Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանին դրդել պատերազմի Արցախի դեմ. Վաղարշակ Հարությունյան. tert.am

ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն է, ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանը, և նրանք երբեք ուղիղ հակամարտության չեն գնա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետևանքով ՆԱՏՕ-ՀԱՊԿ հնարավոր հակամարտությանը: Պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ ՆԱՏՕ-ն հասկանում է, որ կա կարմիր գիծ, որը որևէ դեպքում հատել չի կարելի, հակառակ դեպքում, կսկսվի գլոբալ պատերազմ, որի արդյունքում կպարտվեն բոլորը:

– Ռուս քաղաքագետները կարծիք են հայտնում, որ Թուրքիայի նպատակն այս կերպ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն սադրելն էր: Հնարավո՞ր է, որ ռուս-թուրքական սրացումը տեղափոխվի ՆԱՏՕ-Ռուսաստան կամ ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարթություն:

– Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում էլ, ես բազմիցս ասել եմ, որ եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, ապա դա կհանգեցնի ՆԱՏՕ-ՀԱՊԿ անմիջական հակամարտության: Ի վերջո՝ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն է, ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանը, և նրանք երբեք ուղիղ հակամարտության չեն գնա: Այս դեպքում էլ նույն իրավիճակն է: Երբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը բախվեցին, Թուրքիան փորձեց օգտվել իրավիճակից, ու սրել ՆԱՏՕ-ին ՌԴ-ի դեմ, ինչի վկայությունն, այո՛, այն էր, որ Թուրքիան վազեց թաքնվելու ՆԱՏՕ-ի թիկունքում: Թուրքիայի նպատակն ի սկզբանե մեկը չէր:

Առաջին հերթին, Թուրքիան, ռուսական ինքնաթիռը խփելով, նպատակ ուներ ներքին լսարանին հաճոյանալու, մուսուլմանական աշխարհին ցույց տալու, որ ինքն իբրև թե հզոր պետություն է և ՌԴ-ի դեմ կարող է նման կոպիտ քայլեր նախաձեռնել: Երկրորդ հերթին, այո՛, նպատակը ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների սրումն էր, ու ՌԴ մասնակցությամբ կոնֆլիկտների քանակի մեծացումը: Որքան շատ Ռուսաստանը ներգրավված լինի հակամարտություններում, այնքան կմեծանա ՌԴ-ին թուլացնելու հնարավորությունը, պարզ պատճառով`Ռուսաստանի ուժերը սկսում են բաշխվել ամենատարբեր կողմերով: Այս առումով Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանին դրդել պատերազմի Արցախի դեմ, որպեսզի Ռուսաստանի խնդիրներն ավելանան ևս մեկով: Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ն հասկանում է, որ կա կարմիր գիծ, որը որևէ դեպքում հատել չի կարելի, հակառակ դեպքում, կսկսվի գլոբալ պատերազմ, որի արդյունքում կպարտվեն բոլորը:

– Փաստորեն, Թուրքիան սխա՞լ էր հաշվարկել Ռուսաստանի հնարավոր պատասխանը և ակնկալում էր ոչ թե տնտեսական պատժամիջոցներ, այլ՝ ռազմական քայլեր, ինչին կհետևեր նաև ՆԱՏՕ-ի ռազմական արձագանքը:

– Այո՛: Թուրքիան մտածում էր, որ կտրուկ քայլերից հետո ՆԱՏՕ-ն իրեն կաջակցի, Ռուսաստանը դրանից կվախենա ու կնահանջի: Բայց հաղթանակած դուրս գալու Թուրքիայի ծրագիրը չհաջողվեց:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս