«Եթե ես լինեի ՌԴ նախագահը՝ ես կդադարեցնեի դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի և Թուրքիայի միջև». Անդրիաս Ղուկասյան

«Եթե ես լինեի ՌԴ նախագահը՝ ես կդադարեցնեի դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի և Թուրքիայի միջև, դիվանագիտական հարաբերությունները նման դեպքից հետո չեն կարող շարունակվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս թուրք զինվորականների կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցման դեպքի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Բանախոսի խոսքով՝ Թուրքիան ունի իր խոցելի տեղը՝ «Հյուսիսային Կիպրոսը», որտեղ կարող էր ցանկացած տարածք ռմբակոծել. «Ու եթե ՌԴ-ն այդ քայլին չի դիմում, ապա սխալ է անում, դա այն քայլն է, որը փակուղի կմտցնի այն ամբողջ իրավիճակը, որը սկսել է»:

Ա. Ղուկասյանի գնահատմամբ՝ եթե դիվանագիտական հարաբերությունները խզված չեն ՌԴ-ի և Թուրքիայի միջև, ապա մնացած ամեն ինչը խաղ է. «Սա իրավիճակ է, որտեղ երևում է, որ այն կերպարները, որոնք մեդիայով ստեղծվում են՝ ուժեղ տղերքի և այլն, դրանք իրականությանը չեն համապատասխանում, նրանք գնում են առևտրի»:

Անդրադառնալով երեկ ռուսական մամուլում տարածված այն տեղեկատվությանը, որ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը մտադիր է ՌԴ Պետդումայում քննարկման դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը, Ա. Ղուկասյանը նշեց, որ սա թույլ գործողություն է. «Դա ավելի շատ փորձ է՝ քողարկելու այն գործողությունը, որը պետք է արվեր՝ դիվանագիտական հարաբերությունների խզելը: Սա իմիտացիա է»:

Տեսանյութեր

Լրահոս