Գագիկ Մինասյանը չբացառեց, որ «այո»-ի ճակատը հանրահավաքներ կանի

Սահմանադրական բարեփոխումների գործընթացն իրականացվել է առանց շտապողականության, բոլոր փուլերը եղել են թափանցիկ, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն առաջարկություններով են հանդես եկել:

Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ հասարակական տարբեր շերտերի ներգրավվածությունը միշտ եղել է սահմանադրական բարեփոխումների պրոցեսում:

«Շատ քաղաքական ուժեր ասում էին, որ բովանդակային քննարկման չէին մասնակցելու այս սահմանադրական բարեփոխումներին, բայց, երբ պետական համալսարանում Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ քննարկում էր ընթանում, բոլոր քաղաքական ուժերը մասնակցեցին այդ բովանդակային քննարկմանը»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ նկատելով, որ ԱԺ ընդդիմության մի շարք ֆրակցիաներ կողմ քվեարկեցին այդ նախագծին, և չկար մի խմբակցություն, որում բոլորը դեմ քվեարկեցին:
Նրա խոսքով՝ ավելի մեծ կոնսոլիդացիա և կոնսենսուս ժողովրդավարական երկրներում չի լինում:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում հասարակության տեղեկացվածության մակարդակը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ այսօրվանից իրենք պետք է անցնեն Սահմանադրության վերջնական տարբերակի լայն տեղեկացմանը հասարակությանը. «Ու այդտեղ մենք պետք է ջանք չխնայենք: Վերջին հաշվով՝ որոշումը ժողովուրդն է կայացնում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ յուրաքանչյուր ընտրող տեղեկացված լինի Սահմանադրության դրույթներից»:

168.am-ի հարցին, ինպե՞ս եք գնահատում սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ո՛չ»-ի ճակատի գործունեությունը՝ հաշվի առնելով, որ, թեպետ խորհրդարանում 104 կողմ ձայնով անցավ այդ նախագիծը, բայց այդ ժամանակ ԱԺ-ի դիմաց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր իրականացնում, Գ. Մինասյանն այսպես պատասխանեց.

«Ես դա նորմալ եմ գնահատում, բայց ժողովրդավարական երկրներում դուք չեք գտնի մի գործընթաց, որի վերաբերյալ հասարակության բոլոր անդամները նույն տեսակետն ունենան, այդպես միայն լինում է Հյուսիսային Կորեայում: Ես շատ բնական եմ համարում, որ օրենքի սահմաններում լինեն քաղաքացիներ, քաղաքական ուժեր, որ որևէ գործընթացի վերաբերյալ ունենան մեծամասնության հետ չհամընկնող տեսակետ»:

Մեր այն հարցին էլ, թե ինչո՞ւ «այո»-ի ճակատը որևէ գործունեություն չի ծավալում, Գ. Մինասյանը չհամաձայնվեց՝ ասելով. «Ես Ձեզ հետ համաձայն չեմ, որովհետև այս երկու տարվա ընթացքում «այո»-ի ճակատի ներկայացուցիչները եղել են բավականին հետևողական և ջանադրաբար փորձել են ներկայացնել իրենց տեսակետը, և մինչև դեկտեմբերի 6-ն այդ աշխատանքներն ավելի մեծ թափով կգնան»:

Հարցն էլ՝ «այո»-ի ճակատի կողմից հանրահավաքներ կարո՞ղ են լինել, ՀՀԿ-ական պատգամավորը չբացառեց. «Կստեղծեն մի խումբը, որպեսզի մեր հասարակության ավելի մեծ շերտեր տեղեկանան նոր սահմանադրությամբ տրվող հնարավորություններին»:

Տեսանյութեր

Լրահոս