Բաժիններ՝

Սահմանամերձ գյուղերի դպրոցներում քիչ աշակերտներ են մնացել

Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այժմ ունի 23 աշակերտ: Այս ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցի առաջին դասարան է հաճախում 2 երեխա:

Դպրոցում գործում են երկկոմպլեկտ դասարաններ: 1970-ական թվականների երկրորդ կեսին Բարեկամավանի դպրոցն ութամյա էր, ուներ 300-ից ավելի աշակերտ: Բարեկամավանի դպրոցի շենքը գտնվում է ադրբեջանական զինուժի թիրախում, այս տարվա աշնանը դպրոցն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող պատ է կառուցվել,անվտանգության ապահովման նկատառումներով շենքի պատուհանները ձեւափոխվել են : Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցն 1970-ական թվականներին ութամյա էր,ուներ 330 աշակերտ: Ոսկեպարի միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 59 աշակերտ: Սահմանամերձ Կոթի գյուղը, ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ուներ 2215 բնակիչ: Կոթիի դպրոցի շենքը նախատեսված է 830 աշակերտի համար: Խորհրդային տարիներին Կոթիի դպրոցն ուներ շուրջ 700 աշակերտ:

Ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի, Կոթիի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվն այժմ 287 է: Սակայն Կոթիից ստացված տվյալներով՝ գյուղի դպրոցում այժմ սովորում է շուրջ 190 աշակերտ: Կոթիի դպրոցի աշակերտների թվի նվազումը պայմանավորված է նաեւ այս տարի ադրբեջանական զինուժի կողմից գյուղի պարբերաբար գնդակոծությամբ: Դրանից հետո շատ ծնողներ իրենց երեխաներին տեղափոխեցին Նոյեմբերյան քաղաք, Հայաստանի այլ բնակավայրեր: Կոթիի դպրոցի շենքը գտնվում է սահմանին մոտ, ադրբեջանական գնդակներից մեկը այս տարի խոցել է դպրոցի պարիսպը: Տավուշի սահմանագոտու դպրոցներում աշակերտների թվի նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով: Շատ ընտանիքներ արտագաղթել են Ռուսաստան, տեղափոխվել Երեւան կամ հանրապետության այլ վայրեր:

Սահմանամերձ գյուղերի, օրինակ Բարեկամավանի, Կոթիի հողերի մեծ մասը գտնվում է սահմանին կից, ադրբեջանական գնդակոծության գոտում, չի մշակվում: Նույն պատճառով այդ գյուղերում դժվար է անասնապահությամբ զբաղվել: Սահմանագոտում աշխատատեղերը քիչ են: Սահմանամերձ գյուղերի բնակիչների մի մասը օրվա հացի խնդիրը լուծելու համար պայմանագրային զինծառայության է անցնում: Սակայն սահման պահող, ամսվա կեսը խրամատներում անցկացնող պայմանագրային զինծառայողների ռոճիկը մեծ չէ՝ 150-170 հազար դրամ: Այս պատճառով շատերը գերադասում են ընտանիքով Ռուսաստան տեղափոխվել, քան պաշտպանել հայրենի գյուղի սահմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս