Ինչու տնտեսագետ պրոֆեսորը դարձավ հեքիաթագիր. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը հեքիաթագիր է դարձել: Օրերս էլ լույս է տեսել նրա «Անշունչների բամբասանքը կամ հեքիաթներ մեծահասակների համար» գրքույկը: Aravot.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ մինչ այս գրքույկն էլ շատ է հրատարակվել, տնտեսագիտության ոլորտում ունի շուրջ 200 հոդված եւ մենագրություն: «Երբ հասուն գիտնականը որոշում է, որ իր ոլորտում կարծես ասելիք չունի կամ ասել է, այն ինչ կարող է, սկսում է փնտրտուքների մեջ ընկնել եւ այլ ոլորտում ինքնահաստատման քայլեր անել: Ես էլ որոշեցի հեքիաթներ գրել: Դրանք սկզբում հեքիաթներ էին մանուկների համար, հետո հասկացա, որ մեծահասակներն էլ պետք է հեքիաթներ ունենան եւ կարդան, որտեղ բարին հաղթում է չարին, որտեղ իշխում է արդարությունը, որովհետեւ մեր առօրյա կյանքում երբեմն չենք հասկանում, որ պետք է ապրել ազնիվ, անկեղծ, միմյանց չխանգարելով:

Այդ ամենը կա մանուկների հեքիաթներում, ուստի մտածեցի, որ լավ կլինի մեծերն էլ հեքիաթներ ունենան ու կանգնեն ճիշտ ուղու վրա: Հեքիաթների հերոսները մեզ շրջապատող անշունչ առարկաներն են, որոնք կողքից դիտում են մեր կյանքը, մեր ապրելաոճը, վարքագիծը եւ մեզանից թաքուն սկսում են բամբասել մեր մասին»,-ասաց Արմեն Ճուղուրյանը: Քանի որ գրքում հեքիաթ մանրապատումներ են, հեղինակը որոշել է, որ դրանք անպայման պետք է ուղեկցվեն ծաղրանկարներով: Այդ գործում նրան աջակցել է ծաղրանկարիչ Արզօն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս