Բաժիններ՝

«Այնքան բացթողումներ կան մեր երկրում, որ Արմենչիկի Վաստակավորի կոչումը չպետք է դառնա երկրի թիվ մեկ թեման»

Երեկ LOFT-ում երիտասարդների հետ հանդիպման էին եկել ավանգարդ-ֆոլկ ոճում ստեղծագործող, մուլտի գործիքավորող, աշխարհահռչակ «Armenian Navi Band» խմբի ղեկավար, «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակի հիմնադիր Արտո Թունչբոյաջյանը: Վերջինս նաև երաժշտական «ՍերԱրտ» նախագծի համահեղինակն է՝ Սերժ Թանկյանի հետ համատեղ:

2006-ին «Armenian Navi Band»-ի հետ Արտո Թունչբոյաջյանն արժանացել է BBC Radio 3 Awards for World Music մրցանակաբաշխության՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակի։ Մրցանակի արժանացել է նաև թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, որին ճանաչում ենք դեռևս «Armenian navi band», ինչպես նաև՝ «Կատուներ» խմբերից: Արտոյի և Արտյոմի հետ հանդիպմանը ներկա էր նաև դաշնակահար, կոմպոզիտոր Վարդան Հովսեփյանը: Ի դեպ, մի քանի օր է, ինչ Արտոյի, Արտյոմի և Վարդանի ստեղծած «Տրիոն» ելույթներ է ունենում Երևանի հայտնի ակումբներից մեկում: Զրույցի սկզբում Արտյոմն անդրադարձավ Սթիվի Ուանդերի հետ իր ելույթին և դրանից հետո տարածված լուրերին: «Նախ՝ ուզում եմ միանգամից ճշգրտում մտցնել Սթիվի Ուանդերի հետ իմ ելույթի շուրջ բարձրացած աղմուկի վերաբերյալ: Նման բան չկար: Սթիվին ուղղակի այդ օրը եկել էր սուրճ խմելու՝ այն նույն սրճարանում, որտեղ մենք նվագում ենք Վարդանի հետ: Ուղղակի Սթիվի Ուանդերն ուզեց նվագել մեզ հետ, և մենք նվագեցինք: Դա հատուկ պլանավորած ելույթ չի եղել: Պարզապես շատ անակնկալ և հաճելի պատահականություն: Դրանից հետո սկսեցին գրել, թե մենք համագործակցում ենք, և այլն…Սակայն ցավոք, նման բան չկա»,- պարզաբանեց Արտյոմը, ով հինգ տարի առաջ մեկնել էր Լոս Անջելես, որտեղ և ստեղծագործում է:

Arto (10) Arto (9) Arto (8)

Հարցին, թե ի՞նչն է կարևորը խմբում աշխատելու համար, դաշնակահար Վարդան Հովսեփյանը պատասխանեց. «Մենք փորձում ենք լինել մաքսիմալ ազատ, ինչն ամենակարևորն է մեր տրիոյի համար: Մեզանից յուրաքանչյուրը երաժշտությունը զգում է յուրովի, իր ներաշխարհով, երաժշտության իր ընկալմամբ, բայց, միևնույն ժամանակ, նվագելիս՝ մենք ամբողջություն ենք կազմում»:

Կարդացեք նաև

Երաժշտական մրցանակների վերաբերյալ խոսելիս՝ Արտո Թունչբոյաջյանը նշեց. «Արվեստի մեջ չկա շահել-չշահել հասկացողություն: Սա սպորտ չէ: Կարևորը մարդն է և իր միտքը: Եթե պիտի ստեղծագործես ինչ-որ մրցանակների արժանանալու համար, ավելի լավ է չզբաղվել դրանով, առհասարակ»:

Հարցին, թե ինչպե՞ս են որոշել երեքով համագործակցել, Արտյոմ Մանուկյանը պատասխանեց. «Տրիոն ստեղծվեց 3 տարի առաջ: Ես արդեն տեղափոխվել էի Լոս Անջելես և նվագում էի Վարդանի հետ, և Արտոն ևս Նյու Յորքում էր: Հանդիպելով, զրուցելով՝ որոշեցինք համագործակցել: Ձայնագրել ենք ձայնասկավառակ՝ Լոս Անջելեսում: Նվագել ենք Լոս Անջելեսում, Բեռլինում, և հիմա արդեն Հայաստանում ենք»:

Մեր հարցին թե ինչո՞ւ, օրինակ, «Armenian Navi Band»-ի կամ այսօր արդեն նաև «Տրիո»-ի ներկայացրած երաժշտությունը կարող ենք լսել միայն ակումբներում: Եվ արդյո՞ք նմանօրինակ երաժշտության հանդիսատեսի թիվը չի բավարարում, օրինակ՝ Մարզահամերգային համալիրում համերգ կազմակերպելու համար, Արտո Թունչբոյաջյանը պատասխանեց.

Arto (7) Arto (4) Arto (3) Arto (2)

«Մեզ համար էական չէ, թե որտեղ ենք նվագում: Մենք կարող ենք ուր ասես նվագել, թեկուզ՝ զուգարանում: Անգամ, եթե մի հոգի է դահլիճում, մենք նվագում ենք հենց նրա համար այնպես, ինչպես կնվագեինք, եթե դահլիճում 10.000 հոգի լիներ նստած: Մեզ համար կարևոր է նվագելիս կիսվել՝ մեզ լսող հանդիսատեսի հետ, մեր երաժշտության ասելիքով: Եթե դահլիճում հավաքված գոնե մեկ հոգու խորքում տեղ գտնի մեր ասելիքը, ինչ-որ մի բան փոխի կամ ավելացնի նրա աշխարհայացքում, ուրեմն իզուր չենք բարձրացել բեմ: Երաժշտությունը միտք է: Եվ այդ միտքը ժամանակ է պահանջում՝ տեղ գտնելու համար բոլորի սրտում»:

Անդրադարձ եղավ նաև Արմենչիկին Վաստակավոր արտիստի կոչում շնորհելուն: Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում Արմենչիկի՝ վաստակավորի կոչմանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը պատասխանեց. «Շատ լավ մարդ է Արմենչիկը: Սիրե՞լ նրա երաժշտությունը, թե՞ չսիրել, արդեն մեզանից յուրաքանչյուրի ընտրությունն է: Մի քանի օր առաջ ընկերներից մեկը կատակով ասաց, որ Արմենչիկին Վաստակավորի կոչում են տվել, քանի որ շատ լավ է վաստակում: Միգուցեև ճի՞շտ է: «Նոկիա» թատրոնում Թոնի Բրեքստոնի և Լեդի Գագայի ֆոտոների կողքին մեր Արմենչիկի նկարն է դրված: Միգուցե նաև դրա համար է նա Վաստակավոր արտիստ կոչվում:

Arto (11) Arto (6)

Ամեն դեպքում ինձ թվում է՝ սխալ էր նրան Վաստակավորի կոչում տալը: Բայց ես, ապրելով Լոս Անջելեսում, որտեղ բնակվում է 1 մլն 500.000 միլիոն հայ, վստահ եմ, որ 1 մլն 475.000-ը կարծում է, որ ես սխալ եմ: Արմենչիկին ու նրա երգերը շատ են սիրում ԱՄՆ-ում: Բայց հաստատ Արմենչիկի կոչումը չէ այսօր Հայաստանի «գերխնդիրը»: 90-ականներից սկսած այդքան բացթողումներ կան մեր երկրում, որտեղ շտկումներ և լուրջ մոտեցումներ են անհրաժեշտ, որ Վաստակավորի կոչումը չպետք է դառնա երկրի թիվ մեկ թեման: Ինձ համար հայ կինոյի վիճակն է շատ ցավոտ, ուսման մակարդակն էլ առանձնապես գովելի չէ: Այնպես որ՝ պետք չէ զարմանալ, որ հենց Արմենչիկն է Վաստակավոր, չնայած որ վերջինիս հետ շատ մոտ եմ, քանի որ նա արտակարգ անձնավորություն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս