Բաժիններ՝

«Ինչ Անահիտ Բախշյանը դուրս եկավ պառլամենտից՝ կրթության ոլորտին վերաբերող հարց տվող ընդդիմությունից համարյա չկա». Արմեն Աշոտյան

«ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի» քննարկման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սահուն անցում կատարեց սահմանադրական բարեփոխումների նախագծին ու ներկայացրեց, թե կրթության ոլորտի վերաբերյալ փոփոխությունները որքան դրական են: Հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց՝ ասելով, թե սահմանադրական փոփոխությունների նախագծին անդրադարձավ միայն նրա համար, որ այնտեղ կրթության ոլորտին վերաբերող ձևակերպումները բացատրության կարիք ունեն. «Ինչը շատ հակիրճ արեցի»:

«Սահմանադրական փոփոխությունների նախագծում շատ ճկուն բանաձև կա, որ պարտադիր կրթության տևողությունը և ծրագրերը սահմանվում են օրենքով: Առաջին անգամ Սահմանադրության մեջ ներմուծել ենք ակադեմիական ազատություն հասկացությունը, ինչը մաքուր եվրոպական երևույթ է: Ակադեմիական ազատությունը ենթադրում է, որ հիմնականում պետական բուհերը պետք է դառնան հանրային՝ աշխատեն ոչ թե պետության, այլ հասարակության համար: Սա պահանջում է մտածելակերպի գլոբալ տրանսֆորմացիա, պահանջում է ոչ միայն՝ կազմակերպական ձևի փոփոխություններ (ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալը), այլ` մտածելակերպային փոփոխություններ: Oրինակ` Երևանի պետական համալսարանն իր մեջ «պետական» բառը կրում է որպես բրենդ, բայց այդ բուհն այլևս պետությանը չէ, այլ իր բովանդակությամբ՝ հանրային արժեք է: Մեր բուհերը պետք է հանրային դառնան: Միջազգային տենդենցը դա է: Ուժեղ բուհերը պետք է ազատ լինեն ոչ միայն՝ ֆինանսական հարցերում, այլ նախ և առաջ՝ մտածելակերպի մեջ»,- ասաց նախարարը:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե «ոչ»-ի կողմնակիցները քննադատում են նախագծի կրթության ոլորտին վերաբերող ձևակերպումները, նախարարը պատասխանեց. «Ես շատ կուզենայի, որ «ոչ»-ի կողմնակիցները քննադատեին կրթական հոդվածները, ու առհասարակ կուզենայի, որ ընդդիմությունը մի քիչ ավելի շատ աշխատեր կրթության օրենսդրության վրա և ավելի շահագրգիռ լիներ ոչ միայն՝ քաղաքական, այլև՝ բովանդակային քննարկումների մեջ:

Ընդդիմության օրակարգի մեջ հանրային նշանակության այս կարևոր ոլորտը, ցավոք, պատշաճ կերպով չի արտահայտվում: Այսօրվա մեր ընդդիմությունը կարող է ունենալ մարտավարական դիտողություններ, բայց շատ քիչ են խոսում, շատ քիչ են քննադատում, պառլամենտում շատ քիչ են կրթական հարցեր տալիս. ինչ Անահիտ Բախշյանը դուրս եկավ պառլամենտից, կրթության ոլորտին վերաբերող հարց տվող ընդդիմությունից համարյա չկա»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս