Հայկական համայնքների ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ին՝ խնդրելով ճիշտ բնորոշել ԴԱԻՇ-ը. «Իզվեստիա»

Հայկական համայնքների ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ կոչ անելով ԴԱԻՇ-ը ճանաչել ահաբեկչական խմբավորում ու քսենոֆոբիա չառաջացնել զինյալների անվանման պատճառով:

«Իզվեստիան» տեղեկացնում է, որ Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի ու Սերբիայի հայկական համայնքների ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ դադարել ԴԱԻՇ-ն անվանել «Իսլամական պետություն», քանի որ դա հիմք է ստեղծում քսենոֆոբիայի ու կրոնական անհանդուրժողականության համար, ինչը դատապարտվում է միջազգային իրավական ակտերով: Նրանք կոչ են անում նաև ՄԱԿ-ին ԴԱԻՇ-ը ներառել միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների ցանկում ու դա ամրագրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով:

Հայկական համայնքների անդամները «Նոր Հայաստան» միջազգային շարժման անդամներ են

«Մեզ շատ է անհանգստացնում հանգամանքը, որ հայտնի քաղաքական գործիչները, միջազային կազմակերպություններն ու ԶԼՄ-ներն անվանում են վտանգավոր ահաբեկչական միությունն «Իսլամական պետություն»: Մեր կարծիքով՝ դա արդարացի չէ ու անգամ սադրիչ է: Մենք գիտենք, որ մուսուլմանները, քրիստոնյաներն ու այլ կրոնների ներկայացուցիչները միշտ խաղաղ ապրել են Մերձավոր Արևելքում: Եթե համայնքների միջև անգամ եղել են բախումներ, ապա միայն քաղաքական գործիչների ու պետական ղեկավարների մեղքով»:

«Պատմականորեն ու հոգևոր առումով իսլամը խաղաղասեր կրոն է: Բարության ու արդարացիության սկզբունքները հստակ նկարագրված են Ղուրանում ու իսլամիստ աստվածաբանների աշխատանքներում: Բայց, ցավոք, աշխարհում կան չարի ուժեր, որոնք, թաքնվելով կրոնական հանդերձանքների ներքո, պատերազմ, ահաբեկչություն ու բռնություն են սանձազերծում:

Նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն մուսուլմանների հետ: Մեր կարծիքով՝ կան կենտրոններ, որ հետաքրքրված են իսլամի դիվականությամբ՝ ստեղծելով թշնամու կերպար՝ ի դեմս մուսուլմանների՝ նպատակ ունենալով ուժեղացնել հակասությունները համաշխարհային թատերաբեմում ու սանձազերծել ավելի շատ նոր արյունալի հակամարտություններ»,- «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է շարժման նախագահ Ամրան Պետրոսյանը:

Հայկական սփյուռքի նախաձեռնությանը կողմ են նաև Սիրիայի հայ համայնքի ու դիմադրության ակտիվիստները:

Հոմս քաղաքի հայկական աշխարհազորային ջոկատի հրամանատար Վիգեն Ղլչյանի կարծիքով՝ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները, ում այնտեղ անվանում են «ասկյար ահաբեկիչներ», ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ:

«Հայկական աշխարհազորայինները՝ Սիրիայի պաշտպանության ազգային ուժերի կազմում, մեր մուսուլման եղբայրների հետ համատեղ, չնայած կրոնական պատկանելությանը, այսօր պայքարում են ասկյար ահաբեկիչների հետ կողք կողքի»,- «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է Ղլչյանը:

«Ես ծնվել եմ Հոմսում, մեծացել են մուսուլմանների շրջանում ու հիանալի գիտեմ, որ Ղուրանը կոչ է անում ազատել պատանդներին, կերակրել քաղցածներին, օգնել հիվանդներին»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս