Բաժիններ՝

Որո՞նք են մարդկանց դեպի աղանդները դրդող պատճառները

– Որո՞նք են մարդկանց դեպի աղանդները դրդող պատճառները:

– Աղանդները տարբեր խնդիրներ ունեն, որոնցից կարելի է առանձնացնել 4-ը՝ հոգևոր, մտավոր, հուզական և նյութական: Մարդն իր բնույթով հոգևոր էակ է և ձգտում է հասկանալ հոգևոր ճշմարտությունները: Շատերը, բավարար չափով հոգևոր սնունդ չստանալով, հաճախ ընկնում են աղանդավորների ծուղակը: Իբրև բանական էակ՝ մարդը հաճախ փորձում է գտնել էական նշանակություն ունեցող շատ հարցերի պատասխաններ, որոնք շարունակ հուզել են և մնացել գրեթե անպատասխան: Աղանդավորներն ունեն շինծու պատասխանների համակարգեր, որոնցով հավակնում են ցանկացած հարցին լուծում տալ, ինչը նույնպես հանգեցնում է բազմաթիվ մարդկանց խաբվելուն և աղանդի սարդոստայններում հայտնվելուն: Աղանդավորները հեշտությամբ խաբում են նաև հոգեկան ճգնաժամ տանող, հարազատի կորստից ընկճված, ընտանեկան և հասարակական կյանքում խնդիրներ ունեցող ու մեկուսացված անձանց, որոնք փորձում են սփոփանք գտնել աղանդավորների հատուկ «ուշադրության» և «մխիթարանքների» մեջ: Եվ, ի վերջո, օգտվելով մարդկանց սոցիալապես անապահով վիճակից, որոշակի «մարդասիրական օգնության» միջոցով նրանք նյութապես կախման մեջ են պահում բազմաթիվ մարդկանց: 

Աղանդավորներն ունեն հմտորեն մշակված բազմաթիվ մեթոդներ՝ սկսած փողոցներում անցորդներին կանգնեցնելուց, բնակարաններ այցելելուց և զանգահարելուց՝ մինչև տպագրական ու լրատվական միջոցների լայնորեն կիրառելը և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ թափանցելը: Նրանք հատկապես ձգտում են մատաղ սերնդին դաստիարակել, ինչի համար էլ հովանավորում կամ իրենց մարդկանց տեղաբաշխում են մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում, անգամ հիմնում էլիտար կրթահաստատություններ (օրինակ՝ Վալդորֆյան դպրոցը Հայաստանում): Իրենց գաղափարները ներկայացնելիս՝ աղանդավորները հենց սկզբից դիմում են խաբեության՝ հանդես գալով բոլորովին ուրիշ՝ չեզոք կամ դրական նշանակության անվանումներով: Շահարկվում է անգամ Հայ Առաքելական եկեղեցու անունը, և շատ հարցեր մատուցվում են աղանդավորական մեկնաբանություններով: Լրացուցիչ տեղեկությունների համար առաջարկում են գրականություն, հրավիրում են ժողովների, ուր ավելի ու ավելի են «մշակում» զոհին: Որպես կանոն՝ աղանդները հոգեորսություն իրականացնում են բացառապես քրիստոնեական երկրներում:

Աղոթաբար՝ Գարիկ սարկավագ Ասրյան
qahana.am

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս