Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյանը ցավակցել է

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

«Հանրահայտ ֆուտբոլիստ, ԽՍՀՄ և միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր, «Արարատի» լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահը մեծ կորուստ է հայկական ֆուտբոլի համար:

Ողջ կյանքը նվիրելով ֆուտբոլին, Հովհաննես Զանազանյանը փառավոր էջեր է գրել ֆուտբոլի պատմության մեջ՝ իր օրինակով և կենսագրությամբ կերտելով պրոֆեսիոնալ մարզիկի, նվիրյալ անհատականության, ճշմարիտ մարդու վառ կերպար:

Հայկական ֆուտբոլի զարգացման ու փառքի բազում տարիներ են անժխտելիորեն կապված Հովհաննես Զանազանյան ֆուտբոլիստի անվան և գործի հետ:

Կարդացեք նաև

Մեծ է Հովհաննես Զանազանյանի ավանդը մեր ֆուտբոլի փառահեղ հաղթանակներում, մեր ժողովրդի սիրելի «Արարատի» վերելքներում, և պատահական չէ, որ Հովհաննես Զանազանյանի անվան հետ է զուգակցվում «Արարատի» լեգենդար ավագ տիտղոսը՝ շնորհված ժողովրդի կողմից: Նրա ֆուտբոլը ոգևորության, երջանկության և հպարտության բազում պահեր է պարգևել մեր երկրին և մեր ժողովրդին:

Հովհաննես Զանազանյանն անուրանալի ավանդ ունեցավ նաև նորանկախ Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում՝ իր փորձն ու գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, իր պրոֆեսիոնալ և մարդկային որակները անմնացորդ ծառայեցնելով նորանկախ Հայաստանի ֆուտբոլի զարգացմանը, նոր ֆուտբոլային սերնդի դաստիարակությանը: Շատերի համար էր մեծ բարեբախտություն մարզվել և խաղալ իրենց երբեմնի կուռքի, հայկական ֆուտբոլի լեգենդի ղեկավարության ներքո:

Խորապես ցավակցում եմ Հովհաննես Զանազանյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուներին: Հովհաննես Զանազանյանի անունն ու գործը մշտապես կմնա սերունդների հիշողության մեջ, քանի որ այն այլևս անքակտելիորեն շաղկապված է հայկական ֆուտբոլի պատմությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս