«Թուրքիան ներողություն չի խնդրի «Սու-24»-ի համար». Էրդողանի պատասխանը Պուտինին

Թուրքիան ներողություն չի խնդրի խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի համար: Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տիրույթը»,- ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրդովմունք էր հայտնել, որ թուրքական կողմը ներողություն չի խնդրել խոցված ինքնաթիռի համար:

Պուտինը հայտարարել է, թե Թուրքիան գիտակցաբար Ռուսաստանի հետ հարաբերությունները մտցնում է փակուղի, մինչ օրս ներողություն չի ասվել խոցված ինքնաթիռի համար, չի հնչել նաև հասցված վնասի փոխհատուցման առաջարկություն ու մեղավորներին պատժելու հայտարարություն:

«Մենք մինչ օրս չենք լսել ներողություն Թուրքիայի բարձրագույն քաղաքական մակարդակով, վնասի փոխհատուցման առաջարկություն, ոչ էլ կատարած հանցագործության համար հանցագործներին պատժելու խոստումներ»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, թե «ստեղծվում է տպավորություն, որ թուրքական ղեկավարությունը գիտակցաբար ռուս-թուրքական հարաբերությունները մտցնում է փակուղի»:
«Մենք ափսոսում ենք դրա համար»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս