժամանակը, և նախագահները վճռական որոշում պետք է կայացնեն։

«Վերջին 18 ամիսների ընթացքում նախագահները չորս անգամ հանդիպել են, խոսել են ԼՂ հակամարտության կարգավորման տարրերի ու սկզբունքների մասին, սա կարևոր է, սակայն նույնիսկ լավագույն հանգամանքների պարագայում, երբ կա քաղաքական կամք, նախագահները մի քանի ամիսը մեկ հանդիպում են մեկ ժամով կամ մի քանի, սա բավարար չէ։ Անցյալ տարի շվեյցարացիներն առաջարկեցին, որպեսզի համակարգված բանակցություններ լինեն, այժմ բաց ենք, այս բանակցությունները պետք է տեղի ունենան, և կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն, և պետք է սկսվի արդյունավետ կերպով անդրադարձ այնպիսի հարցերի, որոնք առնչվում են լուծմանը։

Մենք չենք ակնկալում, որ սեղանի շուրջ կողմերը սկսեն ամենադժվար հարցերից, բայց կան բազմաթիվ ուղղություններ, որոնց շուրջ կողմերը համաձայնություն ունեն, ինչո՞ւ չենք սկսում դրանից, ինչո՞ւ չենք վարում բանակցություններ, որոնք այլ հակամարտությունների դեպքում լինում են, ինչո՞ւ ՀՀ-ն ու Ադրբեջանը չեն ընդունում շվեյցարացիների առաջարկը։ Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ այս համակարգված բանակցությունների, ձևաչափի ուղղությամբ, և թե ովքեր պետք է լինեն այդ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել էր Ջեյմս Ուորլիքը։

«Trasy Jerman168 Ժամի» հետ զրույցում Լոնդոնի Քինգս քոլեջի Անվտանգության դասընթացների բաժնի առաջատար ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանն ասաց, որ իրադարձությունները Մերձավոր Արևելքի շուրջ այնքան դինամիկ կերպով են զարգանում, որ հիմնական խաղացողները ևս կարիք ունեն հարմարվելու նոր իրողություններին։ Այդ իրողություններից մեկը, նրա խոսքով, ռուս-թուրքական հակամարտությունն է թուրքական զինուժի կողմից ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծիչի խոցումից հետո։ Թրեյսի Ջերմանը միևնույն ժամանակ նշեց, որ տեղի ունեցածը սպասելի չէր, սակայն սպասելի էր ռուս-թուրքական լարվածությունը, քանի որ երկու երկրների դիրքորոշումները չափազանց բևեռացել էին։ Նրա համոզմամբ` նման պայթյունավտանգ պայմաններում Արևմուտքի նպատակն է` թույլ չտալ «պայթյուններ» Մերձավոր Արևելքում, Կովկասում, Եվրոպայում։

«Սրա համար հնարավոր բոլոր հարթակները պետք է գործի դրվեն, այդ թվում` Մինսկի խումբը, որի նպատակն այս փուլում, ենթադրաբար, պետք է երկխոսություն ապահովելը, նախագահների հանդիպումներն ինտենսիվացնելը լինի, որը, թեև սահմանին լարվածությամբ, կլիցքաթափի կողմերին, քանի որ նման հանդիպումների ժամանակ նախագահները շոշափում են իրենց հուզող ամենաարդիական թեմաները, ինչը, անխոս, դրական հանգամանք է։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այսօր Ղարաբաղում պատերազմ չեն ցանկանում ո՛չ հակամարտ կողմերը, ո՛չ միջնորդները, որոնց համար գլոբալ առճակատման պատճառներն էլ ավելի են շատացել։

Խոսքը և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի մասին է։ Արևմուտքը Հարավային Կովկասում իր քաղաքականությունը վերանայելու կարիք ունի, սակայն այս փուլում դժվար է պնդել, որ ավելի ներգրավված քաղաքականություն կսկսվի իրացվել, թեև կա դրա անհրաժեշտությունը, ԵՄ որոշ երկրներ իսկապես գիտակցում են դա։ Ներկայումս դա անհնար են համարում ավելի շատացող աշխարհաքաղաքական խնդիրների ֆոնին»,- ասաց ռազմական փորձագետը` շարունակելով, որ Արևմուտքի ուշադրության կենտրոնում այսօր ռուս-թուրքական հարաբերություններն են և դրանց սրումը թույլ չտալը։ Նրա հավաստիացմամբ, Արևմուտքը շատ լավ է հասկանում, թե որքան հեռու կարող է տանել այս հակամարտությունը` չսանձահարվելու դեպքում։

Ուստի, Ջերմանի համոզմամբ, ԼՂ հակամարտության գոտում չի լինի ո՛չ բեկում, ո՛չ իրավիճակի էլ ավելի վատթարացում, հաշվի առնելով նոր իրողությունները։ «Սակայն Մինսկի խումբը գոնե կփորձի անել իրենից պահանջվող աշխատանքը»,- նկատեց բրիտանացի վերլուծաբանը։ Խոսելով այն կարծիքների մասին, թե Թուրքիան կհրահրի Ադրբեջանին ակտիվացնել ԼՂ հակամարտության գոտին` նա նշեց, որ Թուրքիան դա չի անի։ «Թեև Էրդողանը կտրուկ հռետորաբանությամբ է հանդես գալիս, չունի Արևմուտքի կույր աջակցությունն իր գործողություններին, առանց այդ աջակցության` Թուրքիան էլ ավելի չի սրի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այսինքն` չի մղի Ադրբեջանին նաև կտրուկ գործողությունների Ղարաբաղյան հակամարտության գոտում»,- ասաց Թրեյսի Ջերմանը։

Kayc Minasyan«168 Ժամի» հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմավարական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Կայծ Մինասյանն ասաց, որ չի կարծում, թե էական համաձայնություններ ձեռք կբերվեն Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ։ Նրա վստահեցմամբ, ոչ մի կարևոր արդյունք չպետք է սպասել։ «Ռուսական ռմբակոծիչի կործանումից հետո այդ հանդիպման օրակարգն ավելի չեզոք ու ոչինչ չասող է լինելու։ Այս հանդիպումն այսօր կարևոր է միայն բանակցային գործընթացի և հատկապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, որը ցույց կտա, որ կան բանակցություններ, բայց չկա ո՛չ բովանդակություն, չկա ո՛չ հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ` լուրջ համաձայնության կամ որոշման համար։ Հանդիպումն առավելապես կարևոր կլինի համանախագահների, քան երկու նախագահների համար։ Սա ոչ առաջին հանդիպումն է, ոչ` վերջինը»,- ասաց նա։ Անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարությանը՝ Մինասյանը նշեց, որ դա բնական հայտարարություն է, որն այս փուլում ամենևին էլ չի ծառայում Ադրբեջանի շահերին։ «Ռմբակոծիչի դեպքից հետո ռուսներն այլևս չեն ծառայի Թուրքիայի կամ Ադրբեջանի շահերին։ Որքան Թուրքիան ավելի շատ զորակցություն հայտնի Ադրբեջանին, այդքան ավելի լավ կլինի հայկական կողմի համար։ Ինչո՞ւ այս պայմաններում Ռուսաստանը պետք է ճնշի Հայաստանին` զիջումներ անելու և Ադրբեջանի շահերը զարգացնելու նպատակով։ Այս փուլում, ըստ էության, այդ սցենարները բացառվում են»,- ասաց Կայծ Մինասյանը։ Վերջինիս համոզմամբ` ԼՂ հակամարտությունը գլոբալ կոնտեքստ է ձեռք բերել, ինչը դրական է հայկական կողմի համար։

Տեսանյութեր

Լրահոս