Բաժիններ՝

ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Հանրայինի աշխատակիցը երբեք կասկածի առիթ չի տվել. aravot.am

Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից Նորք Մարաշի առանձնատներից մեկում բացահայտված հանցավոր խմբի անդամներից մեկը՝ հանրային հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյանն ընդամենը 10 ամիս էր, ինչ աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է հեռուստաընկերության PR մենեջեր Արուսյակ Զախարյանը: Նրա խոսքերով՝ Արման Հայրապետյանը արբանյակային հեռարձակման համակարգողն է եղել, ոչ թե թողարկիչը, ինչպես նշել էին լրատվամիջոցները: Արուսյակ Զախարյանի ներկայացմամբ՝ Հայրապետյանը հերթափոխային ռեժիմով է աշխատել՝ շաբաթվա ընթացքում՝ մեկ օր.

«Այսինքն` նրա պարտականությունները արբանյակով հեռարձակվող հաղորդումների դասակարգումն էր, որը ստուգվում էր, ապա թողարկիչն էլ թողարկում էր»: Զախարյանն ասել է, որ հիմա այժմ Հանրային հեռուստաընկերությունը հետևում է իրավական գործընթացներին, բոլոր հանգամանքներին և դրանց առնչությանը Արման Հայրապետյանի հետ:

Aravot.am-ի այն հարցին՝ երբևէ նկատե՞լ են որևէ տարօրինակ, կասկածելի վարք Հայրապետյանի կողմից, կամ ագրեսիվ դրսևորում, որը կարող էր սպառնալիք լիներ հանրային հեռուստաընկերությանը, Արուսյակ Զախարյանն ասել է.

«Քանի որ Հանրային հեռուստաընկերությունը ռազմավարական կարևորության օբյեկտ է, ուստի մեզ մոտ վերահսկողությունն անվտանգության նկատառումներով շատ ուժեղ է: Անցագրային կետում բոլորը ստուգվում են հատուկ սարքավորումներով, տեսախցիկներ կան, անվտանգությունը բարձր մակարդակի վրա է: Տվյալ աշխատակիցը որևէ կասկածի առիթ չի տվել, գոնե նախնականով: Գուցե քննությունն այլ բան պարզի: Հայրապետյանը Հանրային հեռուստաընկերության բնականոն գործունեության մասով որևէ խնդիր չի առաջացրել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս