Ռուսական հերթական դիվերսիան Հայաստանի նկատմամբ

Նոյեմբերի 24-ին ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռի խոցումից հետո ռուս-թուրքական առճակատումն ընթանում է առայժմ միայն քարոզչական ու տնտեսական հարթությունում:

Եթե տնտեսական առումով Ռուսաստանը կիրառում է հիմնականում «սեփական զինանոցի» գործիքներ (ՌԴ համապատասխան ծառայություններն արգելափակում են թուրքական ապրանքների մուտքը Ռուսաստանի տարածք, Ռուսաստանը սպառնում է հրաժարվել Թուրքիայում իրականացվելիք մի շարք խոշորամասշտաբ ծրագրերից), ապա քարոզչական դաշտում Ռուսաստանն օգտագործում է «ավելի լայն» գործիքակազմ, որն առնչվում է նաև Հայաստանին:

Առաջին «ծիծեռնակը» Ռուսաստանի «պաշտոնական ծաղրածու» Վլադիմիր Ժիրինովսկիի հայտարարությունն էր, թե «պետք է հայերին թույլ տանք, որ գնան-ազատագրեն իրենց արևմտյան տարածքները», ապա՝ ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ներկայացումը: Այս քայլերը, սակայն, ուղեկցվում են տեղեկատվական «աջակցությամբ», որի բազմաթիվ թիրախներից մեկն էլ հայ հասարակությունն է: Օրինակ, այսօր ռուսական իշխանությունների հետ կապված լրատվամիջոցներից մեկը՝ Vesti.Lv-ը, հրապարակել է մի հոդված, որում՝ հղում անելով անանուն աղբյուրներին, նշում է, թե հնարավոր է՝ առաջիկայում Ռուսաստանը վերանայի Մոսկվայի պայմանագիրը:

«Պուտինը կարող է զրկել Թուրքիային իր տարածքի 30 տոկոսից» խոսուն անվանումով հրապարակման մեջ լրատվամիջոցը գրում է. «Ռուսաստանը պատրաստվում է խզել Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը, ինչի հետևանքով Թուրքիան կարող է զրկվել իր տարածքների մինչև 30 տոկոսից»: Vesti.Lv-ն հիշեցնում է, որ Մոսկվայի պայմանագիրը ռուս-թուրքական պայմանագիր է «Բարեկամության ու եղբայրության» մասին, որը ստորագրվել է 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովի կառավարության ու Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև:

«Պայմանագրի համաձայն՝ հայկական Կարս ու Արդահան քաղաքներն անցան Թուրքիային: Արարատ լեռը նույնպես մնաց Թուրքիայի տարածքում: Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանն այն երկարաձգում է յուրաքանչյուր 25 տարին մեկ, ու հիմա մոտենում է պայմանագրի հերթական ստորագրման ժամկետը, ինչը Ռուսաստանը կարող է օրինական հիմունքներով չկատարել: Այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի հսկայական տարածքներ վերադարձնել»:

Հասկանալի է, որ սա ոչ ավելին է, քան տեղեկատվական հնարք, որին անգամ թուրքերը լրջորեն չեն վերաբերվի: Այն պարզ պատճառով, որ սա կնշանակի՝ Ռուսաստանի կողմից ուղղակիորեն պատերազմ հայտարարել Թուրքիային, որովհետև այդ պայմանագրի չեղարկումը նշանակում է գոյություն ունեցող քարտեզի վերաձևում, ինչը, գոնե ներկայիս աշխարհակարգում, անիրականանալի թվացող հեռանկար է: Հասկանալի է նաև, որ նման հրապարակումներով ռուսական իշխանությունները փորձում են հայ հասարակության մեջ վերականգնել Ռուսաստանի հանդեպ տածած անվերապահ հավատարմությունը:

Պարզ է, որ հայ հասարակության մեծամասնությունը՝ առանց խորանալու աշխարհաքաղաքական նրբությունների մեջ, նման հրապարակումներն ընդունելու է՝ որպես Ռուսաստանի միջոցով «պատմական արդարությունը վերականգնելու», «մեր հողերը գրավելու» ուղերձ ու լցվելու է Ռուսաստանի հանդեպ անհագուրդ սիրով: Իսկ դա Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանում սեփական ներկայությունն ամրապնդելու, արդեն իսկ եղած ներկայությանն ու կապիտուլյացիայի հասնող միջամտությանը հանրային լեգիտիմություն հաղորդելու համար:

Շատ ավելի կարևոր է, թե ուղեղի լվացման նման «ակտերն» ինչպես կընդունի Հայաստանի քաղաքական վերնախավը, ինչպես՝ իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության ներկայացուցիչները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունն ու ընդդիմությունը Ռուսաստանին վերաբերվում են շատ ավելի ինքնամոռաց ու անմնացորդ սիրով, քան հասարակությունը, դժվար է պատկերացնել, որ քաղաքական վերնախավը կկարողանա գիտակցել նման տեղեկատվական «հոսքերի» իրական նպատակները:

Իսկ դա վտանգավոր, չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար: Սա Հայաստանի նկատմամբ ռուսական համապատասխան շրջանակների կողմից սանձազերծված դիվերսիայի բաղկացուցիչներից մեկն է միայն, որը, սակայն, շոշափում է հայ ժողովրդի շատ «նուրբ լարերը»: Առաջիկայում պետք է պատրաստ լինել նորանոր տեղեկատվական դիվերսիոն գործողությունների:

Տեսանյութեր

Լրահոս