Ընտրություն, որից կախված է Հայաստանի գոյությունը

«Այդտեղ ի՞նչ հակասություն կա, իրավունք չունե՞նք և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ՄԱԿ-ի հետ խաղաղապահների միասնական որոշում կայացնել: ՀՀ նախագահը որևէ անգամ չի ասել՝ «կամ-կամ», մենք «և-և»-ի տարբերակն ընդունում ենք»,- «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է բացատրում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն ստեղծելու մասին Դուշանբեում արված առաջարկի և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում միջազգային խաղաղապահ ուժերում ներդրման մասին հայտարարության հակասությունը: Բաղդասարյանը, իհարկե, այլ բան ասել չէր կարող:

Իրականությունն այն է, սակայն, որ հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակում անվտանգության համակարգերի հետ հարաբերություններում «և-և»-ի մասին խոսելը, մեղմ ասած, ծիծաղելի է, իսկ քաղաքականապես՝ անհեթեթ: Ոչ թե այն պատճառով, որ «և-և»-ը, այսինքն՝ բոլոր կենտրոնների հետ հավասարաչափ հարաբերություններ ունենալը, վատ բան է: Ճիշտ հակառակը՝ շատ ցանկալի և դրական մարտավարություն է:

Սակայն ցանկություններն ու իրականությունը միշտ չէ, որ համընկնում են, և տվյալ դեպքում կարևոր է ոչ միայն ու ոչ այնքան՝ այն, որ «մենք «և-և»-ի տարբերակն ընդունում ենք», այլ այն, թե ինչպես է ընդունում դա աշխարհը, մասնավորապես՝ այն կենտրոնները, ում ուղղված է «և-և»-ը: Մենք դրա ականատեսը եղանք 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Արևմուտքը մի քանի ամիս ուշքի չէր գալիս մեկ գիշերվա մեջ կայացված որոշման արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի արմատական փոփոխության՝ Եվրասիական միությանն անդամակցությունից:

Դրանից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները՝ բարձրաստիճաններից մինչև կուսակցության գրասենյակի պահակ, խոսում էին «և-և»-ի մասին, իսկ եվրոպացիներն ու մյուսներն ուղիղ ասում էին, որ «և-և» չի կարող լինել տրամագծորեն հակադիր տնտեսաքաղաքական միավորների հետ հարաբերությունների հարցում: Ավելին՝ եթե Եվրասիական միության ու Եվրոպական Միության հետ հարաբերություններում, չնայած քաղաքական բաղադրիչի առաջնայնությանը, առկա է տնտեսական էական հատված, ապա նույնը չի կարելի ասել ՀԱՊԿ-ի և Եվրաատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին:

«Եվ-և»-ի սկզբունքով Հայաստանը մինչև հիմա, թերևս, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում հասել է առավելագույն մակարդակի: Դրանից ավելին «և-և»-ով, թերևս, հնարավոր չէ, ու պետք է մտածել «կամ-կամ»-ի մասին: Որովհետև մի կողմում Հայաստանին որևէ առարկայական աջակցություն ցույց չտվող ՀԱՊԿ-ն ու Ադրբեջանին ռազմական աջակցություն ցույց տվող Ռուսաստանն է, մյուս կողմում՝ քաղաքակիրթ աշխարհի երկրներին միավորող անվտանգության համաշխարհային համակարգը, որը ղարաբաղյան հակամարտության գործընթացում ոչ միայն ներգրավված չէ, այլև սեփական զորքերն այնտեղ տեղակայելու հավակնություններ չունի:

Ի տարբերություն Ռուսաստանի, որն արդեն անթաքույց կերպով շարժվում է ռուսական զորքերն օր առաջ Լեռնային Ղարաբաղում տեղակայելու նպատակի ուղղությամբ:

Այնպես չէ, իհարկե, որ Հայաստանը հեշտությամբ կարող է կատարել այդ ընտրությունը և, եթե ոչ՝ գիշերային, ապա՝ ցերեկային որոշմամբ անդամակցի ՆԱՏՕ-ին կամ առավել սերտացնի հարաբերությունները վերջինիս հետ: Այս ընտրությունը կախված է ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ Հայաստանից, որքան՝ ՆԱՏՕ-ից, Արևմուտքից՝ ընդհանուր առմամբ:

Ավելի պարզ ասած՝ Արևմուտքը պետք է Հայաստանին ռազմաքաղաքական երաշխիքներ տա առ այն, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացման դեպքում, ինչին ձգտում է նույն Արևմուտքը, կապահովի ոչ միայն՝ Հայաստանի, այլ նաև՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլ առաջին հերթին՝ Ռուսաստանի անուղղակի ոտնձգություններից:

Ակնհայտ է, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը ոչ միայն Հայաստանի իշխանության թուլության ու ռուսահպատակության արդյունքն էր, այլ նաև Եվրոպայի կողմից համապատասխան երաշխիքների բացակայության հետևանք: Հայաստանի իշխանությունը գրեթե բաց տեքստով հայտարարում էր, որ, ի տարբերություն Եվրոպայի, Ռուսաստանն այդպիսի երաշխիքներ է տվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության մասով: Սեպտեմբերի 3-ին հաջորդած երկու տարիները ցույց տվեցին, որ եթե Ռուսաստանը երաշխիքներ տվել էր, ապա տվել էր Ադրբեջանին՝ զենքի լայնամասշտաբ ու անխափան մատակարարումներ ապահովելու և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հրետակոծությունների վրա աչք փակելու հարցում:

Սահմանային ներկայիս լարված դրությունը, տարածաշրջանում առկա նոր իրողությունները, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը, Թուրքիայի ներքին քաոսը և մի շարք այլ գործոններ Հայաստանի համար ստեղծել են երկակի իրավիճակ. մի կողմից՝ մարտահրավերների տեսքով՝ ի դեմս ադրբեջանական ագրեսիայի, մյուս կողմից՝ հնարավորությունների պոտենցիալով՝ Արևմուտքի հետ ինտենսիվ աշխատելու և ռուսական ազդեցությունը գոնե թուլացնելու իմաստով: Կկարողանա՞ օգտագործել Հայաստանի իշխանությունն այս իրավիճակն այնպես, որ մարտահրավերները վերածվեն նոր հնարավորությունների, ուրեմն Հայաստանը կկարողանա հաղթանակած դուրս գալ այս խաղում: Հակառակ դեպքում՝ կորցնելով այս հերթական հնարավորությունը, Հայաստանն էլ ավելի խորը կընկղմվի ռուսական կայսերապաշտության ճիրաններում՝ դրանից բխող պետականակործան հետևանքներով:

Տեսանյութեր

Լրահոս