Ինչո՞ւ Բաքուն և Երևանը չեն ընդունում շվեյցարական առաջարկը. Ջեյմս Ուորլիքը Երևանում կոչ արեց անցնել համակարգային բանակցությունների

«Հակամարտող կողմերը պետք է անցնեն համակարգային բանակցությունների»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցին:

Նա նշեց, որ տարածաշրջանում քննարկելու են երեք հարց` նախ ՀՀ ԱԳ նախարարի և ՀՀ նախագահի հետ, ապա Ադրբեջանում մհամապատասխանաբար նախարարի և նախագահի հետ: Ըստ նրա` առաջին հարցը, որ քննարկելու են Երևանում և Բաքվում բռնության և լարվածության աճն է ԼՂ հակամարտության գոտում: «Մտահոգված ենք ծանր սպառազինության օգտագործման հարցով, երկու կողմն էլ օգտագործում է ծանր սպառազինություն, ինչը հանգեցնում է լարվածության աճի: Համանախագահների ուղերձը կլինի՝ հարգել հրադադրի ռեժիմն ու թուլացնել լարվածության մակարդակը»,- ասաց դեսպան Ուորլիքը:

Երկրորդ հարցը, նրա խոսքով, որը պատրաստվում են քննարկել, հետևյալն է` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է խոսել համապարփակ լուծման մասին: Այսինքն, Ջեյմս Ուորլիքի համոզմամբ, պետք է քննարկել ամենադժվար հարցերը, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները իրենց վերջին հանդիպման ընթացքում համաձայնել են, որպեսզի բանակցություններն ընթանան ինտենսիվ ռեժիմով: Նրա կարծիքով` կարևոր է հակամարտության սկզբունքների և տարրերի քննարկումը բարձր մակարդակի հանդիպուըմների ժամանակ, սակայն, նրա հավաստմամբ, կարելի է անցնել ամենադժվար հարցերի քննարկմանը:

«Տարեվերջին նախատեսվում է նախագահների հանդիպումը: Այս այցի ընթացքում նախատեսում ենք համաձայնության գալ գագաթնաժողովի անցկացման ժամկետի վերաբերյալ»,- տեղեկացրեց ամերիկացի դիվանագետը: Դիվանագետը հռետորական հարց հղեց հակամարտող կողմերին. «Ինչո՞ւ Երևանն ու Բաքուն չեն ընդունում շվեյցարական առաջարկը` անցնելով համակարգային բանակցությունների»:

Երրորդ հարցը, որը, Ուորլիքի փոխանցմամբ, պատրաստվում են քննարկել Երևանում և Բաքվում վստահության ձևավորման կարևորությունն է, հարգանքն անվտանգության նկատմամբ: «Պատրաստվում ենք մի շարք առաջարկներով հանդես գալ»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս