«Ռոբերտ Քոչարյանը չունի այն ռեսուրսը, որ կարողանա ընտրություններին ձայներ գնելով՝ իշխանության գալ». Արմեն Բադալյան

«Երկրորդ նախագահը, ինչպես միշտ, ինչպես իր բոլոր հարցազրույցներում, կարմիր թելով քաշում է այն գիծը, որ ինքն այս իշխանությունների հետ որևէ առնչություն չունի, որ այս իշխանություններն ամեն բնագավառներում անհաջողությունների են մատնվել, ինչն իր ժամանակ չկար, և սահմանադրական փոփոխությունների հարցը նույնպես օգտագործվում է այդ կտրվածքով»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր տված հարցազրույցի մասին:

Ըստ Ա. Բադալյանի՝ Ռ. Քոչարյանը քննադատում է այսօրվա իշխանություններին` փորձելով ցույց տալ, որ այն արատները, որոնք այսօր կան, իր ժամանակ չեն եղել. «Նրան արդեն պատասխանեցին Հանրապետական կուսակցության կողմից պաշտոնապես՝ նշելով, որ երկրորդ նախագահը, լավ կլիներ, վերհիշեր՝ այդ արատավոր համակարգը երբ էր ստեղծվել, իսկ բազմաթիվ քաղաքացիներ կարող են հիշել՝ 2008 թվականին այդ արատավոր համակարգը չէ՞ր գործում, որ տեղի ունեցավ սպանդ, կամ, երբ շարքային քաղաքացիներից մեկը համարձակվեց երկրորդ նախագահին անունով դիմել (այն էլ՝ ոչ լրիվ անունով), ու դրա համար խստորեն պատժվեց Երևանի սրճարաններից մեկի զուգարանում, ընդհուպ՝ մինչև այդ պատիժը հասցվեց սպանության: Արդյոք դա չէ՞ր արատավոր համակարգը»:

Նշենք, որ այսօր երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նույնպես հարցազրույց է տվել՝ նշելով, որ հնարավոր է՝ 2017 թվականին Ռ. Քոչարյանն իր գլխավորած ցուցակով մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Անդրադառնալով դրան՝ Արմեն Բադալյանն ասաց, որ հավանականությունը շատ քիչ է, որ Ռ. Քոչարյանը կարողանա գալ իշխանության:

«Պետք է մի բան նշել, որ Հայաստանում ընտրությունների ինստիտուտն այլևս չի գործում, և ընտրությունների միջոցով այլևս իշխանության չեն գալիս, որովհետև ընտրակեղծիքները հենց երկրորդ նախագահի ժամանակ դարձան ինստիտուտ:

Կարդացեք նաև

Հայաստանում իշխանության կգան՝ կա՛մ ընտրողների ձայները գնելով, կամ Ռուսաստանի «դաբրոն» ունենալով»,- հայտարարեց փորձագետը, ըստ որի՝ երկրորդ նախագահը չունի այն ռեսուրսը, որ կարողանա ընտրություններին ձայներ գնելով՝ իշխանության գալ, «որովհետև այդ ձայն գնողն ու վարչական ռեսուրսն այսօր գտնվում է Հանրապետականի հսկողության տակ»:

Մեր այն դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ այս հակամարտությունը երկրորդ և երրորդ նախագահների միջև իշխանությունն իրար փոխանցելու խաղ է իրականում, Ա. Բադալյանն այսպես արձագանքեց. «Իշխանությունն իրար փոխանցել չեն կարող, որովհետև Հայաստանում իշխանության ղեկավարը ո՛չ գործող նախագահն է, ո՛չ էլ երկրորդ նախագահն է, Հայաստանում իշխանության ղեկավարը Մոսկվան է, և Մոսկվան որևիցե մեկի հետ խաղալու խնդիր չունի»:

Հարցին էլ՝ այսինքն՝ Մոսկվայի համար ավելի նախընտրելի թեկնածու է Սերժ Սարգսյանը, քան Ռոբերտ Քոչարյա՞նը, Ա. Բադալյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ Մոսկվայի համար ով է ավելի նախընտրելի թեկնածու, բայց կարող է ասել, որ Ռուսաստանն այսօրվա մեր իշխանությունների հետ ինչ-որ լուրջ խնդիրներ չունի.

«Որովհետև այն, ինչ պետք էր նրան, մեր այսօրվա իշխանությունները կատարել են: Պե՞տք էր՝ մի օրվա մեջ ԵՏՄ են մտել, պե՞տք էր՝ «Գազպրոմի» իրավունքներն են մինչև 2043 թվական երկարացրել: Այսինքն՝ Ռուսաստանին ինչ պետք է եղել, Հայաստանի իշխանություններն իրականացրել են: Հայաստանի իշխանություններն ընդգծված հակառուսական քաղաքականություն չեն վարում, ու այդ իսկ պատճառով՝ ո՞րն է փոխելու իմաստը»:

Տեսանյութեր

Լրահոս