120 հոգու ծեծված մտքերը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Այս շաբաթ Ազգային ժողովում Հանրային հեռուստատեսության հաշվետվության ժամանակ ընդդիմադիր գործիչները բողոքում էին, որ իրենց Հ1-ի եթեր չեն կանչում: Այդ խնդիրն, իհարկե, կա, բայց այնքան սուր չի դրված, որքան 10-15 տարի առաջ: Վստահ եմ, որ ինչ-որ սահմանափակումներ կան, բայց դրանք առաջվա պես խիստ եւ իմպերատիվ չեն: Իսկ եթե համեմատենք այսօրվա եւ քոչարյանական «Հայլուրը», ապա դժվար չէ նկատել, որ այն ժամանակ ընդդիմության հասցեին վայրահաչում էին, իսկ այսօր պարզապես ձայն չեն հանում: Դա էլ, իհարկե, ճիշտ մոտեցում չէ, բայց որոշակի առաջընթացն ակնհայտ է: Ի դեպ, այսօր էլ երկրորդ նախագահին համակրող կայքերում կարելի է հանդիպել «այն» «Հայլուրը» հիշեցնող տեքստեր: Հետեւաբար՝ դա ոճ է, աշխարհընկալում, որը զգալի փոփոխություններ չի կրել: Այդքանով հանդերձ կա օբյեկտիվ, կասեի նաեւ՝ ստեղծագործական խնդիր: Դասական «դեմ առ դեմ» տիպի հարցազրույցն, իմ կարծիքով, հնացած եւ բավականին ձանձրալի ֆորմատ է՝ չնայած թե՛ ես, թե՛ գործընկերներս շարունակում ենք այդ ֆորմատում աշխատել:

Համենայնդեպս, Հայաստանում դա, ինձ թվում է, սպառված ժանր է: Բանն այն է, որ մեզանում նման քաղաքական շոուների «նյութը» խիստ սահմանափակ է: 131 պատգամավորից քիչ թե շատ հոդաբաշխ մտքեր կարող են արտահայտել 35-40-ը, մի այդքան էլ «արտախորհրդարանական» քաղաքական գործիչ կա, նույնքան՝ «քաղաքագետ» կամ մարդիկ, որոնք իրենց այդպես են կոչում: Այդ 120 հոգին ամեն օր պտտվում են մամուլի ակումբներում, կայքերում, թերթերում, եթերներում: Ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ այդ մարդիկ որեւէ թարմ կամ հետաքրքիր միտք կարտահայտեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս