Բաժիններ՝

10 հազար դոլար՝ յուրաքանչյուր ռուս զինծառայողի գլխի դիմաց. ահաբեկիչները մարդաորս են հայտարարել

Սիրիայում ռուսական զորքերը երեկվա ավիահարվածներից հետո թիրախ են դարձել իսլամիստական «Ան-Նուսրա ճակատ» խմբավորման անդամների համար, որը հայտարարել է, որ 1 միլիոն սիրիական լիրա կվճարի յուրաքանչյուր պատանդ վերցված ռուս զինծառայողի համար:

Այս մասին իր բլոգում հայտարարել է ռուս լրագրող Իլյա Վառլամովը՝ հղում կատարելով իսլամիստների Twitter-յան գրառումներին:

«Տեղի իսլամիստները, սակայն ոչ ԴԱԻՇ-ը, այլ «Ան-Նուսրա ճակատը», 1 մլն սիրիական լիրա (մոտ 10 հազար դոլար) պարգևավճար են խոստացել ռուս զինվորների պատանդ վերցնելու համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնային խորհուրդը թույլատրեց երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ռուսական զորամիավորումները օգտագործել Սիրիայի տարածքում:

Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ ռուս զինծառայողները հասցրել են առաջին ավիահարվածները ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին՝ իրականացնելով մոտ 20 թռիչք:

Սիրիական ՍԱՆԱ պետական գործակալության տեղեկություններով՝ ռուսական ավիացիան ռմբակոծել է ԴԱԻՇ-ի «որջերը» Ռաստանում, Թել-Բիսում, Զաֆրանիում, Թուլուլ Ալ-Խումրայում, Այդինում, Դեյր-Ֆուլում ու Սալամիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս