Քանի սաղ ենք, սաղին պարտք ենք

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստում 2016թ. բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորները բազմիցս մտահոգություն հայտնեցին Հայաստանի պետական պարտքի վերաբերյալ: 2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 785 մլն դոլար, իսկ 2015 թ. տարեվերջին, կանխատեսումների համաձայն, կկազմի մոտ 4 մլրդ 489 մլն դոլար: Այս տարվա ընթացքում արտաքին պարտավորությունների գծով ստացվելու է մոտ 1 մլրդ 17 մլն դոլար, իսկ հաջորդ տարի` մոտ 443 մլն դոլար: Այսինքն` 2016 թ. տարեվերջին ՀՀ արտաքին պարտքը կրկին կավելանա և կկազմի 4 մլրդ 818 մլն դոլար: Չնայած արտաքին պարտքի պրոգրեսիվ աճին, ՀՀ ֆինանսական ոլորտի պատասխանատուները վստահեցնում են` երկիրը սնանկ չի հայտարարվի, դեֆոլտի վտանգ չկա: Արտաքին պարտքի ռիսկերի ու ֆինանսների օգտագործման արդյունավետության շուրջ է մեր զրույցը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հետ:

– Պարոն Սաֆարյան, Հայաստանի պարտքն օր օրի ավելանում է և մոտ է ՀՆԱ 50%-ին: Արդյոք վտանգ չե՞ք տեսնում:

– Այո, տոկոսն ավելանում է ՀՆԱ-ի մեջ, միայն արտաքինը 42% է դառնալու 2016թ. ավարտին: Այդ թիվը մեզ 2 բան է հուշում` առաջինը` երբ տոկոսները բարձրանում են, անհրաժեշտ է դիտարկել հնարավորությունները, թե դրանք ինչքան են` այդ արտաքին պարտքի թե՛ տոկոսները, թե՛ մարումներն ապահովելու համար: Այն իրավական փաստաթղթերով, որոնք գոյություն ունեն` մեր միջինժամկետ ծախսային ծրագիրը, հեռանկարային զարգացման ծրագիրը, մեր ֆինանսական հոսքերի մեջ դրանք տեղավորվող պարտքեր են, այնպես որ, այդ տեսակետից վտանգավոր չեն:

Բայց մյուս կողմից, իհարկե, դրանք մեզ հուշում են, որ մենք պետք է նախ` ուշադիր լինենք պարտքի նկատմամբ այն առումով, որ մենք պետք է հետագա վերցվելիք գումարներն ուղղենք ավելի շատ ներդրումային նպատակների համար, և պետք է ուշադիր լինենք, որ դրանք հնարավորինս արդյունավետ օգտագործվեն:

Կարդացեք նաև

Առավել ևս, երբ մենք ունենք արտաքին պարտքի տեսակարար կշռի բարձրացում, այդ երկու հարցերն առաջիկայում ավելի կարևոր են, չնայած նախկինում ևս այդ հարցերը կարևոր են եղել միշտ, բայց ինչքան տոկոսը բարձրանում է, այդքան պետք է ավելի շատ մտածել արդյունավետության մասին: Արտաքին պարտքը նաև տնտեսության զարգացման համար նախադրյալ է: Մեր պարտքն ինչպե՞ս է ձևավորվում` վերցնում ենք վարկեր, օգտագործում տնտեսության մեջ` տնտեսական զարգացումներն ավելի արագացնելու նպատակով:

– Այսինքն` հաջորդ տարվա բյուջեով մայր գումարի մարումների և տոկոսների սպասարկման հարցը խնդրահարույց չէ՞:

– Հաջորդ տարի այդ նպատակով հատկացումները 135 մլրդ դրամ են կազմելու, որից 95 մլրդ-ը տոկոսներն են, մնացած 40 մլրդ-ը վարկի մարումն է: Ոչ թե այդ 135 մլրդ-ը թիվ չէ մեր ծախսերի մեջ, այլ մեր ֆինանսական հոսքերի տեսակետից ռիսկային չէ, որովհետև կառավարելի է, և մենք կառավարում ենք, մեր բյուջեի նախագծում այն ամբողջապես արտացոլված է:

Օրինակ` ԱՊՀ շրջանում 2014 թ.-ին Բելառուսի պարտքը եղել է ՀՆԱ-ի 40.5%, Ղրղըզստանինը` 53%, Եվրոպայում՝ Ալբանիա` 72.5%, Բոսնիա` 44%, Խորվաթիա` 85%, Հունգարիա` 77%, Չեռնոգորիա` 60%, Լեհաստան` 50%, Սերբիա` 70%, Ռումինիան է միայն մեզանից մի քիչ պակաս:

– Սակայն Ձեր նշած երկրներում տնտեսական զարգացումներն այնքան մտահոգիչ չեն, ինչպես Հայաստանում:

