Վենետիկի հանձնաժողովը ծանոթ չէ Սահմանադրության այն վերջնական տեքստին, որն ընդունեց ՀՀ ԱԺ-ն. «Առավոտ»

«Առավոտ» թերթի թղթակցի հետ զրույցում երեկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մի ուշագրավ բացահայտում արեց. նոր Սահմանադրության այն տեքստը, որն ընդունել է ՀՀ խորհրդարանը, դեռ չի հանձնվել հանձնաժողովին, ուստի Վենետիկի հանձնաժողովը վերջնական տեքստին ծանոթ չէ: Հարցին` արդյոք գո՞հ են ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունից` մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց առաջարկների մի մասը, այնուամենայնիվ, չի ընդունվել, պարոն Բուքիքիոն պատասխանեց.

«Դրանց մեծամասնությունն ընդունվել են: Իսկ Վենետիկի հանձնաժողովի հաջորդ նիստին կքննարկենք Սահմանադրության տեքստի վերջնական տարբերակը, քանի որ այդ տեքստին դեռ ծանոթ չենք»: Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում մեր հնչեցրած հարցին` արդյոք կարելի՞ է խոսել սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի մասին, երբ տասնյակ իրավաբաններ, ընդդիմությունը, ՀՀ նախկին նախագահները դեմ են սահմանադրական փոփոխություններին, պարոն Բուքիքիոն պատասխանեց. «Հետևում եմ սահմանադրական բարեփոխումների գործընթացին ՀՀ-ում երկար ժամանակ, դեռ 2001-ից: Ես լավ ճանաչում եմ նաև ՀՀ երկու նախկին նախագահներին` Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին:

Հանդիպել եմ թե՛ Լևոն Տեր -Պետրոսյանին, թե՛ 2003-ին Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ Քոչարյանը ցանկանում էր կառավարման համակարգի մոդել ընտրել կիսանախագահականը, ընդդիմության ներկայացուցիչները` խորհրդարանականը: Տեղի ունեցավ հանրաքվե, արդյունքում բարեփոխումներ տեղի չունեցան: Բայց մեր համագործակցությունը շարունակվեց ավելի արդյունավետ մակարդակով, և 2013-ին եղավ սահմանադրական բարեփոխումների մի նոր նախաձեռնություն:

Վենետիկի հանձնաժողովին այս գործընթացը մտահոգում է այնքանով, որ այդ բարեփոխումները համահունչ լինեն միջազգային չափորոշիչներին: Իսկ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացը մեծամասնությամբ համապատասխանում է այդ չափանիշներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս