«Նա ինչ արել է, իր իրավունքն է». Միքայել Մելքումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին

«Նրա տեսակետը մինչև այդ էլ հայտնի էր, չի փոխվել, դա իր իրավունքն է, նա այս երկրի կայացման գործում լումա ունեցող անձնավորություն է, ու ինքն իրավունք ունի իր կարծիքը հայտնի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ տված հարցազրույցի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանն իր հարցազրույցում կրկին դեմ էր արտահայտվել Սահմանադրական բարեփոխումներին՝ բերելով մի քանի հիմնավորումներ: Երկրորդ նախագահի հարցազրույցից հետո, ինչպես հայտնի է, հարցազրույց տվեց նաև նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ հնարավոր է՝ Ռ. Քոչարյանը 2017 թվականին իր ցուցակով մասնակցի խորհրդարանական ընտրություններին:

«Նա պետք է նախ՝ հայտ ներկայացնի, բայց կարծում եմ՝ ինքը դրա իրավունքն էլ ունի»,- կարծում է Մ. Մելքումյանը:

Մեր այն հարցին, թե, ըստ Ձեզ՝ քաղաքական դաշտն ինչպե՞ս կընդունի Ռոբերտ Քոչարյանին, և արդյոք կփոխվի՞ ներքաղաքական դասավորությունը Ռ. Քոչարյանի վերադարձով, ինչպես Վ. Սողոմոնյանն ասաց, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «Եկեք ոչ մի բան ո՛չ գերագնահատենք, ո՛չ թերագնահատենք, դրանք նորմալ քաղաքական գործընթացներ են: Կարծում եմ՝ նա ինչ արել է, իր իրավունքն է, ես մեկնաբանելու բան չունեմ այստեղ, իսկ թե քաղաքական դաշտն ինչպես կընդունի նրան, ինձ թվում է՝ կընդունի այնպես, ինչպես կընդունի»:

Տեսանյութեր

Լրահոս