Ռոբերտ Քոչարյանը պատերազմ է հայտարարում Սերժ Սարգսյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր վերջապես հանդես եկավ այդքան «ազդարարված» հարցազրույցով՝ արտահայտելով իր տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այդ հարցազրույցի նկատմամբ նրա՝ հրապարակավ և թաքնված կողմնակիցներն այնքան մեծ սպասումներ էին առաջացնում, որ թվում էր՝ Քոչարյանն այնպիսի հայտարարություններ է անելու, որ իշխանությունն անմիջապես հրաժարվելու է սահմանադրական փոփոխություններից՝ գուցե Քոչարյանին էլ հանձնելով իշխանությունը:

Սակայն նրա հարցազրույցում որևէ նոր միտք, որևէ նոր հիմնավորում չկա, ամիսներ շարունակ արտահայտվող գնահատականներն են այն մասին, որ երկրում առկա խնդիրները լուծելու համար սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն չկա, որ դա հանգեցնելու է միակուսակցական համակարգի գերիշխանության, և այլն, և այդպես շարունակ: Մի խոսքով, Ռ. Քոչարյանն ընդամենը կրկնել է, որ ինքը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Սակայն այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը որևէ բառ չի ասել այն մասին, թե ինչպես է «իրացնելու» իր այդ դեմ լինելը: Եթե նա իսկապես գտնում է, որ «Սահմանադրության նախագիծն իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն՝ և դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում», ապա ոչ միայն՝ որպես պետության ապագայով մտահոգ քաղաքացի, այլ առաջին հերթին՝ որպես այդ պետության ղեկավարի պաշտոնը 10 տարի զբաղեցրած գործիչ՝ պետք է օր առաջ լծվի երկիրը լճացման տանող այդ գործընթացի դեմ պայքարի գործին:

Սակայն Քոչարյանը, ինչպես նշեցինք, ակնարկ անգամ չի անում, որ կարող է որևէ կերպ պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ: Այս թեման, ընդհանրապես՝ Քոչարյանի վերադարձի թեման, կարելի էր փակված համարել, եթե չլիներ մի կարևոր նրբերանգ: Նրա հարցազրույցի հրապարակումից անմիջապես հետո հրապարակվեց Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը, որում վերջինս ասում է.

«Եթե Ռոբերտ Քոչարյանն իրոք վերստին ձգտի ստանձնել երկրի ղեկավարի դիրքը, ապա Սահմանադրության փոփոխման և Հանրապետության Նախագահի ինստիտուտի թույլացման պարագան մեծ նշանակություն չեն ունենա: Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն և ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույնիսկ կտրուկ բացասական վերաբերմունք ունեցող գործիչները հրապարակայնորեն արձանագրում են այն հանգամանքը, որ ընտրություններին նրա մասնակցությունն ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը»:

Թե ինչո՞ւ է Քոչարյանն ընտրել այս մարտավարությունը՝ դեմ արտահայտվել անձամբ և ապագա ծրագրերի մասին խոսել խոսնակի շուրթերով, դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ խոսնակի հայտարարություններով Քոչարյանն ուղերձ է հղում մի կողմից՝ գործող իշխանությանը՝ Սերժ Սարգսյանին, մյուս կողմից՝ իր վերադարձին սպասողներին:

Իշխանությանը Քոչարյանը, ըստ էության, ասում է, որ դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին՝ ինքը դրա դեմ ուղղված գործնական քայլեր չի անի, սակայն դրա դիմաց ակնկալում է ներկայացվածություն ապագա խորհրդարանում: Իսկ իր պոտենցիալ համախոհներին Քոչարյանը հորդորում է սպասել ևս 2 տարի: Սակայն այնպես չէ, որ Ռ. Քոչարյանի այս հայտն ընդամենը հաջորդ խորհրդարանում ներկայացվածություն ունենալու մասին հայտ է:

«…նրա մասնակցությունն ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը» արտահայտությունը ոչ այլ ինչ է, որ Քոչարյանը ծրագրում է 2017 թվականին վերցնել իշխանությունը, քանի որ միայն իշխանափոխության դեպքում «ամբողջությամբ կփոխվի ներքաղաքական դասավորությունը»:

Այլ կերպ ասած՝ սահմանադրական փոփոխությունների այս փուլում Քոչարյանը «հաշտության ձեռք է մեկնում» Սերժ Սարգսյանին՝ միաժամանակ նախապես պատերազմ հայտարարելով 2017 թվականի համար:

Տեսանյութեր

Լրահոս