Հասարակության երկու թշնամիները

Որքան մոտենում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այնքան դրան կողմ ու դեմ հանդես եկող քաղաքական ուժերն ավելի ագրեսիվ են դառնում: Դեռևս կամ ընդհանրապես ոչ թե՝ գործողություններով, այլ՝ քարոզչական հայտարարություններով: Ու որքան այդ հայտարարություններն ավելի ագրեսիվ են դառնում, այնքան դրանք ավելի են հեռանում իրականությունից:

Բոլոր այդ հայտարարությունները, վերջին հաշվով, հանգում են հետևյալին. «Ոչ»-ի կողմնակիցներն ասում են, թե ամբողջ Հայաստանում չեն հանդիպել անգամ մեկ մարդու, ով «այո» է ասելու Սահմանադրության նախագծին, «Այո»-ի կողմնակիցներն էլ, մի փոքր ավելի «համեստ» գտնվելով՝ հայտարարում են, թե երկրով մեկ ման են եկել ու համոզվել են, որ «այո»-ի կողմնակիցները մի քանի անգամ ավելի շատ են, քան «ոչ» ասել պատրաստվողները: Բնականաբար, այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ իրականությունը, ինչպես միշտ, այս երկու հակադիր մոտեցումների մեջտեղում է: Ու ոչ այն իմաստով, որ «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցները համարյա հավասար են:

Իրականում, որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում լայն իմաստով չկան «այո»-ի կամ «ոչ»-ի կողմնակիցներ, չհաշված պետական կառավարման համակարգի աշխատողների պարտադիր «այո»-ն ու ընդդիմադիր ակտիվիստների նույնքան պարտադիր «ոչ»-ը: Այդ «այո»-ներն ու «ոչ»-երը չեն արտահայտում հասարակության տրամադրությունը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ՝ այն պարզ պատճառով, որ հասարակությունը չունի որևէ տրամադրություն այդ հարցում:

Որովհետև չունենալով տրամադրություն ընդհանրապես որևէ հարցում, իրականում թքած ունի սահմանադրական փոփոխությունների և ընդհանրապես քաղաքականության հետ կապված որևէ երևույթի վրա:

Որովհետև հասարակությունը դադարել է քաղաքականությունն ու քաղաքական ուժերին վերաբերվել՝ որպես իր կյանքը բարելավելու միջոցներ ու գործիքներ, ինչպես ընդունված է նորմալ հասարակություններում ու նորմալ երկրներում: Իսկ այդ դեպքում «այո»-ի քարոզչությունն ու «ոչ»-ի հակաքարոզչությունն ընդամենը ցուցադրական, «արարողակարգային» միջոցառումներ են, որոնք որևէ աղերս չունեն հասարակության իրական խնդիրների, մտահոգությունների, հանրային պահանջի հետ, մի խոսքով: Հայաստանում քաղաքականությունը վաղուց «ընթանում» է առանց հասարակության:

Այն, որ իշխանությունը երբեք չի եղել հանրային շահի սպասարկող, Հայաստանում դարձել է նորմ, սակայն տևական ժամանակ է, որ հանրային շահի հետ դադարել է կապ ունենալ նաև ընդդիմությունը: Ու արդյունքում՝ ստացվել է այնպես, որ իշխանությունն ու ընդդիմության առավելագույն հատվածը սկսել են սպասարկել մեկմեկու շահերը: Ու ամենևին կապ չունի, թե որքան հայհոյախառն են ընդդիմության մեղադրանքներն իշխանության հասցեին, կամ որքան ցինիկաբար են իշխանությունները պատասխանում այդ մեղադրանքներին:

Դրանք ամբողջությամբ տեղավորվում են ժանրի ու խաղի կանոնների մեջ: Իսկ խաղը, վերջին հաշվով, հանգում է գործող ոչ միայն՝ իշխանության, այլև՝ ամբողջ քաղաքական համակարգի վերարտադրությանը, որում հասարակությունը որևէ դերակատարում չունի: Արդյունքում՝ նրանք՝ իշխանությունն ու ընդդիմությունը, դարձել են հասարակության երկու թշնամիները, որոնք օրգանապես կապված լինելով միմյանց՝ ապահովում են մեկմեկու գոյությունը:

Տեսանյութեր

Լրահոս