Գյումրիում կրթական և մշակութային կենտրոն ստեղծվի

Գյումրիում կրթական և մշակութային կենտրոն ստեղծելու պայմանով Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Շչորսի փողոց թիվ 1 հասցեում գտնվող, 1679.918 հազ. դրամ սկզբնական արժեքով 2446.26 քառ. մետր մակերեսով հուշարձան շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերվել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին: Հիմնադրամը պարտավորվում է 5 տարվա ընթացքում հուշարձան շենքի ամրացման և վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 960 մլն. դրամի ներդրում: Հիմնադրամը պարտավոր է նաև շենքի ամրացման աշխատանքների նախագիծը համաձայնեցնել Մշակույթի նախարարության հետ:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային կրթական գործունեության ընդլայնման և գործառույթների ավելացման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը որոշել է Երևանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող շինությունն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել համալսարանին: Այնտեղ նախատեսվում է կառուցել ուսանողական հանրակացարան, քանի որ բուհում օտարերկրյա ուսանողների թիվն ավելացել է:

«Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի ֆոնդի պահպանության, ուսումնասիրման և թանգարանային գործի ակտիվ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը որոշել է հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված բնակարանը և թանգարանային առարկաներն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: Ընդունված որոշումը կնպաստի թանգարանային առարկաների վերականգնմանը, գիտական ուսումնասիրմանը, հանրահռչակմանը:

Տեսանյութեր

Լրահոս