Հայաստանում խիյարն իսկապես թարս է բուսնում

Ազգային ժողովն այսպիսով ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի ներկայացնելու մասին նախագիծը. գործընթացը, ըստ էության, երեկվանից մտավ եզրափակիչ փուլ: Ի՞նչ զարգացումներ կծավալվեն սահմանադրական փոփոխությունների շուրջ՝ տեսանելի կլինի առաջիկայում: Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ հնարավոր են իրադարձությունների զարգացման բազմաթիվ սցենարներ, սկսած հանրաքվեի կեղծումից ու կեղծիքով անցկացումից՝ մինչև քվեարկության պասիվության արդյունքում «մաքուր անցկացում»՝ վերջացրած բողոքի ակցիաների ծավալմամբ ու ընդհուպ՝ հանրաքվեի տապալմամբ:

Սակայն, անկախ հանրաքվեի արդյունքից, այս գործընթացը վկայեց մի երևույթի մասին, որը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում, ինչպես ժամանակին ասում էր Սերժ Սարգսյանը, «խիյարը թարս ա բուսնում»: Ու սա այն դեպքերից է, որ այս վկայությունն իշխանության օգտին է:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած և հաղթած հիմնական ուժերից առնվազն երեքը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», իրենց նախընտրական ծրագրերում ներկայացված խոստումների թվում ամենաշատը կարևորում էին անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, հայտարարում էին, որ այդտեղ է թաքնված շան գլուխը, ու մեծամասնական ընտրակարգի վերացումն ու պառլամենտական կառավարման կարգը նոր էջ կբացի Հայաստանի համար: ԲՀԿ-ն համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցի շուրջ անգամ խորհրդաժողով հրավիրեց, կոնսուլտացիաներ անցկացրեց քաղաքական ուժերի հետ:

Մի խոսքով, ընդամենը 3 տարի առաջ այս ուժերն ընտրողներից քվե էին հայցում՝ իշխանության գալու ու երկրում համամասնական ընտրակարգ ու, որպես դրա հետևանք՝ խորհրդարանական կառավարում ամրագրելու խոստումով: Ու այսօր միայն Դաշնակցությունն է, որ հրապարակավ կողմ է արտահայտվում սահմանադրական փոփոխություններին: Տվյալ դեպքում էական չէ՝ արդյոք դաշնակները ստվերային պայմանավորվածություն ունե՞ն իշխանության հետ ապագայի համար, թե՞ ոչ, խնդիրը սկզբունքն է, որը ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», մեղմ ասած, ոտնահարեցին: Խոսքը, բնականաբար, ԲՀԿ-ի ներկայիս «դարձի եկած» դիրքորոշման մասին չէ:

Մի խոսքով, ստացվում է անհեթեթ իրավիճակ՝ իշխանությունն իրականացնում է այն նախընտրական խոստումը, որով ընդդիմությունը հանդես է եկել նախորդ ընտրություններում: Իսկապես, Հայաստանում ամեն ինչ «թարս է բուսնում»: Որովհետև այնպես չէ, որ իշխանությունն իր նախընտրական խոստումները «դորդ ու բեշ» է արել, հիմա էլ անցել է ընդդիմության խոստումների իրագործմանը: Ինչպես՝ ՀՀԿ-ի, այնպես էլ՝ նախագահական ընտրություններում՝ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները՝ հատկապես «մեգանախագծերի», Հայաստանը զանազան կենտրոններ դարձնելու ու դրախտային պայմաններ ապահովելու մասին, մնացել են օդում կախված: Ու այնպես չէ նաև, որ «թարսի» սկզբունքով՝ եթե ընդդիմադիրները գան իշխանության, նրանք էլ կիրագործեն ՀՀԿ-ի խոստումները:

Պարզապես այս ամենը հերթական վկայությունն է այն բանի, որ Հայաստանում ինչպես՝ իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության գործունեությունը պայմանավորված է ամեն ինչով, բացի արժեքներից, գաղափարներից ու սկզբունքներից: Ի տարբերություն աշխարհի այն երկրների, որի նման պետություն Հայաստանը խոստանում են դարձնել ընտրությունից-ընտրություն: Այդ երկրներում նախընտրական խոստումները, պատկերացրեք, այնքան կարևոր են, որ դրանք կարող են արժենալ իշխանությունը՝ չիրագործվելու դեպքում: Բայց այդ երկրները չունեն այն հարստությունը, որն ունենք մենք. նրանց մոտ, ինչպես վարունգը, այնպես էլ մնացած բույսերը և ընդհանրապես ամեն ինչ հիմնականում աճում են բավականաչափ «ուղիղ»:

Տեսանյութեր

Լրահոս