Ղարաբաղում իրավիճակը ծայրահեղ պայթյունավտանգ է. Եվգենի Սատանովսկի

Մեր զրուցակիցն է ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկին

– Պարոն Սատանովսկի, այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում ռուս-թուրքական լարվածությունն է, որը միջազգային հանրությունը հույս ուներ մեղմել Փարիզում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխությունների հարցերով համաժողովի շրջանակում նախատեսվող Պուտին-Էրդողան հանդիպմամբ։ Հանդիպումը չկայացավ, ըստ ամենայնի, քանի որ թուրքական կողմը հրաժարվում է ներողություն խնդրել։ Ի՞նչ է սա ենթադրում` հետագա հարաբերությունների տեսանկյունից։

– Այդ հանդիպման մասին տեղեկությունները շրջանառության մեջ էին դրել լրատվամիջոցները, և` ոչ ավելին։ Այսինքն` դա ապատեղեկատվություն էր, քանի որ ՌԴ նախագահի բոլոր հանդիպումների մասին նրա խոսնակը տեղեկացնում է նախապես։ Եթե չկար պաշտոնական մեկնաբանություն, ուստի չպետք էր սպասել հանդիպում։ Հետագայի մասին դժվար է խոսելը։ Չէ՞ որ Չերչիլը խորհուրդ է տալիս կանխատեսել անցյալը, որն ավելի օգտակար է, քան ապագան։ Մեկ բան պարզ է, որ Էրդողանը շարունակում է իսլամական երկրների առաջատար երկիրը դառնալու իր փորձերը։ Այս կոնտեքստում, բնական է, որ պետք է թիրախավորի այն ուժերին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ, որոնց հետ ինքն առևտուր է անում։ Այս պարագայում Ռուսաստանի գործողությունները հակասում էին Թուրքիայի շահերին, որի հետևանքով էլ Էրդողանն իրեն ոչ ադեկվատ դրսևորեց։

Սա ես Էրդողանի կողմից ռազմավարական սխալ եմ համարում։ Այս օրերին առիթ ունեցել եմ ասելու, որ համարում եմ` պետք է դադարեցնել Թուրքիայի հետ բոլոր նախագծերի իրականացումը և կտրուկ պատժամիջոցներ կիրառել։ Սա իսկապես լարված ռազմական դրություն է, և պատրաստ չեմ կանխատեսումներ անել ապագա հարաբերությունների վերաբերյալ։

– ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ ձգձգվում է ռուսական դրոշով նավերի անցումը Բոսֆորի նեղուցով, ինչը նշանակում է, որ Թուրքիան չի պատրաստվում նահանջել։

– Ես ասացի, թե ինչպիսի հավակնություններ ունի Թուրքիան, և կարծում եմ` ՌԴ իշխանությունները հաշվի առնում են, իրենց եզրակացություններն արդեն արել են և վերանայում են Թուրքիայի հետ քաղաքականությունը։

– Փորձագիտական հանրության շրջանում կարծիքներ են շրջանառվում, որ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը կանդրադառնա ԼՂ հակամարտության վրա, և, որ Հայաստանը իր ռուսական ռազմաբազաներով կդառնա թիրախ Թուրքիայի համար։ Ռուսական «Կոմերսանտը» նույնիսկ գրել էր, որ Ղարաբաղով Թուրքիան նոր ճակատ կբացի Ռուսաստանի դեմ։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Եթե հաշվի առնենք այն, որ Ադրբեջանն Էրդողանին առաջարկում է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարվա ընթացքում, հասկանալի է, որ այդ միջամտությունը որևէ լավ բանի չի հանգեցնելու։ Դա Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի։ Այս պարագայում Էրդողանն էմոցիոնալ կերպով շահարկում է այն գաղափարը, որ Թուրքիան թյուրքական երկրների ավագ եղբայրն է, և դրանով իսկ փորձում է հետաքրքիր դառնալ նաև Բաքվի համար։ Սա ռուս-թուրքական հարաբերությունների կամ Ռուսաստանի հետ կապ չունի։

– Հայաստանյան փորձագետները սկսեցին կապ փնտրել, երբ Սիրիայում ռուսական օդային գործողությանը զուգահեռ` թուրքական ռազմական ինքնաթիռները մուտք գործեցին Հայաստանի օդային սահման։ Նրանցից ոմանք սա Ռուսաստանին ուղարկվող ազդանշան համարեցին։

– Ոչ, չեմ տեսնում նման կապ։ Նույնկերպ ռուսական ինքնաթիռները լինում է, որ հայտնվում են իսրայելական տարածքում։ Կան երկրներ, որոնք կարողանում են քաղաքակիրթ կերպով դուրս գալ նման իրավիճակներից, առավել ևս, թույլ չեն տալիս սադրանքներ, ինչպես Հայաստանը, Իսրայելը։ Կան երկրներ, որոնք սադրանքների են դիմում, այս դեպքում դա Թուրքիան է։ Նման բաներ պատահում են։

– Տարածաշրջանային զարգացումների նման ֆոնին Փարիզում նախատեսվում է Սարգսյան-Ալիև հանդիպումը։ Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից։

– Ես հանդիպումներից ոչինչ չեմ ակնկալում։ Իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում ծայրահեղ պայթյունավտանգ է, Հայաստանը երբեք, իմ կարծիքով, չի համաձայնի, որ Ղարաբաղն անցնի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը չի համաձայնի, որպեսզի Ղարաբաղը մնա Հայաստանի հետ։ Այս իրավիճակում խնդիրը միայն պատերազմ թույլ չտալն է։ Հակամարտությունը դեռ երկար կշարունակվի իր ներկայիս դինամիկայով, քանի որ կողմերն արմատական կեցվածք են որդեգրել։ Չի բացառվում նաև պատերազմը։

– Միջնորդների ջանքերը բավարա՞ր են այդ խնդիրն իրագործելու համար, մասնավորապես՝ ռուսական միջնորդությունը, որը, մի շարք գնահատականների համաձայն, կառուցողական չէ։

– Միջնորդներն աշխատում են, որպեսզի չսկսվի նոր պատերազմ, իսկ ոմանք, ինչպես Թուրքիան, որը ցանկանում է դառնալ միջնորդ, կանի ամեն բան, որ սկսվի պատերազմ։

Տեսանյութեր

Լրահոս