«Սահմանադրական փոփոխությունները գնահատում ենք որպես պետականություն խարխլող արկածախնդրություն»

«Սահմանադրական փոփոխությունները գնահատում ենք որպես պետականություն խարխլող արկածախնդրություն, որի միակ նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանության պահպանումը: Մենք նախազգուշացրեցինք իշխանություններին և, եթե բոլոր փաստարկները մի կողմ դնենք, այն ժամանակը չէ, որ բևեռացում առաջացնենք երկրում, որը շրջապատված է տարբեր սպառնալիքներով և առկա է Ադրբեջանի հետ պատերազմի վտանգը»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա ընդունելի համարեց Հելսինկայն կոմիտեի ահազանգը, որ «Սահմանադրական փոփոփոխությունները հանրաքվեի դնելու մասին» օրենքը հակասում է «Հանրաքվեի մասին» օրենքին, որ անթույլատրելի է հանրաքվեի դնել մի օրենք, որը սահմանափակում է մարդու արդեն գործող իրավունքները:

Լ.Զուրաբյանը սահմանադրական փոփոխությունների շուրջ «կոնսենսուսն» անվանեց լեգենդ, ու նշեց, թե իրենց համար իրավիճակը իրենք էլ չեն պատկերացնում ինչքան վատ է, քանի որ հասարակությունում չկա կոնսենսուս. «Բարիկադի մյուս  կողմում, բացի «ոչ»-ի ճակատից, գտնվում է մեր ամբողջ հանրությունը: Իրականում ոչ մի կոնսենսուս չկա, կա հակառակ ուղղությամբ կոնսենսուս: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, ունենալով սահմանին պատերազմ Ադրբեջանի հետ, այս հրամանագրով պատերազմ է հայտարարել սեփական հասարակությանը՝ բանի տեղ չդնելով նրա նախազգուշացումները»:

Լ.Զուրաբյանը նշեց, որ բանակցություններ կանցկացնեն «ոչ»-ի ճակատի մյուս ներկայացուցիչների հետ ռեսուրսները միավորելու համար: Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ ՀԱԿ-ը միակն է, որ որպես խմբակցություն դեմ է քվեարկել և կարող է համակարգել «ոչ»-ի ճակատը: Լյուդմիլա Սարգսյանի քվեարկությունը Լ.Զուրաբյանը որակեց որպես անհատ պատգամավորի որոշում:

Տեսանյութեր

Լրահոս