Հոդատապ. բուժիչ բաղադրատոմսեր

Այս հիվանդությունը նկարագրված է բազմաթիվ գիտական աշխատանքներում եւ գեղարվեստական ստեղծագործություններում։ Շատ գրողներ են նկարագրել հոդատապի պատճառած տառապանքները` մանրամասնելով դրանք։ Կա կարծիք, որ այս հանգամանքը բնորոշվում է այն փաստով, որ բազմաթիվ բանաստեղծներ, արվեստագետներ, գիտնականներ, այլ մասնագիտության տեր, բարձր մտավոր կարողությամբ օժտված մարդիկ իրենց մաշկի վրա են զգացել այս հիվանդությանն ուղեկցող «դժոխային կրակը»։

Գ. Էլլիսը 1937 թ. «Բրիտանական հանճարի հետազոտություն» գրքում փորձել է գտնել, թե ինչ հաճախականությամբ է տարածված եղել հոդատապը բրիտանացի հանճարեղ մարդկանց շրջանում։ Հանճար-հոդատապ հնարավոր կապի պատճառներն ուսումնասիրել է մի այլ բրիտանացի գիտնական` Է. Օրովանը (1955թ.)։ Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ միզաթթուն կառուցվածքով մոտ է սուրճի մեջ պարունակվող կոֆեինին եւ թեյի տերեւի մաս կազմող տեոբրոմինին։ Հայտնի է, որ հոդատապի հիմնական պատճառներից մեկը հոդերում միզաթթվի կուտակումներն են, իսկ կոֆեինը եւ տեոբրոմինը խթանում են մտավոր ակտիվությունը։

Թեեւ հոդատապը համարվում է «հանճարների» հիվանդություն, այնուամենայնիվ, հիվանդների մեծ մասը միջին մտավոր կարողություններ ունեցող մարդիկ են։

Հոդատապով, ըստ վիճակագրական տվյալների` տառապում է յուրաքանչյուր հազար մարդուց երեքը. դրանք քառասունն անց տղամարդիկ եւ 55-ից բարձր տարիք ունեցող կանայք են։

Կարդացեք նաև

Ժամանակակից մարդու մոտ հիվանդությունն ունի երիտասարդացման միտում։

Podos=ոտնաթաթ եւ agra= թակարդ` «պոդագրա» հունական բարդ բառի երկու բաղադրիչներն են։ Քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է միզաթթվի փոխանակման գործընթացի խանգարման հետեւանքով։

Հոդատապը խոցում է մատների, դաստակների, արմունկների, ծնկների, ոտնաթաթերի հոդերը, սակայն ավելի շատ` ոտքի բութ մատը. դեպքերի մոտ 50 տոկոսը։

Հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Թոմաս Սինդենխեմը (1683թ.), նա համեմատում էր հիվանդության պատճառած ցավը «մամլիչի տակ սեղմված վերջույթի ցավի» հետ։ Ճիշտ 200 տարի անց մի այլ անգլիացի բժիշկ` Ա. Հարրոդը, հայտնաբերել է, որ հոդատապով հիվանդի արյան մեջ բարձր է միզաթթվի պարունակությունը։ Այս երեւույթը կոչվում է հիպերուրիկեմիա։ Ավելի ուշ` 1960-ական թթ., պարզվել է, որ հոդատապի զարգացմանը նպաստում են հոդահեղուկի մեջ հայտնաբերված ուրատային բնույթի բյուրեղիկները։ Մեր օրերում շարունակվում են այս հիվանդության զարգացման օրինաչափությունների, հնարավոր հետեւանքների եւ դրանց կանխարգելման հնարավորության վերաբերյալ ուսումնասիրությունները։ Առաջին անգամ հիվանդությունը զգացնել է տալիս իր առկայության մասին սուր ցավերով հիվանդ հոդում։ Ցավերը կարող են սկսվել օրվա ցանկացած ժամին, սակայն ավելի հաճախ լինում է գիշերը եւ վաղ առավոտյան։ Նույնիսկ սավանի հպումը անտանելի ցավ է պատճառում։ Հանգստի վիճակում ավելանում է միզաթթվի պարունակությունը հոդահեղուկի մեջ, հոդն այտուցվում է, կարմրատակում. եթե դիպչեք հիվանդ մասին, ապա կզգաք, որ այն ջերմում է։ Հիվանդ հոդը գործնականում անշարժանում է, մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչեւ 39-40 աստիճան։ Ահա այս հատկանիշներն են արտահայտված հիվանդության հայերեն անվանման մեջ` «ջերմող հոդ»=հոդատապ։

Սուր ցավերը կարծես սպասում են օրվա մութ ժամերին, երբ ուժեղանում է հանգիստ պարգեւող հորմոնների արտադրությունը եւ բթանում է մարդու մտավոր կարողությունը։

Հիվանդության սրացումը տևում է երկուսից յոթ օր, երբեմն` ավելի երկար, դրանից հետո բորբոքային ընթացքը նվազում է։ Կա կարծիք, որ հոդատապը կարելի է չբուժել, սակայն, որքան հնանում է հիվանդությունը, այնքան ավելի հաճախ են կրկնվում ցավի նոպաները։ Ընդ որում, հաջորդ անգամ կարող են հիվանդանալ եւ ցավ պատճառել հարեւան հոդերը։ Ժամանակի ընթացքում հնարավոր է` առաջանա ոսկրերի կառուցվածքային փոփոխություն։

Հիվանդության չորրորդ տարում հիվանդ հոդի շրջանում, մաշկի տակ կարող են առաջանալ «բուրգեր», որոնք ունեն դեղին գույն եւ խիտ կառուցվածք, քանի որ պարունակում են միզաթթվի ասեղնաձեւ բյուրեղներ։ Երբեմն այդ «տոֆուս» կոչվող բուրգերն ինքնաբերաբար քայքայվում եւ արտադրում են սպիտակավուն պինդ նյութի մասնիկներ։ Փորձառու բժիշկը կարող է ախտորոշել հիվանդությունը ականջի մաշկի տակ առաջացած խիտ հանգույցների առկայության հանգամանքով։

Հոդատապն առավել հաճախ է զարգանում գեր, շաքարախտով, հիպերտոնիայով հիվանդների մոտ։ Հիվանդության մասին վկայում է նաեւ քարերի` հատկապես ուրատային, առկայությունը երիկամներում։ Նման ընթացք է ունենում դեպքերի մոտ 20 տոկոսը` մեզի մեջ հայտնաբերվում են սպիտակուց եւ էրիթրոցիտներ, նկատվում է ծակոց երիկամներում, բարձրանում է զարկերակային ճնշումը։ Երբեմն հոդատապը հասնելով սրտամկանին` խոցում է սրտի փականները։

Հոդատապը գենետիկորեն փոխանցվող հիվանդությունների շարքին է դասվում եւ խոցում է ոչ միայն հոդերը։ Հիվանդության թե առաջացման ու զարգացման, եւ թե կանխարգելման ու թեթեւ ընթացք ապահովելու համար մեծ նշանակություն ունի ճիշտ սննդակարգը։ Ալկոհոլը` հատկապես գարեջուրը, եւ կերակրի մեծ չափաբաժինը սրացում են առաջացնում։

Հոդատապով ավելի շատ հիվանդանում են տղամարդիկ (95 տոկոս)։

Գենետիկայում կա «հոդատապային բնույթի հանճար» սահմանումը։ Նման մարդկանց ցանկը շատ մեծ է` Ա.Մակեդոնացի, արքա Հենրի 6-րդ, Կրոմվել, Կարդինալ Մազարինի, Իվան Ահեղ, Պետրոս Մեծ, Միքելանջելո, Պուշկին, Տուրգենեւ, Մոպասան, Ստենդալ, Կոլումբոս, Նյուտոն, Չ. Դարվին, այլք։

Ինչպես տեսնում ենք, հիվանդությունը հայտնի է եղել հնագույն ժամանակներից, եւ դեռեւս այն ժամանակվա բուժարարները, որպես հիմնական բուժման մեթոդ, առաջարկել են ճիշտ հաշվարկված սննդակարգը։

Սննդակարգը հաշվի է առնում հիվանդության սուր եւ քրոնիկ բնույթը, նոպաների հաճախականությունը, առաջացման պատճառը, միզաթթվի մակարդակը պլազմայում, հիվանդի քաշը եւ ընդհանուր առողջական վիճակը։

Սրացման ժամանակ պետք է առաջնահերթ սահմանափակել պուրիններ պարունակող սննդամթերքը` մսեղեն, սպիտակուց պարունակող բուսական, կերակրի աղ։ Գիրության դեպքում սահմանափակվում է սննդի կալորիականությունը։ Սննդակարգի հիմնական նպատակն է` թթվային բաղադրիչի իջեցումը օրգանիզմում։

Կարեւոր է իմանալ

  • Երիտասարդ կենդանու միսը ավելի շատ պուրինային նյութեր է պարունակում, մսի արգանակը ավելի հարուստ է պուրիններով, քան խաշած միսը։
  • Քաշի կտրուկ իջեցումը կարող է հանգեցնել միզաթթվի տոկոսի բարձրացմանն արյան մեջ։
  • Ջրի քանակը որոշելիս պետք է հաշվի առնել սիրտ-անոթային համակարգի վիճակը։
  • Հակացուցված են աղի եւ համեմված պանիրները, բոլոր համեմունքները` բացի դափնետերեւից, աղից (չափավոր) եւ քացախից, թեյը, սուրճը, կակաոն, շոկոլադը, լոբեղենը (ոսպ, ոլոռ, սիսեռ, կանաչ եւ հատիկավոր լոբի, այլ), կոնսերվանտներ պարունակող ջրեղենը եւ պահածոները, երշիկեղենը, թխվածքը։ Խմորիչ պարունակող հացում նույնպես մեծ է պուրինների քանակությունը։

Իսկ ինչո՞վ կարելի է սնվել։ Բանջարեղենով, կաթով, մրգով պատրաստված ապուրներ, մածուն, խաշած սպիտակ թռչնամիս եւ ձկնեղեն (օրը 50 գ), ձու (օրը 1 հատ), անյուղ պանիր եւ կաթնաշոռ, թթվասեր, կարագ, բուսայուղ (լավ է` ձիթապտղի), ընկուզեղեն (բացի արախիսից), մուրաբաներ, մարմելադ։

Առավել բարձր կանխարգելիչ ազդեցություն ունեն ձմերուկը, սեխը, տանձը, ելակը, սեւ հապալասը, գետնամորին, կանաչ խնձորը, կիտրոնը եւ այլ ցիտրուսներ, կանաչեղենից` սամիթը։ Այժմ ավելի հանգամանորեն` առավել օգտակար սննդամթերքի, վիտամինների եւ այլ նյութերի մասին։

Ծնեբեկ. Պարունակում է մեծ քանակությամբ ասկորբինաթթու, կարոտին, նաեւ B1, B2, PP վիտամիններ, կալիումական աղեր, նպաստում է միզաթթվի հեռացմանը, օգտակար է բոլոր տեսակի արթրոզների, արթրիտների դեպքում։

Խնձոր. Պարունակում է ասկորբինաթթու, ռուտին, կալիում, հեշտ յուրացվող երկաթ, պեկտինային նյութեր։ Կանխարգելում է աղերի կուտակումը, նպաստում դրանց հեռացմանը։ Մաքրում է արյունատար անոթների պատերը եւ հոդերը, իջեցնում է ոչ պիտանի խոլեստերինի մակարդակը, կանխարգելում հոդային հիվանդությունների առաջացումը եւ նպաստում դրանց բուժմանը։

Կարտոֆիլ. Հարուստ է կալիումով, խորհուրդ է տրվում ջեռոցում կամ կրակի մեջ պատրաստվածը, քանի որ այդ դեպքում առավել շատ են պահպանվում օգտակար նյութերը։ Լավագույն դիետիկ սննդամթերքներից մեկն է սիրտ-անոթային համակարգի, երիկամների հիվանդությունների, հոդատապի դեպքում։

Դդմիկ. Հիմնական սննդային արժեքը բնորոշվում է կալիումի եւ նատրիումի բարենպաստ հարաբերությամբ։ Դդմիկը դուրս է բերում ավելորդ հեղուկը, սննդի աղի ավելցուկը, միզաթթուն։

Սմբուկ. Գերազանց միզամուղ է, չի կորցնում իր բուժիչ հատկությունները ջերմային մշակման ընթացքում։

Վարունգ. Հարուստ է կալիումով, պարունակում է մոտ 96 տոկոս ջուր, հատկապես օգտակար է, երբ հոդատապն ուղեկցվում է հիպերտոնիայով եւ գիրությամբ։

Դդում. Անչափ արժեքավոր է հոդատապով հիվանդի համար, քանի որ կարգավորում է նյութերի փոխանակման գործընթացը եւ մարսողությունը, ուժեղացնում է երիկամների զտող ֆունկցիան, եւ ամենակարեւորը` կանխարգելում է ուրատային քարերի առաջացումը։

Հատկապես օգտակար է, երբ հոդատապն ուղեկցվում է աթերոսկլերոզով կամ շաքարային դիաբետով։

Քարավուզ.
Բուժիչ հատկություն ունեն բույսի բոլոր մասերը, նպաստում է միզաթթվի աղերի հեռացմանը, կանխարգելում ուրատային քարերի առաջացումը։

Լոլիկ. Երկար ժամանակ համարվել է, որ լոլիկը նպաստում է քարերի առաջացմանը երիկամներում եւ խաթարում նյութափոխանակումը հոդերում։ Սակայն պարզվել է, որ թրթնջկաթթվի պարունակությունը եւ պուրինների քանակը թույլատրելի սահմաններում է։

Խորհուրդ է տրվում նյարդային համակարգի հիվանդությունների, գիրության, շաքարային դիաբետի, հիպերտոնիայի դեպքում, բոլոր այս հիվանդությունները հաճախ են ուղեկցում հոդատապը։ Հայտնի է, որ լոլիկի մածուկը, սոուսը նույնիսկ ավելի օգտակար են, քան թարմը։

Խնոցու թան. Կարագի կամ սերուցքի արտադրության ժամանակ ստացվող երկրորդական նյութ է։ Այս նյութը շատ արժեքավոր է հատկապես հոդատապով հիվանդի համար, պարունակում է մի շարք օգտակար նյութեր։

– Սպիտակուցներ, որոնցից մետիոնինը մեղմացնում է ցավը հոդերում, բարձրացնում դրանց շարժունակությունը, նպաստում այտուցի վերացմանը։ ՀՀ բուծվող ձկնեղենից մետիոնինով հարուստ է սիգը։ Խնոցու թանում պարունակվող մետիոնինի ազդեցությունն ուժեղացնում են վիտամինները` A, B1, B2, B6, B12, E, PP, բիոտինը, հանքային նյութերը եւ միկրոտարրերը։

– Օմեգա-3 չհագեցած ճարպային նյութերը կարգավորում են խոլեստերինի փոխանակման գործընթացը, ամրացնում անոթների պատերը, կանխարգելում լյարդի ճարպակալումը եւ միզաթթվի աղերի կուտակումը հոդերում, պարունակվում են նաեւ ձկան յուղի մեջ, որին կարող է փոխարինել կտավատի յուղը։

– Լեցիտինը մեծ քանակությամբ պարունակվում է ձվի մեջ, սակայն, եթե կա խոլեստերինի քանակությունը սահմանափակելու խնդիր, ապա ձուն կարելի է փոխարինել խնոցու թանով։

– Ֆոսֆոլիպիդները հակասկլերոտիկ ազդեցություն ունեցող նյութեր են, նաեւ ունեն բարերար ազդեցություն հոդերի վրա։ Կարագի արտադրության ժամանակ այս նյութերի մոտ երկու երրորդն անցնում է թանի մեջ։ Խնոցու թանից պատրաստված բոլոր մթերքները շատ օգտակար են հոդատապով հիվանդին, դրանք կարելի է ուտել եւ խմել առանց սահմանափակման։

Կաթնաշիճուկ. Առաջանում է պանրի եւ կաթնաշոռի արտադրության ընթացքում։ Պարունակում է սպիտակուցներ, ճարպային թթուներ, հանքային աղեր, միկրոտարրեր եւ վիտամիններ։ Ունի հակասկլերոտիկ, միզաթթվի աղերը տարրալուծող հատկություն։ Կաթնաշիճուկից պատրաստում են բազմաթիվ մթերքներ։

Խնձորի քացախ. Օրը 3-4 անգամ խմեք 200 մլ ջրում լուծված 1-2 թ/գ քացախի եւ մեղրի լուծույթը։

Սննդակարգ. Եփեք (առանց շաքարի) 250 գ խնձոր։ Պատրաստեք կաթնով 750 մլ կաթով եւ 75 գ բրնձով։ Բաժանեք մասերի, կերեք օրվա ընթացքում։ Այլ ուտեստ եւ հեղուկ օգտագործել չի կարելի։ Կատարեք ամիսը 1-2 անգամ։ Ժողովրդական բժշկությունը առաջարկում է բազմաթիվ միջոցներ. դրանց ամփոփ ցանկը կներկայացնենք հաջորդ հոդվածներից մեկում։

«168 ԺԱՄ»
2012թ.

Տեսանյութեր

Լրահոս