Ճամբարները ճշգրտվում են

Դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ` քաղաքական ուժերն այժմ պետք է կողմնորոշվեն՝ ինչպե՞ս են պայքարելու հանուն կամ ընդդեմ այս փոփոխությունների: Միանշանակ է՝ ո՛չ «Ոչ»-ի, ո՛չ էլ «այո»-ի կողմնակիցները հիմնականում չեն փափագում միավորվել իրենց «ճամբարի» այլ ներկայացուցիչների հետ և հանդես գալ ընդհանուր ճակատով:

Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ երեկ խորհրդարանական ուժերը ներկայացրին իրենց անելիքները: Միայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարկ չէր համարել մասնակցել ճեպազրույցներին: Դրա պատճառը, թերևս, ԱԺ ժառանգականների փաստացի ժառանգական չլինելն է:
Հենց այդ հանգամանքը շեշտելով էլ` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ ՀԱԿ-ը միակն է, որ որպես խմբակցություն` դեմ է քվեարկել և կարող է համակարգել «Ոչ»-ի ճակատը: Լյուդմիլա Սարգսյանի «կողմ» քվեարկությունը Լ.Զուրաբյանը որակեց` որպես անհատ պատգամավորի որոշում:

«Սահմանադրական փոփոխությունները գնահատում ենք` որպես պետականություն խարխլող արկածախնդրություն, որի միակ նպատակն է` Սերժ Սարգսյանի իշխանության պահպանումը: Մենք նախազգուշացրեցինք իշխանություններին և, եթե բոլոր փաստարկները մի կողմ դնենք, այն ժամանակը չէ, որ բևեռացում առաջացնենք երկրում, որը շրջապատված է տարբեր սպառնալիքներով, և առկա է Ադրբեջանի հետ պատերազմի վտանգը»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Սահմանադրական փոփոխությունների շուրջ «կոնսենսուսը» Զուրաբյանն անվանեց լեգենդ ու նշեց, որ հասարակությունում չկա կոնսենսուս. «Բարիկադի մյուս կողմում, բացի «Ոչ»-ի ճակատից, գտնվում է մեր ամբողջ հանրությունը: Իրականում ոչ մի կոնսենսուս չկա, կա հակառակ ուղղությամբ կոնսենսուս»: ՀԱԿ-ը պատրաստվում է բանակցել «Ոչ»-ի ճակատի մյուս ներկայացուցիչների հետ՝ ռեսուրսները միավորելու նպատակով:

«Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են՝ իշխող ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմից ստեղծված Սահմանադրական հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը: Ինքն այնտեղ զբաղվել է լոբբինգով, և մենք փաստեր էլ ունենք»,- մեղադրանքներ հնչեցրեց Լ.Զուրաբյանը՝ խոստանալով փաստեր հրապարակել:

Զուրաբյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի գովասանքը սահմանադրական փոփոխություններին միայն տեքստի նկատմամբ է, և ոչ թե` խորհրդարանական համակարգի անցնելու համար, բայց իրենք մի շատ կարևոր պայման են դնում, որ հանրաքվեն պետք է համապատասխանի միջազգային բարձր ստանդարտներին, մինչդեռ դա արդեն չկա՝ «այո»-ի և «ոչ»-ի միջև հավասարություն չկա, և շարժումների դեմ ամենավերջին հակաօրինական քայլերի է դիմում իշխանությունը՝ ճնշելով ակցիաները:
Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարցադրումը Լ.Զուրաբյանն «արհեստածին» որակեց ու հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր քաղաքական դաշտում չկա, որպեսզի քաղաքական գործող ուժ լինի, ուստի նրա հետ «Ոչ»-ի ճակատում համագործակցելու մասին հարցադրումը բացարձակապես արհեստական է:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ում դեռևս չի քննարկվել սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավին մասնակցել-չմասնակցելու ֆորմատը: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը ներկայացրել է, և այն կետերը, որ նման որոշում կայացնելու համար հիմք են հանդիսացել, ժողովրդին կներկայացնեն՝ տարբեր հաղորդաշարերի, հանդիպումների ու քննարկումների ակտիվ մասնակցելով:

ՕԵԿ-ը ձևավորելու է սեփական ճակատ, որի ներկայացուցիչները, սակայն, ազատ կլինեն իրենց քվեարկության մեջ: Ամեն դեպքում, ինչպես հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ՕԵԿ-ը կողմ չէ, բայց որոշումները կընդունի կուսակցության խորհուրդը: Մ.Շահգելդյանը համոզմունք հայտնեց, որ հաջորդ խորհրդարանում իրենք մեծ ներկայացվածություն կունենան, հատկապես, որ «Վերածնունդ» շարժումն է ձևավորվել. «Մենք վստահ ենք, որ ունենալու ենք մեծ և լուրջ ներկայացվածություն»: Դիտարկմանը, որ ՕԵԿ-ն ասոցիացվում է մուրաբաների հետ, արդյոք «Վերածնունդը» նպատակ ունի՞ ՕԵԿ-ի անունը և մուրաբաները մոռացության տալ, Մ.Շահգելդյանը հակադարձեց, թե ՕԵԿ-ը բացարձակապես չի կապվում մուրաբաների հետ, ու հանրությունն այդպես չի կարծում:

ՀՅԴ-ն ևս հանդես կգա սեփական «այո»-ի ճակատով ու չի միանալու որևէ այլ «այո»-ի: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ ձևավորել են մոտ 20 անձից կազմված քարոզչական խումբ, որում ընդգրկված են բոլոր հայտնի դաշնակցականները, և ամբողջ հանրապետությունում քարոզելու են իրենց դիրքորոշումը՝ չմոռանալով քննադատել ներկա բացասական իրողությունները: Նա վստահեցրեց, որ կողմնակից են, որ նախ` քարոզարշավը՝ և՛ «այո»-ի, և՛ «ոչ»-ի ճամբարների համար լինի հավասար, և դրա հնարավորությունը «Հանրաքվեի մասին» օրենքը տալիս է:

Ա.Վարդանյանը շատ կարևորեց, որ հանրաքվեն իսկապես անցկացվի ազատ, արդար, թափանցիկ, և գործընթացն անցնի վստահության մթնոլորտում: Նաև կարծիք հայտնեց, թե իշխանությունը պատճառ չունի ընտրակեղծիքների գնալու: Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ 600 հազար քվեն բավարար է «այո»-ն անցկացնելու համար, լավ աշխատելու դեպքում 1 մլն մարդ կգնա հանրաքվեի:

Իսկ ՀՀԿ-ն դեռևս չի որոշել, թե ինչպես է անցկացնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հրամանագիրը նոր է ստորագրել, կազմակերպական հարցերը դեռ կորոշեն: Ըստ նրա՝ հանրաքվեի քվեարկության հետ կապված այլընտրանք չկա, այն պետք է լինի հնարավորինս թափանցիկ, որովհետև գործ ունենք Մայր օրենքի հետ, որին հետևում է ամբողջ միջազգային հանրությունը, և, հորդորելով բոլոր քաղաքական ուժերին ու հանրությանը հնարավորինս թափանցիկության, Բաղդասարյանը վստահեցրեց, թե իշխանությունն էլ դրա համար անելու է հնարավորը.

«Բնականաբար, կլինեն տարբեր քննադատություններ, ինչպիսի ընտրություններ կամ հանրաքվե էլ անցնի, որոհվետև լինում են պարտվողներ, և իրենց կարծիքը չանցնելու դեպքում արդարացումներ են լինում: Իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ հանրաքվեն լինի թափանցիկ»:

Իսկ եթե հանրաքվեի արդյունքը բացասական լինի, ըստ Բաղդասարյանի, պայթյունավտանգ իրավիճակ չի լինի. կշարունակեն շարժվել գործող Սահմանադրությամբ:

Ի պատասխան Լ.Զուրաբյանի հնչեցրած մեղադրանքին, թե ՍԴ նախագահը կաշառք է առաջարկել Վենետիկի Հանձնաժողովին, Բաղդասարյանը ափսոսանք հայտնեց՝ ասելով. «Լևոնին Լենին պապիկ եք դարձնում, ուզում եք, որ ես սևեռվեմ այդ անձի վրա: Ցավում եմ, որ անձեռնմխելիություն կա, և պատգամավորը կարող է հանիրավի մեղադրանք անել ու մնալ անպատիժ»:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս