Հայկազ Բարսեղյանը նախքան պտտաձողից կախվելը մահացած է եղել

Հունվարի 29-ին պտտաձողի վրա պարանով կախված վիճակում հայտնաբերված ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է:

Կողմերն այժմ ծանոթանում են քրեական գործի նյութերին: Մեզ հաջողվել է որոշ մանրամասներ պարզել գործի վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, դեպքից հետո քննարկման առարկա էր նաև վարկածը, թե Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել: ՀՀ Քննչական կոմիտեն, սակայն, ի պատասխան մեր հարցման՝ հայտնել է, որ գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Հ. Բարսեղյանը նախքան պտտաձողից կախվելը եղել է մահացած:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հ. Բարսեղյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից` պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով: Հ. Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են արնազեղումներ, թոքերի էմֆիզեմա, սրտի աջ կեսի գերարյունություն և տվյալ մահվանը բնորոշ կազմաբանական և ձևաբանական փոփոխություններ:

Կարդացեք նաև

Փորձագետներն արձանագրել են նաև պարանոցի 1/3-ի եզակի, ոչ փակ, մագաղաթյա պնդության, վարդադարչնագույնի, ներքևից վերև, առջևից հետ ուղղությամբ, տիպիկ, հետմահու ճմլման ակոս, որն առաջացել է կոշտ մակերես ունեցող բութ առարկայի հետմահու ներգործությամբ, կախելու ընթացքում, որպիսին կարող է հանդիսանալ Հ.Բարսեղյանի պարանոցին գցված օղը: Ելնելով դիակային բծերի տեղակայումից` Հ. Բարսեղյանը կարող էր կախված մնալ մոտ 8-10 ժամ:

Մեր հարցին, թե ինչ հարաբերություններ է ունեցել Հայկազ Բարսեղյանը գործով մեղադրյալների հետ, ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Հայկազ Բարսեղյանը նրանց հետ ունեցել է ոչ ընկերական փոխհարաբերություններ:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել ռազմական ինստիտուտի չորս զինծառայողների՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին. նախաքննության ընթացքում չորս մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները լրացվել և նրանց նոր մեղադրանքներ էին առաջադրվել: Այժմ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն. նրանց մեղադրանք է առաջադրվել այլ հոդվածներով ևս:

Հիշեցնենք, որ Հ. Բարսեղյանը հայտնաբերվել էր հունվարի 29-ին, ժամը 06:35-ի սահմաններում: Այդ օրն արդեն 19-ի սահմաններում հայտարարվեց այն մասին, որ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով: Մեր հարցին, թե ինչ հիմքով է քրեական գործ հարուցվել սպանության հատկանիշներով, կոմիտեից պատասխանել են. «Քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է ականատեսների կողմից տրված բացատրությունների և նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված մյուս տվյալների հիման վրա»:

Արդեն հայտնել էինք, որ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով նոր գործ էր հարուցվել, որն առնչվում է գործով մեղադրյալ Գնել Թևոսյանի հորը՝ Զարմիկ Մարկոսյանին, ով զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի տեղակալի պաշտոնը: «Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի կարգով որոշում է կայացվել քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի

1-ին մասով (պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել.- Օ. Հ.) նոր քրեական գործ հարուցելու մասին այն փաստով, որ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ պետ, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2014թ. օգոստոսից մինչև 2015թ. հունվարի 28-ը` ներառյալ, պարբերաբար հանձնարարել է ենթակա համապատասխան սպաներին, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, որդուն՝ նույն զորամասի կուրսանտ Գ. Թևոսյանին, մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից, ինչով իսկ պատճառել է էական վնաս. արտոնյալ պայմաններ է ստեղծել Գնել Թևոսյանի համար, խաթարել է զինվորական կառավարման մարմինների և ծառայության իրականացման բնականոն ընթացքը, սասանվել է պետական իշխանության մարմինների հեղինակությունը, Գ. Թևոսյանը համածառայողների շրջանում արհեստականորեն ստացել է առավելություն, ինչով զինծառայողների շրջանում ստեղծվել է անհավասարության մթնոլորտ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են Քննչական կոմիտեից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս