Բաժիններ՝

Երեխաների քրիստոնեական դաստիարակության սկզբնական փուլը

qahana.am-ը զրուցել է Տեր Խորեն քահանա Մարուքյանի հետ:

– Տեր Հայր, ո՞ր տարիքից պետք է զբաղվել երեխաների քրիստոնեական դաստիարակությամբ:

– Նախ, յուրաքանչյուր երեխայի հոգևոր կյանքի սկզբնավորումը և ընթացքը մենք տեսնում ենք մկրտության խորհրդի մեջ: Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրությամբ հաստատված է 8 օրական երեխայի մկրտության խորհուրդը՝ որպես անհրաժեշտ պայման` նոր ուխտի միջոցով ներառվելու Քրիստոսի փրկագործության խորհրդի մեջ: Այսինքն` մկրտությամբ հոգևոր ծնունդ առնել, սկզբնական մեղքից մաքրվել, Աստծո որդեգրության կնիքը ստանալ՝ Աստծո հարատև օրհնությունն ունենալու և երկնքի արքայությունը ժառանգելու համար: Երգեր սովորելը, բանաստեղծություններ արտասանելն ինքնին վկայում են արդեն այն հոգևոր և մտավոր որոշակի ունակությունների մասին, որոնց շնորհիվ երեխան ի վիճակի է պարզ և հասարակ ճշմարտություններ ընկալել, և հենց այդ տարիքից պետք է զբաղվել նրանց քրիստոնեական դաստիարակությամբ:

Որո՞նք են այն առաջնային սկզբունքները, որոնց ծնողը պետք է տեղյակ լինի քրիստոնեական գիտելիքների փոխանցման հարցում:

– Ծնողները հավատքով և քրիստոնեական բարոյական սկզբունքներով պիտի ապրեն` անձնական օրինակ հանդիսանալով երեխաների համար: Շատ կարևոր է Աստվածաշնչի իմացությունը, հատկապես, Նոր Կտակարանի աստվածային հայտնությունը` Հիսուս Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունելը, ինչպես նաև քրիստոնեական կրոնի հիմնական սկզբունքների և մեր եկեղեցու ուղղափառ դավանանքի իմացությունը:

Ի՞նչ արժեքների վրա պետք է ծնողն ուշադրություն դարձնի երեխայի քրիստոնեական դաստիարակության գործում:

– Կարևոր են հետևյալ արժեքները.
ա) Ամուր վստահություն սերմանել Աստծո գոյության և արարչագործության նկատմամբ`հիմք ընդունելով տիեզերքի, բնության գեղեցիկ ներդաշնակությունը, կենդանիների և բուսական աշխարհի համահունչ աստիճանական դասակարգվածությունը և, ի վերջո, Աստվածաշնչի անուրանալի և քրիստոնյա մարդկանց, սրբերի, Եկեղեցու հայրերի վկայություններն ու օրինակները.
բ) Երեխայի կյանքում սերմանել քրիստոնեական բարոյական սկզբունքները և Աստծո պատգամները.
գ) Վարժեցնել անձնական և ընդհանրական աղոթական կյանքին, եկեղեցական արարողություններին ու պատարագներին մասնակցությանը.
դ) Զավակներին զգաստության և արթնության մեջ պահելու նախանձախնդրություն և ջերմեռանդություն հանդես բերել, որպեսզի Աստծո կողմից աղոթքի միջոցով տրված շնորհները երեխաներն օգտագործեն փորձությունից և մեղքից չպարտվելու համար.
ե) Աստվածապաշտությամբ, բարեպաշտությամբ և արդարությամբ ապրելու կամք և բնավորություն հաստատել երեխայի հոգում.
զ) Ճշմարիտ աստվածապաշտությունից և քրիստոնեական հավատքից բղխող մարդասիրությունը, ընկերասիրությունը, եղբայրասիրությունը և սեփական անձն իր բարեկամների համար զոհելու մեծագույն սերը հիմք դարձնել նաև հայրենասիրությամբ և ազգասիրությամբ ապրելու և հայ ինքնությունն ու տեսակը պահպանելու համար:

Մանուկների աշխարհայացքի, գիտելիքների, քրիստոնյա լինելու գիտակցման հենքը հենց ընտանիքն է և այնտեղ տիրող մթնոլորտը. ո՞րն է, ըստ Ձեզ, քրիստոնյա ընտանիքի մոդելը:

– Քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված ընտանիքի մոդելը հետևյալն է. ընտանիք, որտեղ թագավորում են սերը, ներողամտությունը, հանդուրժողականությունը, փոխադարձ վստահությունը, խոնարհությունն ու հնազանդությունը, և սրանցից եկող ծառայասիրությունը, միմյանց տեսակն ու ճաշակն ընդունելն ու հարգելը, ինչպես նաև, նեղությունների և դժվարությունների ժամանակ միմյանց քաջությամբ և համբերությամբ զորավիգ լինելը:

Աստծո հանդեպ հավատն ուժեղացնելու համար պետք է երեխային եկեղեցի տանել և ծանոթացնել Աստվածաշնչին: Ինչպե՞ս պետք է նյութը ներկայացել և մատուցել, որպեսզի երեխայի համար ոչ միայն ընկալելի լինի, այլև մեծ հետաքրքրություն առաջացնի:

– Աստվածաշնչային ճշմարտություններն ընկալելու և մատչելի դարձնելու համար պետք է օգտվել մանկական Աստվածաշնչից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հրատարակված բազմաթիվ գրքեր, գրքույկներ կան` երեխայի տարիքին համապատասխան. դրանցից օգտվելը շատ կարևոր է և անհրաժեշտ: Մատիտներով գունավորման համար նախատեսված գրքույկներն առավել հետաքրքրություն են առաջ բերում երեխայի մոտ: Մատչելի և առավել հետաքրքիր դարձնելու համար նույնիսկ կարելի է, օրինակ, Քրիստոսի կատարած հրաշքները, բժշկությունները, պատմող առակները ներկայացնել հեքիաթանման: Ինչպես նաև կարելի է օգտվել մուլտֆիլմերից և երեխաների համար նախատեսված ձայնասկավառակներից:

Երեխաների քրիստոնեական դաստիարակության սկզբնական շրջանում մանկական զարգացման ի՞նչ ծրագրեր կան:

– Հայ Առաքելական եկեղեցին երեխաների քրիստոնեական դաստիարակությունը լավագույնս կազմակերպելու համար կազմակերպել է Հայորդաց տների, կիրակնօրյա դպրոցների և եկեղեցուն կից գործող խմբակների ծառայությունները: Լավ կլիներ, որ ծնողներն այս հանգամանքը հաշվի առնեին, և երեխաները հաճախեին հիշյալ հաստատություններ, որտեղ երեխաների հոգևոր դաստիարակության զարգացման տարբեր ծրագրեր են մշակված, որի արդյունքում, բացի ազգային և հոգևոր ժառանգության հետ հաղորդակցվելուց, նրանք ստանում են կրոնական գիտելիքներ և պատկերացումներ:

Փոքրիկների քրիստոնեական գիտելիքների ճիշտ փոխանցման համար ծնողները պետք է տիրապետեն հոգեբանորեն ճիշտ մոտեցման, իրադարձությունների մատչելի ներկայացման եղանակների. ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

– Քրիստոնեական գիտելիքների փոխանցման առումով հոգեբանական ճիշտ մոտեցումները և իրադարձությունները մատչելի ներկայացնելու եղանակներին ծանոթ լինելուց բացի, շատ կարևոր է նաև անձնական կյանքով օրինակ դառնալ երեխաների համար: Որքան էլ կարող լինենք բացատրել և սովորեցնել, եթե անձնական կյանքով այդ ամենը չփաստենք, ամեն ինչ լինելու է անպտուղ և ոչ հոգեշահ: Պիտի հորդորեմ ծնողներին գայթակղության պատճառ չլինել զավակներին և երեխաներին դաստիարակել որպես աստվածապաշտ, եկեղեցասեր, մարդասեր և հայրենասեր անձնավորություններ:

Պատրաստեց` Նարե Ոսկանյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս