«Հայաստանի ՌԴ ռազմաբազաները կօգտագործվեն Սիրիայում ռուսական արշավին օպերատիվ աջակցություն ցույց տալու համար»

«Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի, ԱՄՆ-ի և գործընկերների միջև ռազմական լարվածության բռնկման վտանգը միշտ առկա է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով թուրք զինվորականների կողմից ռուսական ինքնաթիռի խոցման փաստի ազդեցությանը տարածաշրջանային զարգացումների և Հայաստանի վրա:

Հարցին՝ արդյոք կարելի՞ է ակնկալել ռազմական լարվածություն Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի միջև այսօր գրանցված միջադեպից հետո, նա պատասխանեց, որ ռազմական լարվածության մակարդակի աճի վտանգը ոչ որոշման արդյունքում, բայց պատահականորեն միշտ այնտեղ առկա է:

«Ոչ միայն ռուսական և թուրքական ուժերի, այլև ամերիկյան և այլ գործընկերների միջև կարող է պատահականորեն լարվածություն բռնկվել, որոնք աշխատում են ընդդիմանալու սիրիական կառավարությանը և պայքարելու Իսլամական պետության դեմ»,- ասաց նա: Մեկ այլ դիտարկմանը, թե դա սպառնալիք չէ՞ արդյոք Հայաստանի համար, որը հյուրընկալում է ռուսական ռազմաբազաները, արձագանքեց, ասելով, որ Հայաստանում են տեղակայված ռուսական ռազմաբազաները, որոնք կօգտագործվեն Սիրիայում ՌԴ օդային արշավին օպերատիվ աջակցություն ցույց տալու համար: Սակայն, վերլուծաբանի կարծիքով, սա անպայմանորեն վատ զարգացում չպետք է դիտարկել:

«Դա ցույց է տալիս, որ Հայաստանը մեծ կարևորություն ունի»,- ասաց Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականներն են խոցել ռուսական «Սու-24» ինքնաթիռը: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Bloomberg-ի թղթակից Ֆերջան Յալինկիլիջը: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր ռուսական ինքնաթիռի խոցման փաստը: Գերատեսչությունը պնդել է, որ ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում, սակայն Անկարան պնդում է, որ «Սու-24»-ը խախտել է Թուրքիայի օդային տիրույթը: Ինքնաթիռն ընկել է Սիրիայի Լաթաքիա նահանգի տարածքում:

 

Տեսանյութեր

Լրահոս