– Այս երկրների տնտեսական զարգացման մտահոգիչ լինելու մասին պետք է բավարար ինֆորմացիա ունենալ: Եթե պարտքն արդեն գերազանցում է ՀՆԱ 50%-ը, և հետևենք այդ տրամաբանությանը, որ դա մտահոգիչ է, որ այդքան պարտք են վերցրել, ուրեմն, եթե այն տեսակետից ենք նայում, որ, եթե տոկոսը բարձր է՝ վատ է, ստացվում է, որ այս երկրները ՀՀ-ից ավելի վա՞տ վիճակում են:

– Լուրեր տարածվեցին, որ ՀՀ կառավարությունը հաջորդ տարի կրկին եվրոբոնդերի օգնությանն է դիմելու: Ըստ Ձեզ՝ եվրոբոնդերի թողարկման անհրաժեշտություն կառաջանա՞ հաջորդ տարի:

– Այսօր նման անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Եվ եթե ես քիչ թե շատ տիրապետում եմ քննարկվող հարցերին, կարծես թե նման հարց չի քննարկվում: Այստեղ ինչ-որ մեկն այդ խոսակցությունը գցել է, բայց ես երբևէ նման բան իրավասու մարմինների կողմից չեմ լսել, կամ նրանց, ովքեր պետք է քննարկեին:

– Արդեն վերցված եվրոբոնդերի գծով մեր պարտավորությունները, ըստ մասնագետների, ծանր են, և չարժեր նման պարտք վերցնել: Համամի՞տ եք:

– Մեր մյուս պարտավորությունների հետ համեմատած՝ Համաշխարհային բանկից, Ասիական բանկից և միջազգային մյուս ֆինանսական կառույցներից վերցված պարտքի համեմատ եվրոբոնդերի տոկոսներն ավելի բարձր են, և դրանք ավելի ծանր պարտք են:

– Դրանց հետ կապված խնդիր կունենա՞նք:

– Մեր տարեկան բյուջեով, եռամյա միջինժամկետ ծախսային ծրագրում այդ բոլոր պարտավորություններն արտացոլված են: Անլուծելի խնդիրներ չունենք: Խնդիրներ պարզապես ունենք այն առումով, ինչպես մնացած բոլոր արտաքին պարտավորություններ ձևավորող միջոցների դեպքում, որ, եթե չլինեին դրանք, ապա, իհարկե, մեր ծախսեր կատարելու հնարավորությունն ավելի ընդլայնված կլիներ: Այսինքն՝ մենք ինչ-որ գումար չենք ծախսում պարտավորություն մարելու, այդքան ազատ միջոց կունենայինք և կծախսեինք այլ նպատակներով:

– Ներգրավված միջոցների օգտագործման արդյունավետությունն է առավել կարևորվում: Օրինակ՝ թանկ եվրոբոնդերի գումարով ռուսական համեմատաբար էժան պարտքը մարվեց: Ըստ Ձեզ՝ արդյոք արդյունավե՞տ են ծախսվել վերցված գումարները:

– Գիտեք, դա շատ ընդհանրական հարց է, մենք պետք է վերլուծենք՝ այդ 5 մլն դոլարի պարտքը ձևավորող գումարներից որն ինչպես է ծախսվել: Կան պարտքեր, որոնք վերցվել են և շատ արդյունավետ են եղել, կան պարտքեր, որոնք կարելի էր չվերցնել: Այսինքն՝ կարելի է հետին թվով ինչ-որ գնահատականներ տալ, այդ պարտքի փոխարեն ուրիշ գումար վերցվեր, և այլն: Շատ դժվար է, եթե ընդհանրապես ընդհանրական գնահատական տանք, իհարկե, ամենացանկալի, իդեալական ձևով չի եղել օգտագործումը, և դա ես բնական եմ համարում, որովհետև աշխարհում որևէ տեղ չկա, որ ոչ միայն պարտքը, այլ ընդհանրապես միջոցներն իդեալական ծախսվեն:

Ուղղակի այդ հարցին մոտեցումը կիրառական տեսակետից այն է, որ կոնկրետացնում ես, թե որտեղ և ինչ առումով արդյունավետ չի եղել, որը գործողության է մղում: Հակառակ քննարկումները որևէ գործողության չեն մղում, այսինքն՝ Դուք ասում եք՝ անարդյունավետ է, ես համաձայնում եմ, և համերաշխ բաժանվում ենք, դա գործողություն չի ենթադրում: Այսինքն՝ քննարկումների մեջ պետք է կոնկրետ լինի՝ որ բնագավառում է, ինչով է պայմանավորված և ինչպես պետք է անել, որ չկրկնվի: Այդ ժամանակ առարկայական նշանակություն կունենա այդ քննարկումը:

– Դոլար-դրամ փոխարժեքի տատանումների պատճառով հաջորդ տարվա արտաքին պարտքի սպասարկման հետ կապված ռիսկերը չե՞ն մեծանում:

– Դա կախված է նրանից, թե տատանումներն ինչ չափով կլինեն: Պետական բյուջեի տեսակետից ռիսկերն այդքան շատ չեն, ինչքան կարող եք պատկերացնել, որովհետև այդ ռիսկերն իր վրա կրում է Կենտրոնական բանկը:

Տեսանյութեր

Լրահոս