Թալանելով հայ գյուղացուն՝ փորձում են գերշահույթ ստանալ. Հրաչ Բերբերյան

«Խաղողի մթերման հետ խնդիրներ ունենք, թեև իշխանությունները փորձում են կանոնավորել այս վիճակը: Նախորդ տարվա համեմատ՝ մոտ 10-15% ավել խաղողի բերք ունենք: Ռուսական շուկան էլ անհրաժեշտ քանակության գինի չի գնում Հայաստանից, ինչպես նախորդ  տարիներին: Բայց շուկայական հարաբերությունները բերում են նրան, որ մեր գիրնեգործները 1-2 տարի հետո իրենց շուկան նորից կունենան»,-այսօրվա ասուլիսին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ըստ նրա՝ խաղողի մթերումը չպետք է  միայն տոննաներով լինի, այլ նաև՝ շաքարայնությամբ. «Հիմա մի գործարան կարող է հայտարարել, թե 10 հազար տոննա խաղող է մթերել, բայց իրականում մթերած լինի 7 հազար տոննա: Շաքարայնության հաշվին քաշի ինքնարժեքի բարձրացում է ցույց տալիս: Այսինքն՝ եթե մենք գնահատականը երկու ցուցանիշով դնեինք, ամեն ինչ նորմալ կլիներ: Բայց այստեղ միանշանակ գործում է ստվերային տնտեսությունը: Այսօր Արարատյան դաշտում խաղողի շաքարայնությունը 25-26% է, բայց ներկայացնում են 18-20%. ո՞վ գիտի՝ ինչքան է: Շաքարայնության հաշվին ասում են, թե շատ խաղող են ընդունել: Պետությանն էլ է ձեռնտու, որ այս նորմատիվը մտցնի և խաղողի գնումները կազմակերպեն ոչ միայն տոննայով,  այլև՝ շաքարայնությամբ: Խաղող գնողը երկու ընտրանք կունենա՝ կամ շաքարայնության բարձր ցուցանիշի դեպքում լավ վճարել գյուղացուն, կամ հակառակը: Պարզ ասած՝ 1% շաքարը 0.62% կոնյակի սպրիտ է: Գյուղացու համար խնդիր է նաև այն, որ խաղողը օրերով չի մթերվում, հյութը մեջից դուրս է գալիս ու խաղողը  քաշը կորցնում է»:

Նա նշեց նաև, որ խաղողի մթերումը նման է կաթի մթերմանը. «100 դրամով  անարատ կաթ են ձեռք բերում, որի 7-10 լիտրից կարելի է ստանալ 1 կգ պանիր, ու այդ պանիիը վաճառում են 2500 դրամ: Թալանելով հայ գյուղացուն՝ փորձում են գերշահույթ ստանալ»:

Տեսանյութեր

Լրահոս