Հակոբ Ավետիքյանը Սահմանադրությանն «այո» է քվեարկելու

«Շատ կարճ էր ժամանակը, որպեսզի կարելի լիներ համոզիչ կերպով «ոչ»-ը կամ «այո»-ն բացատրել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին՝ ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի Արմենական-ռամկավար կուսակցության նախագահ Հակոբ Ավետիքյանը,- Եթե մեր հասարակության մեծ մասը ոչինչ չգիտի Սահմանադրության մասին, ինչպե՞ս ես այդ ամենը բացատրելու:

Արդյոք մեր կրթական համակարգում, մեր երեխաները Սահմանադրության մասին ինչ-որ բան անցնո՞ւմ են դպրոցներում: Հասարակագիտություն առարկա կա, բայց այնտեղ շատ քիչ բան կա այդ մասին:

Օրերս հեռուստացույցով մի քաղաքական գործիչ ասում է՝ սահմանադրական փոփոխությունները կախարդական փայտիկ է, ա՛յ մարդ, մի փայտ լինի, գլխին տաս, չկա նման բան, սահմանադրական փոփոխությունները չեն կարող կախարդական փայտիկ լինել»:

Ըստ նրա՝ սահմանադրական այս փոփոխություններում կան և՛ մտահոգիչ դրույթներ, և՛ շատ դրական. «Բայց գլխավոր հարցը մնում է, չէ՞ որ, որևէ օրենք պետք է կիրառվի, մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ դա կկիրառվի»:

Այնուամենայնիվ, Հ. Ավետիքյանը նշեց, որ իրենց կուսակցությունը որոշել է «այո» քվեարկել, ու ինքն էլ՝ որպես շարքային կուսակցական, «այո» է քվեարկելու:

Տեսանյութեր

Լրահոս