«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական, մարդկային համակրանք ունեցողներ ՀՀԿ-ում կարող է լինեն, բայց…». ՀՀԿ-ական պատգամավոր

«Որպես քաղաքական և պետական գործիչ Ռոբերտ Քոչարյանն իրավունք ուներ արտահայտել իր վերաբերմունքը, նա այն գլխից էլ համաձայն չի եղել, որպեսզի տեղի ունենան այս սահմանադրական փոփոխությունները»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս տված հարցազրույցի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Անդրադառնալով Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի այն հայտարարությանը, որ 2017 թվականին հնարավոր է՝ երկրորդ նախագահն իր գլխավորած ցուցակով մասնակցի խորհրդարանական ընտրություններին, Հ. Հարությունյանը նկատեց, որ դա ևս երկրորդ նախագահի սահմանադրական իրավունքն է:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները, Հ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Այսօր ես անհատների մասին չեմ կարող ասել, քանի որ բոլորովին նոր տիպի ընտրություններ են լինելու, այստեղ անհատական առաջնորդների կարգավիճակն այդքան նախանձելի չէ, որովհետև պետք է կուսակցական հաղթանակ տանել»:

Հարցին էլ՝ ըստ Ձեզ՝ ո՞ւմ վրա է Ռ. Քոչարյանի հույսը, ովքե՞ր պետք է պաշտպանեն նրա թեկնածությունը, և ո՞ր ուժերը կկանգնեն նրա կողքին, Հ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Այդ հարցն ուղղեք իրեն: Արդեն ասացի, որ վերջացել է այն էպոխան, որ անձնական կենսագրության անձնական արածների վրա կարող են առաջնորդի կարգավիճակ ստանալ, այսինքն՝ նախագահական կառավարման համակարգը վերջացավ, եթե մի ժամանակ Քոչարյանն անցավ իշխանության և 10 տարի կառավարեց «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսում, այդ կարգախոսն այսօր չի աշխատում»:

Կարդացեք նաև

Մեր այն դիտարկմանը, թե տեսակետներ են հնչում, որ հենց Հանրապետական կուսակցությունից շատերը կհամախմբվեն Ռ. Քոչարյանի շուրջ, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Նմանատիպ տեսակետներ լսել եմ ոչ միայն հիմա, այլև շատ վաղուց, որի համար ես որևիցե հիմք չեմ տեսնում, անգամ չեմ պատկերացնում, որ Հանրապետական կուսակցության ներսում կան այնպիսի ուժեր, որոնք սատարում են այլ կուսակցության լիդերի կամ այլ քաղաքական գործչի: Առանձին համակրողներ կարող է լինեն՝ անձնական, մարդկային համակրանք ունեցողներ, բայց այն, ինչ Դուք մտածում եք, նման բան չկա Հանրապետական կուսակցության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս